Հայրիկյանը դիմումը ետ է վերցրել՝ նաև հանուն Անդրիաս Ղուկասյանի

«Պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ, որքան լավատեսորեն եմ տրամադրված, բայց  ես քարոզարշավի ամենակարևոր փուլին դուրս մղվեցի: Իհարկե, սա ողբերգություն չէ, բայց փաստ է»:  Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահի թեկնածու, Ինքնորոշում միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանն՝ անդրադառնալով փետրվարի 10-ին իր կողմից Սահմանադրական դատարան՝ 2013 թվականի նախագահի ընտրութունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին ներկայացրած դիմումը հետ վերցնելու փաստին:

«Մեկ օրվա ընթացքում դիմումս հետ վերցնելու առիթով բավական հուզումներ կային, որոնք ես համարում եմ արդարացված, քանի որ հանգամանալի չեմ բացատրել որոշումս: Տարիների ընթացքում մարդիկ Հայրիկյանին համարել են կայունության խորհրդանիշ ու հանկարծ Հայրիկյանը դիմումը տալիս է ՍԴ ու հաջորդ օրն էլ հետ է վերցնում»,- նշեց նա: Պ. Հայրիկյանը հիշեցրեց, որ փետրվարի 10-ին, երբ ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու մասին դիմում է ներկայացրել ՍԴ, չէր բացառել, որ երեք օրվա ընթացքում կարող է փոխել որոշումն ու հետ վերցնել դիմումը: Բայց, նրա խոսքով, թղթերը հանձնելուց հետո միայն իմացավ, որ հետ վերցնել դիմումը ՍԴ-ից կարող է օրենքով սահմանված մեկ օրվա ընթացքում:

«Այդ ժամանակ ես պետք է որոշեի՝ նախապատվություն եմ տալու Հայրիկյան քաղաքական գործչի՞ն, թե՞ Հայրիկյան նախագահի թեկնածուին: Բնականաբար, ես պետք է ընտրեի՝ ընդհանրական վիճակից ելնելով, որովհետև ահաբեկչությունը կատարված էր ոչ թե իմ, այլ՝ նաև ժողովրդավարության դեմ: Ընթացքում պարզվեց, որ ես ոչ միայն քարոզարշավ անցկացնելու, այլև մի քանի րոպե ավելի քայլելու ընդունակ չեմ»,- մասնավորեցրեց նա: Ըստ թեկնածուի ՝ իր դեմ կատարած ահաբեկչության կազմակերպիչների նպատակը ոչ թե ընտրությունների հետաձգումն էր, այլ Հայաստանին գլխավոր հունից դուրս հանելը:

Պ. Հայրիկյանը խոստովանեց, որ բացի վերոգրյալ պատճառներից՝ կար ևս մեկը, որի մասին ինքը խոսել չէր ցանկանում: Խոսքը ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի՝ Անդրիաս Ղուկասյանի մասին է, ում Հայրիկյանը հարցրել է, թե արդյոք վերջինս դուրս կգա՞ հացադուլից, եթե միասնական թեկնածու ձևավորվի, ինչին ի պատասխան՝ Ղուկասյանն ասել էր, թե անգամ այդ դեպքում շարունակելու է հացադուլը: «Նա մահվան շեմին է կանգնած, հայ մարդ է, կանգնած է մահվան շեմին: Ես ոչ միայն ընտրություններն եմ հետաձգում, այլև իմ նախասիրությունների պատճառով նպաստում եմ մի հայ մարդու լրացուցիչ վտանգին: Ստացվում էր, որ ընտրությունների հետաձգմամբ՝ ես նաև զոհասեղանին եմ հանձնելու Անդրիասին: Ով ինչ գնահատական ուզում է՝ թող տա. ընտրությունները կկայանան փետրվարի 18-ին»,- եզրափակեց նա:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս