Կարդալու արժանի գիրքը
Նոր սերունդը տեղյակ էլ չի որ Մոսկվայում հրատարակվում է «Դրուժբա նարոդով» անունով ամսագիր: Անկեղծ ասած Հայաստանում հավանաբար ավագ սերունդն էլ էր մոռացել այդ ամսագրի մասին: Ամսագիր, որի շնորհիվ համաշխարհային հռչակի արժանացան Հրանտ Մաթևոսյանը, Չինգիզ Այթմատովն ու խորհրդային շրջանում ստեղծագործած այլ գրողներ: Հիմա այդ ամսագրի «թեթև ձեռքով» Հայաստանում ու Ադրբեջանում ուշադրության կենտրոնում է հայտնվել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին: Գրողի «Քարե երազներ» վեպը խորհրդային ժամանակների ավանդույթին հավատարիմ քննարկում ու քննադատում են: Քննարկում ու քննադատում են գիրքը չկարդացած: Հայտնի է, թե ինչ հետևանքներ ունեցավ վեպի տպագրությունը: Գրողը զրկվեց ադրբեջանական բոլոր մրցանակներից, նրա հասցեին ֆիզիկական սպառնալիքներ են հնչում: Ադրբեջանում նույնիսկ գիտական հիմնարկներն են վերլուծում գրական այս ստեղծագործությունը: Բնականաբար, հայտարարելով, որ Այլիսլին կեղծել է ոչ ավել, ոչ պակաս, Կովկասի պատմությունը: Այլիսլին ԽՍՀՄ-ում ամենահայտնի ադրբեջանցի գրողն է, թերևս: Նրա գրքերը թարգմանվել ու տպագրվել են ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում: Հայաստանում էլ: Բնականաբար: Եթե վստահենք «Դրուժբա նարոդով» ամսագրի տեղեկատվությանը Այլիսլիի գործերը տպագրվել են սոցիալիստական ճամբարի բոլոր երկրներում: Ավելին՝ նրա գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ու հանկարծ Ադրբեջանը մոլի հալածանք է սկսել նման հռչակ ունեցող գրողի նկատմամբ: Պատճառը «Քարե երազներ» վեպն է: 2006-07թթ. գրված վեպում նկարագրված է 1988-ի Բաքուն: Քաղաքում հայտնվել են փախստականներ Հայաստանից: Բնիկ ադրբեջանցիները նրանց «երազ» են անվանում: «Երազ» նշանակում է` Երևանի ադրբեջանցի: Նրանք հարձակվում են հայերի տների վրա, ծեծում ու խոշտանգում են փողոցում հայտնված հայերին: Վեպի գլխավոր հերոսը զտարյուն ադրբեջանցի է, հայտնի դերասան: Նա փորձում է պաշտպանել ամբոխի ձեռքն ընկած հայ ծերուկին: Ամբոխը նրան էլ է ոտքի տակ գցում: Ադրբեջանցուն հիվանդանոց տեղափոխող ընկերը հիվանդանոցում ասում է, որ «Այդ երազներն են խոշտանգել հանրահայտ դերասանին: Այդ երազները ոչ մի սրբություն չունեն, նրանք ոչ գրող են հարգում, ոչ դերասան»: Բաքվում իրական քաոս է: Հին իշխանություններին փոխարինելու եկածները միայն հայերին չէ, որ սպանում են: Վեպում, առանց անունը նշելու, հեղինակը քննադատում է նաև Ադրբեջանի նախկին ղեկավարին՝ Հեյդար Ալիևին, ով վեպի հերոսների խոսքերով` իրեն երկրի տեր-տիրական էր պատկերացնում: Հետաքրքիր է այն, որ Ադրբեջանի բարձրագույն պարգևների մի մասը հեղինակին՝ Աքրամ Այլիսլիին շնորհել է հենց Հեյդար Ալիևը` Անկախ Ադրբեջանի նախագահ եղած շրջանում: Հիմա համացանցում այդ մրցանակների շնորհման տեսագրությունները փակված են: Փոխարենը` կան բազմաթիվ լուսանկարներ, ուր պատկերված է գրողի կրծքին հերթական շքանշանը փակցնող Հեյդար Ալիևը՝ հանրահայտ ժպիտը դեմքին: Այն նույն շքանշանները, որոնք հետ է վերցնելու Ալիև-կրտսերը: Վեպի հիմնական հերոսներից երկուսը՝ կոմայի մեջ գտնվող դերասանը և նրա ազգական բժիշկ հոգեբույժը, ագուլիսցի են: (Ագուլիսցի է նաև վեպի հեղինակը: Ադրբեջանցիներն Ագուլիսին Այլիսլի են անվանում: Հեղինակի ազգանունը թարգմանվում է «ագուլիսցի»): Այս կերպարների միջոցով է հեղինակը նկարագրում Ագուլիսը: Արևելյան, կամ փոքր Փարիզ կոչվող Ագուլիսն ընթերցողի առջև բացվում է` որպես հայակերտ հրաշք: Մանրամասն ու շքեղ նկարագրված են Ագուլիսի կանգուն ու խոնարհված եկեղեցիները` շքեղ բնապատկերներով: Հեղինակը չի մոռանում նշել, որ Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծելուց հետո առաջինը հենց Ագուլիսում է դպրոց բացել: Զգայացունց են 1920թ. Ագուլիսի հայկական կոտորածի տեսարանները: Թուրքական կանոնավոր բանակի հետ քաղաքի ադրբեջանցի բնակիչներն էլ են մասնակցում: Ըստ հոգեբույժի կացնահարված հայերի հոգիները հանգիստ չեն տալիս իրենց տներում ապրող մարդասպանների ժառանգներին: Հեղինակն առանձնահատուկ հարգանքով ու գրողական նուրբ հնարքներով է կերտել հայկական կոտորածներից փրկված վերջին ագուլիսցի հայերի կերպարները: Խոսքն ընդամենը մի քանի կնոջ մասին է: Նրանցից մեկը նույնիսկ իսլամ է ընդունել, բայց մյուս հայ կանանց նման շարունակում է խնամել ու բարեկարգել հայկական եկեղեցիների տարածքները: Եկեղեցիներից մեկը մի ադրբեջանցի պահեստի է վերածել: Իսլամ ընդունած հայ կինն ամեն շաբաթ ավլում-մաքրում է այդ եկեղեցու տարածքը և բարձրաձայն անիծում «Աստծո տան դռները փակած» ադրբեջանցուն: «Հայերը միշտ հավատարիմ են իրենց Աստծուն»,- եզրակացնում են ադրբեջանցի ագուլիսցիները: Ագուլիսցի դերասանը գիտի, որ իր դրախտային հայրենիքի կենտրոնն Էջմիածինն է: Գիտի և երազում է տեսնել էջմիածինը: Անհասկանալի, ինչ-որ իմաստով միստիկ վեպ է: Հարկավ նման վեպ գրելու համար անձնական ինչ-ինչ որակներ են պետք: Կարելի է, օրինակ` ենթադրել, որ գրողին հանգիստ չեն տալիս մանկուց լսած զրույցները Ագուլիսի կոտորածների մասին: Կարելի է հոգեվերլուծողի դիրք բռնել ու ասել, որ մանկական հիշողություններն արթնացան ու սրվեցին Սումգայիթի և Բաքվի կոտորածի ժամանակ: Բայց դա չի փոխում «Քարե երազներ» գրքի արժեքը: Գրքի, որ արժի կարդալ: