Վթարի մեղավորը ոչ թե «Հունդայի» վարորդն է եղել, այլ բեռնատարի (լուսանկարներ)
Ինչպես փետրվարի 12-ին հայտնել էր shamshyan.com-ը, այդ օրը՝ կեսօրին, Երևանի Խանջյան փողոցում բեռնատարը բախվել էր իր առջևով անթույլատրելի շրջադարձ կատարող «Հունդայի» մակնիշի 33 VL 804 համարանիշի ավտոմեքենային և, բարեբախտաբար, զոհեր և վիրավոր չեն եղել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության հետաքննչական բաժնում նախապատրաստված նյութերի ընթացքում պարզվել է, որ մեղավորը եղել է ոչ թե «Հունդայի» վարորդը, այլ «Դաֆֆ» մակնիշի 289 ՍԼ 64 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Երևանի բնակիչ 51-ամյա Արտուշ Մելիքյանը:
Այդ օրը՝ ժամը 12:40-ի սահմաններում, երբ «Հունդայի» մակնիշի վարորդ, Երևանի բնակիչ 48-ամյա Ռուզաննա Գալստյանը երթևեկելիս է եղել աջ եզրային գոտով, ինչը թույլատրելի է, «Դաֆֆ» մակնիշի բեռնատարը միաժամանակ զբաղեցրել է 2-րդ և մասնակի աջ եզրային գոտի և այդ ժամանակ բեռնատարն իր առջևի աջ անկյունային մասով բախվել է «Հունդայի» ավտոմեքենայի ձախ կողային մասին, շեղել է «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան ժամ սլաքի հակառակ ուղղությամբ և հրելով որոշակի տարածություն, կանգնել է: Վթարի վայր ժամանած 1-ին սպայական գումարտակի և ՃՈ հետաքննչական բաժնի հետաքննիչը պարզել է, որ վարորդները եղել են սթափ, իսկ Ա. Մելիքյանը ընդունել է, որ վթարի մեղավորն ինքն է եղել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ըստ տեղեկությունների, «Հունդայի» վարորդի վնասի փոխհատուցումը կատարվելու է «Դաֆֆ» մակնիշի բեռնատարի ապահովագրական ընկերության կողմից: Ի դեպ, բեռնատարը հաշվառված է «Տրանս ՍՊԸ»-ի հաշվեկշռում: Shamshyan.com-ը հայտնում է, որ առաջին լուրի տեղադրված տեղակատվությունը վերցվել էր վթարի վայրում և լուրի անճշտության համար հայցում է իր ընթերցողների ներողամտությունը: