
Ի՞նչ կարևոր է դագաղի բանտիկը սիրո՞ւն է, թե՞ սիրուն չէ

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում թույլ տրված սխալներ կամ վրիպակներ չի տեսնում: Այս մասին Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց «Դեբատ» ակումբում կազմակերպված բանավեճի ժամանակ:
Նա նշեց, թե ափսոսում է, որ նախագահի կատարած դրական քայլեն էլ չեն գնահատվում ընդդիմության կողմից: «Մարդիկ ընդդիմությանն էլ չեն հավատում, ինչո՞ւ, որովհետև դրական քայլերն էլ չեն տեսնում: Եթե լավին էլ եք վատ ասում, վատին էլ եք լավ ասում Ձեր ասածը չի հնչում»,- դիմելով բանավեճին ներկա «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանին՝ ասաց ՀՀԿ անդամը:
«Եթե թաղում է, ի՞նչ կարևոր է դագաղի բանտիկը սիրո՞ւն է, թե՞ սիրուն չէ»,- հակադարձեց Ստյոպա Սաֆարյանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտնի արտահայտությանը, թե՝ «եկել ես ստեղ, որ ինչ անես», Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ նախագահը ժողովրդի հետ ազատ խոսելու իրավունք ունի: «Երբ անհատի հետ խոսելիս նախագահը ժողովրդական բառեր է օգտագործում, այդտեղ որևէ բացասական երևույթ չկա: Դա երկխոսություն էր, որի ընթացքում նախագահն իրեն թույլ տվեց հավասարը հավասարի պես խոսել մարդկանց հետ: Սա ավելի լավ է, քան արհեստական ժպիտը դեմքին խոսես, հետո արհամարհես»,- մասնավորեցրեց նա: