Բաժիններ՝

Մեր կյանքի ընդամենը 15 տոկոսն է կախված իշխանությունից. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Երկրում ժողովրդավարության և օրինականության մակարդակը միայն 5 տոկոսով է կախված աոաջին դեմքի բնավորությունից։ Նախագահը կարող է լինել նենգ և քինախնդիր, կարող է լինել հանգիստ և զուսպ՝ դրանով պայմանավորված են որոշակի երանգներ, ինչ-որ ոլորտների վրա դա կարող է դրական կամ բացասական ազդեցություն ունենալ, սակայն սկզբունքայնորեն դա որևէ բան չի որոշում։

Այդ պատճառով ինձ երբեմն զարմացնում է, որ ոչ միայն շարքային քաղաքացիները, այլև մեկնաբանները, հասարակական, քաղաքական գործիչները սկսում են քննարկել նախագահի թեկնածուների անձնական արժանիքները կամ թերությունները։

Բայց մենք երեխաների համար քավոր չենք ընտրում, որպեսզի կողմնորոշվենք նման հատկանիշներով։ Օրինակ` Հրանտ Բագրատյանի բնավորությունը, եթե ռուսերեն դարձվածք օգտագործենք, «շաքար չէ»՝ նա բավականին գոռոզ է և բռնկուն, բայց հենց նա է ներկայացնում, գոնե ինձ համար, հասկանալի, ընկալելի առաջարկներ` երկրի վիճակը բարելավելու ուղղությամբ։ Դրանից, ծրագրերից, գաղափարներից կախված է մեր կյանքի ևս 10 տոկոսը։

Եվ այսպես, 5 տոկոս նախագահի անձը, 10 տոկոս՝ նրա ծրագիրը։ Իսկ մնացա՞ծը։ Գիտեմ, որ խիստ ոչ ժողովրդահաճո միտք եմ արտահայտում, բայց մնացածը կախված է մեզնից։ Ով էլ լինի նախագահը, վարչապետը կամ, ասենք, մշակույթի նախարարը, իրավիճակը նույնը կլինի, եթե մենք նրանցից չպահանջենք այն, ինչ մեզ պետք է։ Որքան էլ բռնապետ լինեն նրանք իրենց բնավորությամբ, որքան էլ դատարկ և անիմաստ ծրագրեր ներկայացնեն, նրանք չեն կարողանա դիմադրել հասարակության երկարատև և կազմակերպված ճնշմանը։

Իհարկե, հակառակն էլ կաք ցանկացած հրեշտակ իր հանճարեղ ծրագրով չի դիմանա իշխանությունը չարաշահելու գայթակղությանը, եթե հասարակական ճնշում չլինի։ Վստահ եմ, որ եթե ուրբաթ օրերին դատախազության մոտ հավաքվի ոչ թե 100, այլ 10 000 հոգի, իշխանությունը ստիպված կլինի փոխել Տիգրան Առաքելյանի նկատմամբ իր անարդար վճիռը։ Եթե նույնքան մարդ պահանջի Սյունիքի արոտավայրերը չհանձնել իրանցի անասնապահներին, ապա ոչ ոք չի համարձակվի դա անել։

Ամբողջ խնդիրն այն է՝ մենք իսկապե՞ս ցանկանում ենք, որ այդ և հարյուրավոր այլ խնդիրները լուծվեն, թե՞ պարզապես ուզում ենք «անհատապես» լավ ապրել և տարբեր իրական ու վիրտուալ անկյուններում բամբասել և փնթփնթալ սեփական, ինչպես նաև «էս ժողովրդի» դժբախտ կյանքից։ Այդ առումով. բացարձակապես անիմաստ են նախագահի թեկնածուների և այլ քաղաքական գործիչների նկատմամբ թե՛ ագրեսիվ մերժողականությունը, թե՛ կույր երկրպագությունը։

Ինձ թվում է՝ բոլորովին չարժե դրա վրա էներգիա և ժամանակ ծախսել: Այդ մարդկանցից շատ քիչ բան է կախված, պայմանականորեն ասած՝ մեր կյանքի ընդամենը 15 տոկոսը։ Մնացածը մեր ձեռքում է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս