Նախկին նախարարներից ովքե՞ր են աջակցում իրենց վարչապետ Բագրատյանին (լուսանկարներ)

Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուներից մի քանիսը տարբեր ժամանակներում զբաղեցրել են պետական բարձր պաշտոններ ՀՀ կառավարությունում, ինչպես, օրինակ, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին եղել է և՛ Պաշտպանության, և՛ Ազգային անվտանգության, և՛ Ներքին գործերի նախարար, Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է ՀՀ առաջին արտգործնախարարը, իսկ մեկ այլ թեկնածու` «Ազատություն» կուսակցության նախագահ և ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, ինչպես հայտնի է 1993-96 թթ.` Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին, գլխավորել է ՀՀ կառավարությունը, իսկ մինչ այդ` 1990-93 թթ., նա կառավարության նախագահի առաջին տեղակալն էր և Էկոնոմիկայի նախարարը: Այս փաստն ինքնին առաջացրեց հետաքրքրություն` պարզելու, թե շուրջ 20 տարի անց նախկին վարչապետի կաբինետի անդամներից ովքե՞ր են մինչ օրս կիսում Հրանտ Բագրատյանի հայացքները, ովքե՞ր են մնացել նույն քաղաքական ճամբարում և ովքե՞ր են փոխել այն: Իհարկե, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` մենք չկարողացանք կապվել 1993-96 թթ. ՀՀ բոլոր նախարարների հետ, սակայն կփորձենք ներկայացնել մեծամասնության կարծիքները Հրանտ Բագրատյանի և նրա թեկնածության առաջադրման վերաբերյալ:

AP70463 copy
Եվ այսպես. Աշոտ Բլեյան -1994-95 թթ. Լուսավորության նախարար: Աշոտ Բլեյանը, ով այսօր ղեկավարում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, մեզ հետ զրույցում չասաց, թե աջակցելո՞ւ է Հրանտ Բագրատյանին որևէ կերպ, թե՞ ոչ` նշելով, որ ինքն ընդամենը մեկ ձայն ունի և առայժ փորձում է հետևել և ծանոթանալ թեկնածուների ծրագրերին: Սակայն միաժամանակ նա ավելացրեց. «Ես գնահատում եմ Բագրատյանին և կարծում եմ`հետաքրքիր է իրեն, իր առաջարկներն ու մոտեցումները լսելը հատկապես այսօր: Ընդհանրապես հիմա ելքերի առաջադրման և լուծումների փնտրման շրջան է: Այդ առումով` հետաքրքիր է, առանց իրեն` այս նախագահական ընտրությունները շատ ավելի անհետաքրքիր կլինեին»:

AP70527 copy
Դավիթ Զադոյան-1993-96 թթ. Պարենի և մթերումների նախարար: Պարոն Զադոյանը նույնպես բավական դրական արտահայտվեց Հրանտ Բագրատյանի մասին` ասելով, որ շատ է հարգում նրան և գտնում է, որ ինքն իրոք արդեն պատրաստ է նախագահ դառնալու, բայց միաժամանակ կարծիք հայտնեց, որ նրա համար շատ դժվար է լինելու, և չի կարողանա հաղթահարել այդ արգելքը: Մեր հարցին, թե ինչո՞ւ չի կարողանա, Դավիթ Զադոյանը պատասխանեց. «Որովհետև այդքան ձայն չի հավաքի: Չգիտես` ինչու, մեր ժողովուրդը փոքր միջադեպերը շատ լավ հիշում է, իսկ լավ արած գործը` մոռանում: Որին խոսեցնում ես, բոլորին թվում է, թե սեփականաշնորհումը, որն արեց Հրանտը, բոլորիս պատժեց, այնինչ պետք է ընդունեն` որպես դրական քայլ, բայց չեն ընդունում: Եվ երկրորդը` անընդհատ հիշում են, որ ասաց` «կովերի ամուսին» կամ «Մարլբորո եմ ծխում, որովհետև երեքաստղանի հյուրանոցում եմ ապրում», ճղճիմ բաները մեր ժողովրդի մեջ ավելի լավ է նստում, քան լավ գործերը»: Ի դեպ, Դ.Զադոյանն ասաց, որ իր ձայնը տալու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին, որովհետև եղել է Հանրապետական կուսակցության անդամ, և կարծիք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում:

AP70451 copy
Վահե Ստեփանյան -1991-96 թթ. Արդարադատության նախարար: Վերջինս «168 ժամի» հետ հարցազրույցում ասաց, որ ընդհանուր առմամբ` դրական է վերաբերվում Հրանտ Բագրատյանի թեկնածությանը: «Ես ծանոթ եմ իր նախընտրական ծրագրին, նորմալ և շատ կոնկրետ ծրագրեր է ներկայացնում»,- նշեց նա: Իսկ երբ մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք աջակցելո՞ւ է նախկին վարչապետին որևէ կերպ, Վ. Ստեփանյանը պատասխանեց. «Ես քաղաքական դաշտում չկամ ոչ մի կերպ և միշտ աշխատել եմ չլինել»: Վ. Ստեփանյանն ասաց, որ ծանոթ է միայն Հրանտ Բագրատյանի և Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագրերին «մի պարզ պատճառով, որ Բագրատյանն ամեն անգամ շատ մանրամասն ներկայացնում է իր ծրագրերը, իսկ գործող նախագահինն էլ` այն պատճառով, որ տեսնում է նրա ելույթները, հիմնական անելիքները»: Խոսելով մյուս թեկնածուների մասին` Արդարադատության նախկին նախարարն Անդրիաս Ղուկասյանի մասին կարծիք հայտնեց, որ միգուցե նա քաղաքացիական հասարակության ակտիվ անդամ է, սակայն, ըստ նրա, «նախագահ լինելու համար շատ այլ հատկանիշներ են պետք»: «Իմիջիայլոց, ես կասկածում եմ, որ այդ հատկանիշներն ունի նաև Հայրիկյանը. չնայած ես հարգում եմ նրան, հարգում եմ նրա դերն այս երկրի կյանքում` ինչ եղել է հիմնականում անցյալում, բայց նրան էլ ես չեմ պատկերացնում նախագահի դերում: Րաֆֆի Հովհաննիսյանին ես կպատկերացնեի լավ նախագահ, եթե մեզ մոտ լիներ խորհրդարանական հանրապետություն»,- ասաց նա: Իսկ մեր հարցին, թե Բագրատյանին տեսնո՞ւմ է նախագահի դերում, Վ.Ստեփանյանը պատասխանեց. «Բագրատյանին ավելի շատ եմ տեսնում այդ դերում»:

AP69787 copy
Վահան Փափազյան – 1993-96 թթ. Արտաքին գործերի նախարար: Ի տարբերություն վերոհիշյալ նախարարների, Վահան Փափազյանն ավելի սակավախոս գտնվեց` նշելով, որ չի ցանկանում քաղաքական որևէ հարցի անդրադառնալ և չի խոսում «անձերի մասին»: Նմանատիպ պատասխան տվեց նաև 1991-94 թթ. Բնապահպանության և շրջակա միջավայրի նախարար Կարինե Դանիելյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել որևէ թեկնածուի:

Atomakayan Hrant Bagratyan
Այս շարքին կարելի է դասել նաև 1993 -97 թթ. Ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանին, ով նույնպես չցանկացավ խոսել քաղաքական թեմաներով, 1993-95 թթ. Պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Արմենակ Ղազարյանին, ով մեզ հետ զրույցում ասաց, որ արդեն վաղուց չի տալիս հարցազրույցներ, 1991-97 թթ. Առողջապահության նախարար, իսկ այժմ` Արաբկիր բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՀԿ-ական պատգամավոր Արա Բաբլոյանին, ով առանձնապես չփայլեց բարյացակամությամբ, ինչպես նաև 1993-95 թթ. Էկոնոմիկայի նախարար Արմեն Եղիազարյանին, ում զարմանալիորեն զարմացրեց մեր հարցը`ինչպե՞ս եք վերաբերվում Հրանտ Բագրատյանի թեկնածության առաջադրմանը նախագահական ընտրություններում: Նշենք, որ վերջինս այժմ նույնպես աշխատում է կառավարությունում:

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կառավարության առանցքային անդամների թվում կարելի է դասել այսօր էլ քաղաքական ակտիվ գործիչ Դավիթ Շահնազարյանին, ով 1994-95թթ. զբաղեցրել է ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնը: Ի դեպ, կարելի է նկատել, որ այս երկու գործիչների քաղաքական կենսագրություններն ունեն որոշ նմանություններ, քանի որ և՛ Դավիթ Շահնազարյանը, և՛ Հրանտ Բագրատյանը ոչ վաղ անցյալում եղել են Հայ ազգային կոնգրես դաշինքի առանցքային դեմքերից, սակայն, ինչպես հայտնի է, Շահնազարյանը դեռևս նախորդ տարի դուրս եկավ ՀԱԿ-ի կազմից, իսկ Հրանտ Բագրատյանը, թեև այժմ ԱԺ «ՀԱԿ» խմբակցության անդամ է, սակայն արդեն հայտնի է, որ նրա գլխավորած «Ազատություն» կուսակցությունը չի միանալու ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությանը` ՀԱԿ-ը վերածել մեկ միասնական կուսակցության: Ինչ վերաբերում է Բագրատյանի վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի կարծիքին, ապա նշենք, որ ՀՀՇ հիմնադիր անդամ Դավիթ Շահնազարյանը դեռևս հունվարի 28-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում խոսել է այդ մասին և նշել, որ այս նախագահական ընտրություններին քաղաքականապես չի սատարելու որևէ թեկնածուի, քանի որ «չկա ընդգծված ընդդիմադիր թեկնածու, ով ձեռնոց է նետել իշխանության թեկնածուին», սակայն քվեարկելու է Հրանտ Բագրատյանի օգտին:

Hrant Bagratyan
Ի տարբերություն Դավիթ Շահնազարյանի` ՀՀՇ մեկ այլ ներկայացուցիչ, ավելի ճիշտ վարչության անդամ Լևիկ Խաչատրյանը, ով Բագրատյանի վարչապետության տարիներին զբաղեցրել է Առևտրի նախարարի պաշտոնը, փաստեց, որ ինքը, ժամանակակից քաղաքական տերմինով ասած, միանգամայն այլ «գծի» մեջ է, և ի պատասխան Հրանտ Բագրատյանին աջակցելու վերաբերյալ հարցի` հղում կատարեց նախագահական ընտրությունների վերաբերյալ ՀՀՇ-ի և ՀԱԿ-ի ընդունած որոշումներին` չսատարել որևէ մեկի թեկնածությանը:
Ներկայացնենք ՀՀՇ ևս մի ներկայացուցչի` Շահեն Պետրոսյանի կարծիքը Հրանտ Բագրատյանի և նրա թեկնածության վերաբերյալ: Նշենք, որ Շահեն Պետրոսյանը 1990-ականներին նույնպես կառավարության կազմում էր և 1993-95 թթ. եղել է ՀՀ Քաղավիացիայի վարչությունում կառավարության ներկայացուցիչը: «168 ժամի» հետ զրույցում Քաղավիացիայի վարչության նախկին պետը նախ շատ բարձր գնահատեց Հրանտ Բագրատյանի դերը` նրա վարչապետության տարիներին: «Ինքն իրոք այն փորձն ունի, որ շատ ավելի լավ նախագահ կլիներ, քան Սերժ Սարգսյանը, և շատ ավելի լավը կլիներ, քան Րաֆֆի Հովհաննիսյանը»,- ասաց Շահեն Պետրոսյանը: Նա բացատրեց, թե ինչու է այդպես կարծում. «միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը շատ ազնիվ տղա է, բայց ինքը մի տեսակ մանկամիտ է, ես մի քիչ տարիքով մեծ եմ և կարող եմ այդ բանն ասել, քանի որ մենք շատ մտերիմ ենք իրար հետ: Բայց Հրանտ Բագրատյանը քաղաքականապես շատ ավելի հասուն է, քան Րաֆֆի Հովհաննիսյանը»: Սակայն միաժամանակ նա նշեց, որ, այնուամենայնիվ, ինչպես ինքն է տեսնում տարբեր հարցումների արդյունքներից, Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի շատ ձայներ է ստանում, քան Բագրատյանը, իսկ այդ հանգամանքը Շահեն Պետրոսյանը բացատրեց նրանով, որ միգուցե Րաֆֆի Հովհաննիսյանը «սիրված տղա է»: «Իսկ Հրանտը չի կարողանում մարդկանց հետ խոսել, այսինքն` իր խոսքը հասցնելու այդ կուլտուրան չունի: Օրինակ` խոսքը հասցնելու ամենաբարձր կուլտուրան ունի Լևոն Տեր-Պետրոսյանը, այստեղ կասկած չկա: Որպես հռետոր` ամենալավը Լևոնն է, բայց որպես գործունյա անձնավորություն` Հրանտը, եթե ինքը մի նպատակ է դնում, նա իրականացնում է այն»: Այս համատեքստում Շ.Պետրոսյանը հիշեց 1996 թ. ատոմակայանի բացման մասին, որն, ըստ նրա, աշխարհում եզակի դեպքերից մեկն էր և իրականացավ ուղղակիորեն Հրանտ Բագրատյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի որոշման շնորհիվ: Խոսելով Հ.Բագրատյանի նախընտրական ծրագրի մասին` ՀՀՇ անդամն ասաց, որ մանրամասնորեն չի ընթերցել նրա տնտեսական ծրագրերը, բայց նշեց, որ ծրագիրն ընդհանրապես քայլ առ քայլ իրականացվելու ժամանակ է երևում` այն լա՞վն է, թե՞ վատը: «Խնդիրն իրականացնելու նկատմամբ վստահության մեջ է: Ես ավելի շատ վստահում եմ Հրանտ Բագրատյանին, որովհետև ինքն այդ փորձն ունի արդեն, նա արդեն ցույց է տվել, որ կարող է իր ծրագրերն իրականացնել: Րաֆֆի Հովհաննիսյանին ես կասկածում եմ, որ նա կարող է ծրագիր իրականացնել: Օրինակ` ես Լևոն Տեր-Պետրոսյանին էլ եմ վստահում և այսօր էլ հավատում եմ, որ նա կարող է ծրագիր իրականացնել մինչև վերջ: Սերժ Սարգսյանը չի կարող ծրագիր իրականացնել, նա կարող է ասել ամենալավ խոսքերը, որոնք ուղղակի կենացների են նման»,- ասաց նա: Իսկ թեկնածուներից որևէ մեկին աջակցելու մասին Շահեն Պետրոսյանը նշեց, որ ինքն ընդհանրապես կողմ է եղել բոյկոտով իշխանությունների դեմ պայքարելուն: «Բայց ավելի շատ հակված եմ ընտրելու Հրանտին` միայն նրա համար, որ նա մի քիչ ավելի շատ ձայն ունենա»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Ինչ վերաբերում է մյուս նախարարներին, ապա նրանց հետ որևէ կերպ հնարավոր չեղավ կապ հաստատել, քանի որ մի քանիսը, ինչպես պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Շահբազյանը և Գագիկ Մարտիրոսյանը, գտնվում են արտասահմանում, ոմանք առողջական խնդիրներ ունեն, իսկ ոմանք էլ պարզապես այլևս ողջ չեն:

Hrant Bagratyan
Այսպիսով, ամփոփելով, կարող ենք նշել, որ Հրանտ Բագրատյանի գրեթե բոլոր նախկին գործընկերները, ովքեր կարծիք հայտնեցին, բավական դրական արտահայտվեցին նախկին վարչապետի մասին, սակայն միաժամանակ` միայն մի քանիսը հայտարարեցին Բագրատյանի օգտին քվեարկելու մասին, բայց որևէ մեկը պատրաստակամություն չհայտնեց հրապարակայնորեն նրան աջակցելու մասին, ինչը ոմանց դեպքում հավանաբար պայմանավորված է այսօր զբաղեցրած պաշտոններով և իշխանությունների նկատմամբ վերաբերմունքով, իսկ միգուցե` նաև կախվածությամբ, ոմանց դեպքում` զգուշավորությամբ կամ էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանի անհաղթահարելիության համոզմունքով:
Հ.Գ. Համոզված ենք, որ չափազանց հետաքրքիր կլիներ իմանալ Հրանտ Բագրատյանի կաբինետի առանցքային երկու դեմքերի` 1992-96 թթ. Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանի և 1993-95 թթ. Պաշտպանության, այնուհետև` Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի կարծիքները Հրանտ Բագրատյանի վերաբերյալ, սակայն հայտնի պատճառներով` «Քվեարկելո՞ւ եք արդյոք Ձեր նախկին վարչապետի օգտին» հարցը նրանց տալու հնարավորություն չկա:

Տեսանյութեր

Լրահոս