«Եկեք ամեն մեկս մտածենք, որ վերմակը մեր վրա քաշելուց առաջ պետք է այնպես անել, որպեսզի դիմացինին էլ տաք լինի»

Հարցազրույց հեռուստառադիո հաղորդավար Եգոր Գլումովի հետ

– Ձեր մուտքը ռադիո՝ բողոքով սկսվեց, հաջողվե՞ց Ձեզ այս տարիների ընթացքում փոխել այն, ինչի դեմ բողոքում էիք:

– Ամեն բան սկսվեց նրանից, որ մի օր ընկերներով մեր տանը հավաքված խոսում էինք ռադիոներից, և ես ասացի, որ ռադիոն ինձ դուր չի գալիս: Մեզ հետ էր նաև կնոջս ընկերներից մեկը, ով այն ժամանակ աշխատում էր ռադիո «Վանում»: Եվ որպեսզի նա չնեղանար իմ խոսքերից, հաջորդ օրը ես եկա ռադիո և ասացի իմ դժգոհությունների մասին Շուշանիկին: Նա ինձ հարցրեց, թե ես ի՞նչ կարող եմ առաջարկել: Այն ժամանակ ես և՛ ծառայում էի, և՛ աշխատում: Սկզբում ոչինչ չառաջարկեցի, բայց հետո եկա ռադիո, և այն ինձ շատ դուր եկավ: Արդեն 12 տարի է` ես ռադիոյում եմ: (12 տարի արդեն անցել է, ինչքան շուտ անցավ): Իմ բողոքը հիմնականում վերաբերում էր ռադիոհաղորդավարների ցուցաբերած սխալ մոտեցմանը, մատուցվող, իմ կարծիքով՝ սխալ երաժշտությանը: Ասում են, որ այս ամենն այսօր փոխվել է:

– Այսօր այն, ինչ մատուցվում է հեռուստառադիո եթերներից, Ձեզ դո՞ւր է գալիս:

– Մեզ մոտ ռադիո օրական, լավագույն դեպքում՝ մի քանի, իսկ վատագույն դեպքում՝ ավելի շատ մարդ է գալիս և համոզված ասում, որ կարող է հաղորդում վարել: Նրանցից ոմանք էլ ասում են, որ բացի հաղորդման ծրագրից, ունեն նաև իրենց հաղորդման հովանավորները: Կան ռադիոընկերություններ, որոնք ընդունում են նման մարդկանց, բայց մեզ մոտ՝ «Ռադիո Վանում», դա չի գործում: Հնարավոր է՝ որևէ մեկի պապան լուսամուտների արտադրություն ունի ու պատրաստ է հովանավորել մի հաղորդում, որի վարողը պետք է իր երեխան լինի: Մեզ մոտ նման բան չկա: Կան մի շարք կարևոր հանգամանքներ, որոնց հաղորդավարը պետք է տիրապետի: Հաղորդավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն, խորը գիտելիքներ, լինի տեղեկացված և ունենա կյանքի մեծ փորձ: Այդ ամենը ձեռք են բերում տարիների ընթացքում: Մեզ մոտ ամենաերիտասարդ հաղորդավարը 25 տարեկան է:

– Ի՞նչ կարող եք ասել հեռուստառադիո հաղորդավարներ պատրաստող դպրոցների մասին, որոնք այսօր շատ մոդայիկ են դարձել:

– Երբ խոսում էի կրթության մասին, ես չէի խոսում այդ դպրոցների տված կրթության մասին: Ես ոչ մի այդպիսի կրթույթուն չունեմ, և չեմ ճանաչում իմ կոլեգաների մեջ որևէ մեկին, ով ավարտել է այդ դպրոցները: Մեզ մոտ շատերը գալիս են պրակտիկայի, շատերին օգնում ենք,  սովորեցնում, բայց  միևնույն ժամանակ՝ հասկանում ենք, որ մարդիկ իզուր ժամանակ են վատնում: Դուք կարո՞ղ եք վիրաբույժ աշխատել: Ինչի՞ է մարդկանց թվում, որ յուրաքանչյուրը կարող է աշխատել ռադիոհաղորդավար: Ինչի՞ է յուրաքանչյուր աղջկա թվում, որ եթե նա ունի գեղեցիկ ժպիտ, լավ արտահայտված բարեմասնություններ՝ կարող է հեռուստատեսությունում աշխատել, այդպես չպետք է լինի:

– Այսօր թե՛ ռադիոընկերությունները, թե՛ հեռուստաընկերությունները շատ են, միգուցե նոր կադրերի կարի՞ք կա:

– Նախ՝ ես չեմ հասկանում, թե ինչու են գոյատևում այդքան շատ հեռուստառադիո ալիքները:  Իմաստն ինչո՞ւմն է: Եթե այսօր ռադիոն իրեն չի կարողանում արդարացնել, ինչո՞ւմն է այդ բոլորի՝ եթերում լինելու իմաստը: Շատ հեռուստառադիո ընկերություններ այսօր գոյատևման խնդիր ունեն:

– Միգուցե մոտ ապագայում ոլորտը «մաղվի», և մնա միայն էլեկտրոնային մամուլը:

– Երբ կինեմատոգրաֆը ծնվեց, բոլորն ասում էին, որ թատրոնը կվերանա, բայց այդպես չեղավ, նույնն էլ ռադիոյի պարագայում է: Այն միգուցե գնա նաև ինտերնետ, և մենք այսօր ինտերնետում կանք: Մեզ կարող են տեսնել, կարող են լսել, քննարկումներ կազմակերպել մեր ինտերնետային պաշտոնական էջերում: Իսկ ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, միգուցե նման բան լինի: Ես հեռուստատեսությամբ նայում եմ միայն սպորտային խաղեր, երբեմն՝ նաև ֆիլմեր: Այն ինձ չի հետաքրքրում, և ես հասկանում եմ, որ այն նորությունները, որ տրվում են հեռուստատեսությամբ՝ պատվիրված են: Գոյություն ունի ինտերնետ՝ ինֆորմացիաների անկախ աղբյուրներ, որոնցից կարելի է տեղեկատվություն ստանալ:

– Ռադիոյի առավելությունը, ըստ Ձեզ՝ ո՞րն է, ինչո՞ւ պետք է մարդն այսքան լրատվամիջոցների մեջ ընտրի ռադիոն:

– Ռադիոն անկեղծ է: Մենք կարող ենք գալ անթրաշ, կեղտոտ շորերով, մի նասկիով, բայց դա կարևոր չէ: Մեզանից միայն պահանջվում է բարձր տրամադրություն և անկեղծություն: Հանրությունը պետք է զգա քո անկեղծությունը, պետք է կարողանաս քո ունկնդրին փոխանցել բարձր տրամադրություն: Երբ Սոչիում օդանավն ընկավ, մենք 3 օր եթերում չէինք ոչ միայն այն պատճառով, որ ամբողջ ազգն էր սգում, այլ նաև այն պարզ պատճառով, որ մենք ուղղակի չէինք կարող եթեր մտնել ժպիտները դեմքներիս, ուրախ ու պատրաստ՝ ունկնդրին բարձր տրամադրություն հաղորդելու: Մենք ամեն անգամ եթեր մտնելուց առաջ թողնում ենք մեր բոլոր խնդիրները դրսում: Մենք էլ ենք այս երկրում ապրում և մենք էլ շատ խնդիրներ ունենք, բայց ունկնդիրը դա չպետք է տեսնի, եթերում դա չպետք է երևա:

– Ամեն աշխատանքային օր, առավոտյան, ռադիո «Վանի» ուղիղ եթերում հումորային հաղորդում է: Այսօր մարդիկ կարողանո՞ւմ են ընկալել Ձեր հումորները:

– Հաճախ մարդիկ չեն հասկանում մեր հումորները: Օրինակ, այսօր մենք զանգահարել էինք մեկին ու շատ լուրջ խնդրում էինք իրեն՝ դառնալ Հռոմի պապ, և նա համաձայնեց: Մարդը հումորի զգացում չուներ: Մենք նաև դրա դեմ ենք պայքարում, շուտով կուսակցություն ենք ստեղծելու՝ «Առողջ հումորի կուսակցություն» (ծիծաղում է.- Ա.Ղ.):

– Իսկ ովքե՞ր կարող են անդամագրվել Ձեր կուսակցությանը:

– Բոլորը՝ դաշնակները, Լևոն Տեր-Պետրոսյանի կողքի մարդիկ, եթե հումորի առողջ զգացողություն ունեն… Մի խոսքով՝ մեր դռները բաց են լինելու բոլոր հումորասերների համար:

– Ի՞նչ եք կարծում, մեր քաղաքական գործիչները կամ նրանց համախոհները հումորի տեսանկյունից  կհամապատասխանե՞ն Ձեր ստեղծվելիք կուսակցության որդեգրվելիք սկզբունքներին:

– Մեր քաղաքական գործիչներին այսօր հումորը շատ է պակասում, մարդիկ հումորի զգացում չունեն: Մի քիչ Րաֆֆի Հովհաննիսյանն է ժպտում և, երևի, անկեղծ: Բայց գիտեք, ես երևի ստեցի՝ ասելով, որ մեր քաղաքական գործիչները հումորի զգացում չունեն: Վերջին շրջանում, երբ զայրացած եմ լինում և միացնում եմ հեռուստատեսությունը՝ մեր հրաշալի յոթնյակի արտահայտած մտքերից տրամադրությունս բարձրանում է:

Մարդիկ շատ լուրջ դեմքերով այնպիսի բաներ են ասում, որ ծիծաղդ գալիս է:  Իսկ ամենածիծաղելին այն է, որ մարդիկ հավատում են իրենց ասածներին:

– Քաղաքականության մեջ է՞լ ինչն է Ձեզ համար հետաքրքիր:

– Ես քաղաքականությամբ առհասարակ չեմ հետաքրքրվում: Ես միշտ գիտեի, որ քաղաքակությունը կեղտոտ միջավայր է և ամեն մարդու համար չէ: Դա միայն Հայաստանում կամ Ռուսաստանում չէ այդպես, այդ ամենը գալիս է վաղ անցյալից՝ Հին Հռոմից, Եգիպտոսից: Մարդիկ միշտ ստել են, կեղծել են՝ իշխանության գալու համար: Դա մեր հասարակության թերություններից մեկն է: Բոլոր «իզմ»-երն ու «ատյա»-ները շինծու են, հորինած: Դրանք պարզապես կան մեր կյանքում, դրա դեմ ոչինչ անել չես կարող: Ես ուղղակի համոզված եմ, որ յուրաքանչյուր երկրում նախագահ ընտրված մարդու գլխին չի կարելի ցեխ ու ջուր լցնել: Եթե մեկը գա, ինձ վաղն ասի, որ ինձ տալիս է 10 մլն դոլար՝  նախագահ աշխատելու համար, ես չեմ աշխատի: Դա մեծ պատասխանատվություն է, և ես դա անել չեմ կարող: Մենք ուղղակի պետք է հարգենք ու սիրենք այն մարդկանց, ովքեր ներկայացնում են մեր երկիրը:

Պետք չի հենց այնպես փնովել ինչ-որ մեկին, մեզանից ամեն մեկը յուրաքանչյուր առավոտ արթնանալիս պետք է փորձի ինչ-որ բարի բան անել իր երկրի համար: Մեզանից յուրաքանչյուրը նախ՝ ինքն իրեն պետք է հարցնի, թե ինչ է անում իր երկրի համար, հետո նոր՝ մտածի դիմացինի գրպանը մտնելու ու նրա փողերը հաշվելու մասին: Եթե դու 10.000 դրամ հարկ ունես վճարելու՝ վճարի, մի մտածի, որ ինչ-որ օլիգարխ իր 1 մլն դոլարի հարկը չի մուծել: Դու քո բաժինը վճարի, հետո նոր մտածի մարդու չվճարած միլիարդների մասին: Եկեք ամեն մեկս մտածենք, որ վերմակը մեր վրա քաշելուց առաջ պետք է այնպես անել, որ դիմացինին էլ տաք լինի:

– Որքան մարդն ապրում է, այնքան նպատակներն ու ձգտումները շատանում են: Ձեր նպատակն այսօր ո՞րն է:

– Բնական է, որ մարդիկ ապրելով, ինչ-որ հաջողությունների հասնելով՝ ավելիին են ձգտում: Եթե դու նախկինում երազում էիր ամունանալ ու լավ ընտանիք ունենալ, ապա հետո արդեն երազում ես ընտանիքիդ հետ ինչ-որ հաճելի վայրում հանգստանալու մասին: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքին, ապա արդեն երկար տարիներ ես ցանկանում եմ մի հեռուստատեսային հաղորդում պատրաստել մեր երկրի տեսարժան վայրերի ու պատմամշակութային արժեքների մասին: Բայց, ցավոք սրտի, մեր հեռուստատեսություններն այսօր ցանկանում են քիչ փողով ախմախ սերիալներ նկարել: Դա իմ չիրականացած երազանքներից մեկն է, բայց ես հույս ունեմ, որ մի օր կկարողանամ իրականացնել: Ռադիոյի բնագավառում ամեն ինչ ավելի հեշտ է: Մենք անում ենք այն, ինչ ցանկանում ենք: Դա գալիս է մեր Շուշանիկից: Նա ունի շատ հետաքրքիր մտածողություն, որ ստրուկը երբեք ազատ չի կարող լինել:  Արարող մարդը երբեք չի կարող կաղապարների մեջ լինել, նրան պետք է ազատ թողնես, որ կարողանա արարել, ստեղծել: Նա այդ ազատությունը մեզ տալիս է՝ մտածելով, որ մեր ներքին գրաքննությունը մեզ թույլ չի տա վատ բան անել:

– Որոշ ժամանակ առաջ հեռուստատեսությամբ հաղորդում էիք վարում, հիմա ՝ոչ:

– Հեռուստատեսային հաղորդումներ վարելու առաջարկներ էին լինում, ես էլ մտածում էի՝ ընդունե՞մ, թե՞ ոչ: Ես  ազատ ու երջանիկ մարդ եմ այն առումով, որ ես չեմ հեռուստատեսություններին ինչ-որ ծրագրի առաջարկով դիմել, նրանք են ինձ դիմել: Որ հեռուստաընկերությունում աշխատել եմ, միշտ ես եմ թելադրել իմ պայմանները՝ թե՛ ֆինանսական, թե՛ ֆորմատի տեսանկյունից: Երևի հենց դրա համար էլ այդ ծրագրերը շատ սիրված էին: Արված հաղորդումները հիմնականում ազատ ոճի մեջ էին: Ասում էինք այն, ինչ մտածում էինք, ինչ ուզում էինք ասել, մեզ հյուր էին գալիս այնպիսի մարդիկ, ովքեր մեզ համար հաճելի էին, իսկ նրանք, ովքեր մեզ հաճելի չէին՝ ծրագրի ընթացքում դա նրանց ցույց էինք տալիս:

– Այն փաստը, որ  հաղորդումները,  տարատեսակ երեկոները վարում են մի քանի հայտնի հաղորդավարներ, արդյո՞ք վկայում է, որ մենք  նոր ու որակյալ կադրեր չունենք:

– Մարդիկ միգուցե այլընտրանք չունեն կամ մտածում են, որ չունեն: Բացի դա էլ՝ մեզ մոտ փորձած թանն անփորձ մածունով չփոխարինելու սկզբունքը կա: Այսօր մեր հասարակության մեջ շատ լավ մտքերով, շատ հետաքրքիր գաղափարներով ու աչքերով երիտասարդներ ունենք: Նրանց պետք է ոգևորել ու առաջ տանել: Սկսած տաքսու վարորդից, վերջացրած կարող ուժերով՝ պետք է տաղանդավոր մարդկանց առաջ տանենք, մեծ հարթակների հասնենք: Մի ժամանակ «Ռեինկարնացիա» խմբին ոչ ոք չէր ճանաչում, բայց լավ մարդկանց շնորհիվ՝ այսօր նրանք կան ու ճանաչելի են հայ հասարակության լայն զանգվածների կողմից, ու լավ է, որ մարդկանց շնորհիվ՝ նրանք ընդհատակ չանցան ու շարունակում են ուրախացնել մեզ: Նույնը պետք է լինի բոլոր տաղանդավոր մարդկանց դեպքում:

Տեսանյութեր

Լրահոս