Գոհ են Րաֆֆի Հովհաննիսյանից՝ մարդկանց հետ անմիջական ու անբռնազբոս շփման մեջ մտնելու համար

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավի երթուղին այսօր Գեղարքունիքի մարզն էր: Վարդենիսի կենտրոնում հավաքվածները ջերմորեն դիմավորեցին թեկնածուին, իրենց գոհունակությունը հայտնելով նրան՝ մարդկանց հետ անմիջական ու անբռնազբոս շփման մեջ մտնելու, տեղերում հասունացած խնդիրները բարձրաձայնելու և արդյունավետ լուծումներ առաջարկելու համար:

«Մեր գերնպատակը մեկն է՝ երկրում ստեղծել նպաստավոր միջավայր, որպեսզի վարդենիսցին, մարտունեցին, քյավառցին, գյումրեցին, սիսիանցին, բոլոր-բոլոր մեր հայրենակիցները սեփական հայրենիքում արժանապատիվ աշխատանքով վաստակեն իրենց հանապազօր հացը: Դրան մենք միասին կհասնենք կոռուպցիան, մենաշնորհները, հովանավորչությունը արմատախիլ անելու, գյուղատնտեսության ու արդյունաբերության զարգացումը խթանելու, ընտանեկան ձեռներեցությանը զարկ տալու միջոցով: Այս ամենի շնորհիվ կապահովվի տարեկան առնվազն 10 տոկոս տնտեսական աճ, որի արդյունքից կօգտվեն յուրաքանչյուր հայ ընտանիք, յուրաքանչյուր հայաստանցի»,- իր ելույթում ասել է Հովհաննիսյանը:

Այնուհետև մարզի մի շարք ուրիշ բնակավայրերում՝ Մարտունիում, Գավառում, Սեւանում, Ծովինարում, Վարդենիկում, Ներքին Գետաշենում և այլուր թեկնածուն նախընտրական իր ծրագրից ներկայացրել է ընտրողներին հետաքրքրող որոշ դրվագներ: Նա հավաստիացրել է, որ միանգամայն հնարավոր է նոր նախագահության առաջին իսկ տարում պետբյուջե վերադարձնել 300 մլրդ դրամ, ինչը թույլ կտա 50 տոկոսով բարձրացնել կենսաթոշակները, մեծացնել գիտության ու կրթության, առողջապահության և պաշտպանության ֆինանսավորումը:

Հովհաննիսյանի վստահեցմամբ՝ առաջիկա 5 տարիների ընթացքում օտարերկրյա ներդրումները կաճեն շուրջ 6 անգամ, կստեղծվի 180.000 նոր աշխատատեղ, էապես կավելանա նվազագույն աշխատավարձը և շուրջ 600.000 քաղաքացի դուրս կգա աղքատությունից: «Սրանք օդից վերցված թվեր չեն, այլ մասնագիտորեն հիմնավորված վերլուծության արդյունք, որի գործնական ապահովումն ընդամենը քաղաքական կամք է պահանջում»,- Սևանում նշել է ՀՀ նախագահի թեկնածուն:

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ

Տեսանյութեր

Լրահոս