Գագիկ Ծառուկյանն առաջնորդվում է «ոչ նալին, ոչ մեխին» սկզբունքով. մամուլ
«Օսկանյան-Ծառուկյան վերջին շրջանում լարված հարաբերությունները, որ կապված էին Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործի առնչությամբ Ծառուկյանի և ԲՀԿ պահվածքի հետ, տեղատվություն են ապրել»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Ինչպես տեղեկացնում են ԲՀԿ-ին մոտ կանգնած մեր «աղբյուրները», նրանք վերջերս «լավ բարիշել են»: Ըստ նույն աղբյուրների` Ծառուկյանի մոտ, ոչ նախկին ինտենսիվությամբ, շարունակվում է անկումային տրամադրությունը, նա դեռևս ցանկություն չունի հավաքելու իր կուսակցական ակտիվին` քննարկելու այդպես էլ պատասխան չստացած մի շարք հարցեր, ավելին` առաջին անգամ ԱԺ մտած Ծառուկյանի այցը հույս է արթնացրել խմբակցության պատգամավորների մոտ, որ վերջապես նա ֆրակցիայի նիստ կհրավիրի, ինչը դեռ չի արդարացել:
Ծառուկյանն այս փուլում առաջնորդվում է «ոչ նալին, ոչ մեխին» սկզբունքով, տեղեկացնում են նրա մտերիմները: Նա երկու նախագահների` Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ փորձում է պահպանել բալանսը. Սերժ Սարգսյանի հետ` Հովիկ Աբրահամյանի միջոցով, Ռոբերտ Քոչարյանի հետ՝ անձամբ»: