ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի ատամնաբուժական կրքերը

Անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Արտոնագրային վճարների» մասին օրենքի նախագծում: Հենց այդ փոփոխություններով սահմանվեց, որ Երևանում գործող ատամնաբուժարանները պետք է յուրաքանչյուր բազկաթոռի համար վճարեն 80 հազար դրամ, իսկ մարզերինը` 57 հազար: Այս փոփոխությունը հսկայական դժգոհություն առաջացրեց ատամնաբույժների շրջանում, որոնք բողոքի ցույց կազմակերպեցին Ազգային ժողովի դիմաց, սպառնալով, որ եթե իրենց արտոնագրային վճարները չպակասեցվեն, իրենք կարտագաղթեն:

Երբ խորհրդարանն այս օրենքն ընդունում էր` ատամնաբույժները ոչ մի դժգոհություն չունեին, բայց երբ հարկային տեսուչները գնացին նրանց հետևից գումարը գանձելու, նրանք միանգամից ըմբոստացան: Նման վարքագծի պատճառն այն է, որ Հայաստանում ոչ ոք լուրջ չի վերաբերվում օրենքներին և ընդհանրապես` խորհրդարանի գործունեությանը, մտածելով, որ այնտեղ պատգամավորները զբաղված են բարձր մատերիաների շուրջ քննարկումներ կազմակերպելով, որը ոչ մի կապ չունի շարքային քաղաքացիների առօրյայի հետ:

Քանի որ Հայաստանում նախընտրական վիճակ է, իշխանությունը որոշեց լսել բողոքողներին: Խորհրդարանում սկսեցին քննարկել ատամնաբույժների բողոքները, և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ` Առողջապահության և մայրության հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ իրենք մշակել են օրենսդրական փոփոխության մի նախագիծ, որով առաջարկվում է նվազեցնել արտոնագրային վճարները` Երևանում գործող ատամնաբուժարանների համար սահմանելով 60 հազար դրամ մեկ բազմաթոռի համար: Մնում է, որ այդ առաջարկությանը համաձայնություն տա կառավարությունը, որը արդեն հաշվել է, թե ինչքան գումար պետք է հավաքի ատամնաբույժներից ամբողջ տարվա համար, և ինչ նպատակով պետք է ծախսվի հավաքված գումարը:

Մինչ խորհրդարանական մեծամասնությունը նախագիծ կմշակեր և այն կհամաձայնեցներ կառավարության հետ, խորհրդարանում գործող ընդդիմադիր և անորոշ դիրոքրոշման տեր խմբակցությունները որոշեցին ընդառաջ գնալ ատամնաբույժների բողոքներին: ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն առանձին-առանձին շրջանառության մեջ են դրել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու սեփական նախագծերը:
ԲՀԿ տարբերակում առաջարկվում է Երևան քաղաքում յուրաքանչյուր բազկաթոռից գանձվող արտոնագրային վճարը 80 հազարից դարձնել 50 հազար, մարզկենտրոններինը` 57 հազարից իջեցնել 35 հազարի, զգալիորեն նվազեցում է նախատեսվում նաև սահմանամերձ բնակավայրերի համար: ԲՀԿ-ականները` որպես նման փոփոխության հիմնավորում, նշում են, որ բարձր արտոնագրային վճարները հանգեցնելու են ստոմատոլոգիական ծառայությունների գների աճի, պահանջարկի նվազեցման և բազմաթիվ աշխատատեղերի կրճատման` հատկապես մարզերում:

Ավելի արմատական փոփոխություն են առաջարկում ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները: Նրանք առաջարկում են գործող 80 հազարի փոխարեն` սահմանել 30 հազար դրամ` Երևան քաղաքի համար, 21 հազար 300 դրամ` մարզկենտրոնների և այլ քաղաքների համար, և 10 հազար 700` գյուղական բնակավայրերի համար: ՀՅԴ-ականներն այլ փոփոխություն էլ են առաջարկում: Գործող օրենքով, եթե ատամնաբուժարանն ունի մինչև երեք բազկաթոռ, ապա յուրաքանչյուրի համար վճարում է 80 հազար դրամ արտոնագրային վճար, եթե բազկաթոռների թիվն ավելի է 3-ից, ապա ավել յուրաքանչյուր բազկաթոռի համար` 48 հազար դրամ: ԲՀԿ-ի կողմից առաջարկվող փոփոխության մեջ ևս երեքից ավելի բազկաթոռի համար նախատեսվում է արտոնագրային վճարի նվազեցում 50 հազարից` 30 հազար: ՀՅԴ-ականները հավատարիմ մնալով իրենց սոցիալիստական էությանը` համարում են, որ դրանով ոտնահարվում են փոքր ատամնաբուժարանների շահերը, քանի որ ավելի մեծ ատամնաբուժարաններն առավելություն են ստանում փոքրերի նկատմամբ: ՀՅԴ-ականներն առաջարկում են, որ յուրաքանչյուր ավել բազկաթոռը գանձվի նույն չափի արտոնագրային վճար, ինչպես մյուս երեքից: Կարելի էր ավելի արմատական լուծում առաջարկել. սահմանելով որ ավել բազկաթոռների համար ատամնաբուժարանը պետք է ավելի շատ վճարի, քան մինչև երեք բազկաթոռ ունենալու համար: Սա իսկապես կլիներ փոքր և միջին ձեռներեցության աջակցությանն ուղղված քայլ, քանի որ ավելի մեծ կլինիկաները կվճարեին ավելի շատ, քան փոքրերը: Բայց ՀՅԴ-ականները չեն գնացել նման արմատական լուծում առաջարկելու ճանապարհով, հնարավոր է` ոչ թե գաղափարախոսական, այլ զուտ կենցաղային շարժառիթներով. կարող է, չէ՞, դաշնակցականներից որևէ մեկը երեքից ավելի բազկաթոռ ունեցող ատամնաբուժարան ունենալ:

Դաշնակցականներն իրենց առաջարկած նախագծում` որպես դրա ընդունման հիմնավորում, նշել են, որ բարձր արտոնագրային վճարները բացասական ազդեցություն կունենան ոլորտում զբաղված 36 հազար մարդկանց զգալի մասի վրա, անուղղակի բացասական ազդեցությունը կդրսևորվի դենտալ տուրիզմի ծավալների կրճատմամբ, հնարավոր հաճախորդների թվի նվազման հետ կապված բյուջետային մուտքերի կրճատմամբ:

Այս հարցով մենք զրուցեցինք ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի հետ: Վերջինս մեզ հայտնեց, որ ՀՀԿ խմբակցության անդամները կառավարության հետ քննարկում են փոփոխությունների մի տարբերակ, և հենց այդ տարբերակն էլ տարբեր խմբակցություններ վերցրել և որպես իրենցը ներկայացրել են խորհրդարան:«Ճիշտն այն կլինի, որ այդ նախագծերի քննարկումը կասեցվի, մինչև խորհրդարան կներկայացվի կառավարության հետ համաձայնեցված նախագիծը»,-ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը: Մեր ունեցած տեղեկություններով` Գալուստ Սահակյանն արդեն իսկ դիմել է ԲՀԿ և ՀՅԴ խմբակցություններին` առաջարկելով շրջանառությունից հանել իրենց կողմից ներկայացված նախագծերը, սակայն նրան մերժել են:

Ինչ տեղի կունենա. առաջիկայում նման մի նախագիծ կներկայացնի նաև ՀՀԿ խմբակցությունը, հնարավոր է ՕԵԿ-ի հետ համատեղ: Այնտեղ կառաջարկվի 80 հազարը դարձնել 60 հազար: ՀՅԴ-ականները և հնարավոր է` ԲՀԿ-ականները առարկեն, ասելով, որ նվազեցումը շոշափելի չէ, և իրենք ավելի արմատական իջեցում են առաջարկում: Եթե ՀՀԿ-ականները փոխզիջման գնան ԲՀԿ-ի հետ և համաձայնվեն 60-ը դարձնել 55, ապա հնարավոր է, որ ԲՀԿ-ն կողմ քվեարկի այս նախագծին, բայց ՀՅԴ-ն կմնա իր սկզբունքային դիրքերում: Ատամնաբույժները մասամբ գոհ կլինեն, համարելով, որ գոնե կարողացան ինչ-որ զիջում կորզել, և իրենց պայքարն իզուր չանցավ: Չնայած կլինեն ատամնաբույժներ, ովքեր ծածուկ կսկսեն համակրել Դաշնակցությանը:

Տեսանյութեր

Լրահոս