Հանրապետականը կպատժի սեփական արջերին

«Հանրապետական կուսակցությունը դահլիճներ լցնելու կարիք չունի»,- վստահ է ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը: «Դեբատ» ակումբում այսօր կազմակերպված բանավեճի ժամանակ Լեռնիկ Ալեքսանյանի այս մտքին հակադարձեցին քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը և «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը: Վիգեն Խաչատրյանը հիշեցրեց թիվ 192 դպրոցի տնօրենի ելույթը՝ ուղղված ուսուցիչներին, ըստ որի` տնօրենը հայտարարում էր, որ իրենք պետք է անպայման ընտրեն Սերժ Սարգսյանին:

Դրան ի պատասխան՝ Լեռնիկ Ալեքսանյանն ասաց. «Արջի ծառայություն մատուցողներ միշտ էլ եղել են: Հանրապետության նախագահի հիմնական խոսքն էլ հենց դա է, որ արջի ծառայություններ չմատուցեն: Որևէ մեկը նման մարդկանց չի հանձնարարել նման հայտարարութուններ անել»: Իր հերթին՝ Ստյոպա Սաֆարյանը հայտարարեց, որ նման մարդկանց պետք է ազատել աշխատանքից, որովհետև «համակարգում պետք չէ, որ արջեր աշխատեն»: Սաֆարյանի դիտարկմանն ի պատասխան՝ ՀՀԿ-ական պատգամավորը համոզված հայտարարեց. «Ընտրություններից հետո արջի ծառայություն մատուցողները, կտեսնենք, թե ինչպես կպատժվեն: Հիմա են նկատողություն տվել, հետո կտեսնեք… Օրենք խախտելու կարիք կուսակցությունը և նախագահը չունի: Մարդիկ հավաքելու կարիք ևս չունեն»:

«Ունեք, շատ ունեք, պարոն Ալեքսանյան»,- ի պատասխան ՀՀԿ անդամի՝ արձագանքեց Ստյոպա Սաֆարյանը: Քաղաքագետ Վիգեն Խաչատրյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է գրում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավների ճառերը, որոնց ժամանակ հնչած արտահայտությունները վերջին շրջանում շատերին դուր չեն գալիս, ինչին ի պատասխան՝ Ալեքսանյանն ասաց, թե նախագահն իր ճառերն անձամբ է գրում: Քաղաքագետը նշեց, որ թեկնածու Սերժ Սարգսյանը բավարար չափով չի հանդիպում ընտրողների հետ, անգամ կազմակերպում է «փակ հավաքներ, որտեղ ներկա են գտնվում միայն ընտրյալ մարդիկ»: Վիգեն Խաչատրյանը խոստովանեց, որ թեկնածուների քարոզարշավի հավասար անցկացման հնարավորություններն ավելի շատ են, ինչը պետք չէ, սակայն, ըստ նրա, դիտել՝ որպես «իշխանության ողորմություն»:

«Պայմանները ստեղծվել են, բայց ինչո՞ւ: Ցանկալի կլիներ, որ Սերժ Սարգսյանը օրինակ ընտրեր մի քանի լրագրողների և պատասխաներ նրանց հարցերին. Ճառերի փոխարեն կատարկներ աներ, պատասխաներ: Ժողովուրդն էլ, տվյալ դեպքում, կկարողանար կողմնորոշվել: Կամ կազմակերպվեր բանավեճ գոնե այն թեկնածուների միջև, ում համարում է հիմնական: Իսկ եթե այս պայմանները չեն ապահովվում, նշանակում է, որ արդյունքները կանխորոշված են: Ընտրարշավում ստեղծված հնարավորություններից չօգտվելն արհամարհանք է հասարակության նկատմամբ»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս