«Էտո տոժե յա. լետոմ. նովի աֆոն»
Երբ համացանցը հասանելի դարձավ գրեթե բոլորին, առաջին ահազանգը հնչեցրին ծնողները` երեխաներն իրենց գրեթե ողջ ազատ ժամանակն անց են կացնում` գամված համակարգչի աթոռին, վիրտուալ կյանքը նախընտրում են իրականից: Սա անառարկելի ճշմարտություն է, որն, այդուհանդերձ, ունի լրացման անհրաժեշտություն. այսօր համակարգչից, մասնավորապես` սոցիալական ցանցերից, կախվածության մեջ են արդեն ծնողները:
Անգամ ամենագաղտնի զգացմունքները, գրառումները, չափազանց մտերմիկ լուսանկարները, որոնք, թվում է, ցուցադրության անհրաժեշտություն չունեն, հայտնվում են ֆեյսբուքում: Մարդիկ իրենց կյանքի բոլոր իրադարձությունները տեղադրում են համացանցում` ստատուսների կամ լուսանկարների միջոցով: Անգամ հարազատի մահվան բոթը մահից բառացիորեն րոպեներ անց հայտնվում է համացանցում` գրությամբ` «Ցավակցություններն ընդունում եմ ֆեսյբուքով»: Սա արդեն ոչ այնքան տխուր է, որքան զվարճալի: Եթե սխալ եմ, կուղղի Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, «Ինթրա» կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
– Մարդը, ամեն դեպքում, կարիք ունի իր երջանկությանը կամ տխրությանը մասնակից դարձնել իր մտերիմներին: Հարգելով մարդկանց իրավունքը` համացանցով, ի տես ամենքի, իրենց ամենանվիրական մտքերը, լուսանկարները կամ զգացմունքները հրապարակելը, այդուհանդերձ, հետաքրքիր է` այս երևույթը բժշկական ախտորոշում ունի՞, թե՞ մարդու` իր նմանի հետ շփվելու հասկանալի մղում է:
– Վերջին տարիներին հոգեկան առողջության ոլորտի մասնագետները քննարկում են` համակարգչային կախվածությունը պե՞տք է մտցնել հիվանդությունների միջազգային դասակարգման «Սովորությունների և հակումների խանգարումներ» բաժնում` որպես առանձին հիվանդություն: Ինչպես դասում ենք, օրինակ, խաղամոլությունը, գողամոլությունը և այլն: Խնդիրն այն է, որ եթե դա մտցնենք հիվանդագին կախվածությունների ցանկում, ուրեմն պետք է մտածենք բուժման մասին: Պատկերացնո՞ւմ եք` համակարգչից կախվածություն ունեցող մեկը գալիս է մեզ մոտ, և մենք նրան դեղ ենք նշանակում: Ես չեմ պատկերացնում: Բայց ասեմ, որ այս կախվածության դեպքում միայն խոսքով օգնելը միշտ չէ, որ հնարավոր է:
– Երբ խոսքը դեռահասի մասին է, ինչ-որ չափով այդ կախվածությունը բացատրելի է: Սակայն, երբ համակարգչից կախվածություն ունեն ամենևին ոչ երիտասարդ, կրթված, աշխատանքով ապահովված մարդիկ, բարձրաստիճան պաշտոնյաներ…
– Լինում է, որ իրական շփման ժամանակ ունենք բարդույթներ, որոշակի հարցերում դիսկոմֆորտ ենք զգում` այդ օրը մեր արտաքինը կամ հագուստն այն չեն, կամ ունենք մեզ չբավարարող տրամադրություն: Վիրտուալ աշխարհում կարող ենք հանդես գալ մեր իդեալական «ես»-ի տեսանկյունից: Եվ կարևոր մի հանգամանք. երբ ցանկանանք, կարող ենք սեղմել կոճակն ու դուրս գալ համացանցից: Իրական շփման մեջ կան գիտակցված և չգիտակցված գործոններ. 15-20 տոկոսը խոսքն է, մնացածը` մեր մարմնի լեզուն, որը համացանցային շփման ժամանակ չի երևում: Համացանցում ֆիլտրում ենք մեր մտքերն ու ուղարկում այն ուղերձը, որը մեզ ավելի շահեկան լույսի տակ է ներկայացնում:
– Սոցիալական ցանցերը դիմակահանդեսի էֆեկտ ունեն. մարդիկ դնում են նախընտրելի դիմակը, և այդպես ավելի հեշտ է դառնում ասել այն, ինչ իրական կյանքում երբեք չես ասի, ներկայանալ` ինչպես ուզում ես, վիրտուալ կյանքում անել այն, ինչ իրական կյանքում մտքովդ չի անցնի: Գուցե սա՞ էլ լիցքաթափման, թերապիայի տեսակ է:
– Համակարգչով աշխատելու ընթացքում մարդը կարող է սեփական իրականությունից առժամանակ կտրվել: Ոմանք համակարգչային խաղեր են խաղում, ուր իրենց լավ են զգում ոստիկանի կամ անհաղթ զինվորի դերում, մեկ այլ խաղում կարող են մի քանի կյանք ապրել, անհամար հարստության տեր դառնալ, և այլն, և այլն: Սա ժամանակավորապես մոռացնում է իրական կյանքի բարդությունները և, անշուշտ, ունենում է ժամանակավոր դրական ազդեցություն:
– Ի՞նչն այն չէ իրական կյանքում, որ մարդիկ սկսում են ապաստան փնտրել վիրտուալ կյանքում:
– Յուրաքանչյուրը վիրտուալ աշխարհ է մտնում սեփակա՛ն մոտիվով. մեկն իրականությունից է կտրվում, մյուսն արկածներ է որոնում: Եվ գլխավորն այն է, որ երբ ցանկանաս, կարող ես հրաժարվել վիրտուալից և արդեն հայտնվել իրական կյանքում: Մինչդեռ իրական կյանքում ցանկացած պահի չես կարող շփումը դադարեցնել: Սոցիալական հարաբերությունների խաչմերուկում միշտ չէ, որ կանաչ է լույսը: Իսկ ֆեյսբուքատիպ խաչմերուկներում լույսը միշտ կանաչ է:
– Սակայն միայն առաջին պահին է թվում, թե մարդը դուրս է գալիս սոցիալական ցանցից: Րոպեներ անց իրեն հանկարծ հայտնաբերում է համակարգչի առաջ նստած և դարձյալ` ցանցում:
– Արդեն ակնհայտ է դառնում` 21-րդ դարը մեկուսացման դար է: Հետաքրքիր միտում կա. Անգլիայում նոր ավտոմեքենաների ցուցահանդես էր, և այնտեղ արդեն նախատեսում են մեկ տեղանոց ավտոմեքենա. զգում են, որ երկու հոգին մեկ մեքենայում արդեն շատ է: Միմյանց հանդուրժելու խնդիրն աստիճանաբար սրվում է:
– Խնդրում եմ բացատրեք մարդկանց մղումը` նեղ, անձնական խնդիրները հրապարակել, դիցուք, ֆեյսբուքում: Լռության խորհուրդը լրիվ սպառվել է: Իր կյանքի բոլոր իրավիճակներում մարդու առաջին մղումն իր էմոցիաները համացանցով հրապարակայնացնելն է: Անգամ` հարազատի կորստից րոպեներ անց:
– Դա կարող է կապված լինել սուգի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ: Մենք հաճախ հակված ենք մեր վիշտը, սուգն ի ցույց դնելու: Վշտի նման ցուցադրությունն ունի թերապևտիկ նշանակություն. մարդկանց զգալի մասը նախընտրում են արձագանքներ ստանալ պատահածի վերաբերյալ: Մյուս կողմից` այն մարդիկ, ովքեր մխիթարական խոսքեր են գրում, սիրում են ուրիշի դժվարություններին տեղեկացված լինել: Մարդը շատ տարօրինակ արարած է. ուրիշի տրավմայից կարող է հաճույք ստանալ:
– Ինչ արժե միայն այն միտքը, որ դա տեղի է ունեցել ո՛չ իր հետ…
– Ոչ միայն: Դա պարադոքսալ հաճույք է: Նա, ով Ֆեյսբուքով հայտնում է իր հարազատի կորստի մասին, ակնկալիքներ ունի. նրան կարող է սփոփել արձագանքողների թիվը, գուցե այդ բոլորի մեջ կան երկուսը, որոնց կարծիքը կամ գրավոր խոսքն իր համար կարևոր են:
– Ոչ միայն վիշտը, այլև ուրախությունն է անմիջապես նետվում սոցցանց: Հարսանիքներ, ծննդյան կամ այլ միջոցառումներ, շրջագայություններ…
– Դա էլ է ցուցադրականության մեկ այլ դրսևորում. այս անգամ` ներկայացնելու դրական հույզերը: Վերադառնալով համակարգչից և համացանցից կախվածության խնդրին` պետք է ավելացնել, որ «համակարգչային թմրամոլների» հոգեկան առողջության խնդիրներից են անձի օտարացումը կամ, թերևս, բնական կյանքի սահմաններից դուրս մնալը, դժվարությունները վարքի և ուսման մեջ, ժամանակի անիմաստ վատնումը:
Ստախոսությունը, արատավոր ցանկությունները, կասկածամտությունը նույնպես ժամանակի ընթացքում ձևավորվող բացասական հետևանքներն են: Լինում են դեպքեր, երբ անգամ տագնապ է առաջանում, երբ համակարգիչն անջատված է, կամ հնարավորություն չի լինում նստել համակարգչի առաջ:
– Իսկ ե՞րբ կարող ես ինքդ քեզ, գոնե շշուկով, խոստովանել, որ համացանցից կախվածություն ունես:
– Ինքներդ պետք է ձեզ համար ճշտեք. ա) որքա՞ն հաճախ եք համակարգչի աշխատանքն ինքնուրույն, կամածին կերպով դադարեցնում: բ) Որքա՞ն հաճախ եք դատարկություն զգում` առանց համակարգչի: գ) Համացանցում գտնվելու պատճառով որքա՞ն հաճախ եք խուսափում ընտանեկան, ընկերական շփումներից: դ) Որքա՞ն հաճախ եք ստում, երբ հարցնում են համակարգչի առաջ անցկացրած ժամանակի մասին: Ինքներդ ձեզ տվեք այս հարցերը, և պատասխաններից կհասկանաք` ունե՞ք կախվածություն, թե՞ ոչ: ՄԻԱՅՆ ԹԵ ԻՆՔՆԵՐԴ ՁԵԶ ՀԵՏ ԵՂԵՔ ԱՆԿԵՂԾ: