Ցուրտ է, գնանք ինտերնետում ընտրարշավ անենք

Հոգնե՞լ եք նախընտրական քարոզչությունից։ Միայն թե չասեք, թե չեք հոգնել։ Չեմ հավատա, եթե նույնիսկ պարզվի, որ դուք հենց այդ քարոզչության ստեղծողներից եք, կամ տարածողը։ Կամ, եթե նույնիսկ նախագահի թեկնածու եք։ Անհավանական է, որ մարդ քարոզարշավի հենց երրորդ օրը չհոգնի այդ պաստառներից, քարոզչական հեռուստահոլովակներից։ Առավելևս, որ, համաձայնեք, այդ ամենը շատ անհետաքրքիր է արվում։ Արդյունքում միակ զգացումը, որ կարող է դրանից առաջանալ՝ տխրությունն է և ձանձրույթը, ոչ ավելին։

Նախընտրական քարոզչությունն ուղղված է հասարակության լայն զանգվածներին։ Եվ, ենթադրում եմ, քարոզչական նյութերը պետք է միջին ընտրողի մոտ հետաքրքրություն և համակրանք առաջացնեն նախագահի թեկնածուների հանդեպ։ Դասական մոտեցում է, դասական լուծումներ։

Խնդիրը նրանում է, որ մարդիկ այս անգամ հետաքրքրվում են ոչ թե հենց բուն ընտրական թեմայով, այլ ամեն ինչով, ինչը դրանից դուրս է մնում կամ կուլիսների հետևում է հայտնվում։ Մարդկանց ավելի շատ հետաքրքիր է Չեբուրաշկայի անունից խոսացող կինը, քան այն, թե ի՞նչ է նրան պատասխանել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը։ Պարզապես Չեբուրաշկան իսկապես ֆորմատից դուրս է, և մարդիկ գնում են նման նյութերի հետևից։ Գրեթե ոչ ոք չի հետաքրքրվում թեկնածուների քաղաքական կամ տնտեսական ծրագրերով։ Թեկնածուներն էլ առանձնապես չեն ուզում դրանց մասին խոսել։ Թեկնածուներից ով էլ փորձում է խոսել՝ անմիջապես կատակների թեմա է դառնում։ Համաձայնեք՝ Բագրատյանի ծրագրային 100 քայլերի մասին ով ասես հասցրել է կատակել։ Բայց ես դեռևս չեմ հանդիպել մի մարդու, ով ծրագրային այդ քայլերի գոնե 10 տոկոսն իմանա։

Կամ՝ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի ծրագրերի մասին. այս դեպքում, իհարկե, միջին ինտելեկտ ունեցող ընտրողի վերլուծական միտքը կարող է լրջորեն խաթարվել, քանի որ այդ թեկնածուին հասկանալու համար մարդն առնվազն պետք է մանրամասն տեղյակ լինի «Սասնա Ծռերի» բովանդակությանը, տիրապետի թեոսոֆիական մտային հնարքների և ունակ լինի հավատալ՝ առանց տրամաբանելու (չնայած, միջին ընտրողի այս վերջին ունակությանն, անկասկած, ապավինում են նախագահի բոլոր թեկնածուները)։

Կարդացեք նաև

Համացանցի միջոցով, սակայն, այսօր ինչ-որ բաներ հնարավոր է փոխել, քանի որ սոցցանցերում մեծ լսարան գոյություն ունի։ Տարբեր՝ պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանում համացանցից օգտվում է բնակչության 45-60 տոկոսը։ Նույնիսկ ամենաթերահավատներին էլ պարզ է, որ այսօր ինտերնետը գրեթե բոլորին է հասանելի։ Բացի այդ, համացանցն այսօր լավագույն քարոզչական հարթակն է։ Համացանցում կարելի է քարոզարշավ անցկացնել՝ օգտվելով այն հանգամանքից, որ շատ օպերատիվ է, բոլորին հասանելի է, և չկան տարրական խոչընդոտներ։ Օրինակ, հունվար և փետրվար ամիսներին բավական ցուրտ է, և բոլորը չունեն Րաֆֆիի առողջությունը, որպեսզի ժամերով քայլեն, միաձուլվեն ժողովրդի հետ։

Համացանցի մյուս կարևոր առանձնահատկությունն այն է, որ թույլ է տալիս թիրախավորված ազդել լսարանի վրա։ Սա կարելի էր անել շատ պարզ մեթոդներով, կամ՝ ավելի նուրբ ձևերով, այնպես, որ նույնիսկ լսարանը դա չգիտակցի։ Ամենապարզունակ տարբերակը՝ Ֆեսյբուքում գովազդի տեղադրումն է։ Ընտրություններից դեռևս մի քանի ամիս առաջ շատերս արդեն գիտեինք, որ գոյություն ունի Վարդան Սեդրակյան անուն-ազգանունով մեկը, ով ուզում է ՀՀ նախագահ դառնալ։ Եվ բոլորս արդեն օգտագործում էինք «էպոսագետ» բառը, չնայած այն բանին, որ նման բառ կամ մասնագիտություն կարծես թե գոյություն չունի։ Ինքս բառարանում նման բառ չգտա։ Նման բառ գոյություն չունի, բայց բոլորը թեկնածուի մասին խոսում են՝ այդ բառը գործածելով։ Եվ այդ ամենը՝ ֆեյսբուքյան գովազդի շնորհիվ, քանի որ այդ սոցիալական ցանց մուտք գործելիս՝ պարտադիր հանդիպում ես Սեդրակյանին։ Իսկ Ֆեյսբուքում այսօր մարդկային ահռելի բանակ ակտիվ ժամանակ է անցկացնում։ Ըստ վերջին տվյալների՝ մոտ 400 հազար ակտիվ օգտատերեր են, ովքեր բնակվում են Հայաստանում։ Ընդ որում՝ նրանք քաղաքականապես, սոցիալապես ակտիվ մարդիկ են, ովքեր նաև որոշակի ազդեցություն ունեն հասարակության ավելի պասիվ և տարբեր խավերի, շրջանակների վրա։ Ֆեյսբուքում են նաև գրեթե բոլոր լրագրողները, ովքեր տեղեկատվություն են որսում։ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին առաջին իսկ լուրից հետո ամբողջ Ֆեյսբուքը ողողվեց կատարվածի մասին լուրերով, մեկնաբանություններով… Մինչդեռ հեռուստացույցով դեռ երկար ֆիլմեր էին ցուցադրում…

Այնպես որ, համացանցը քարոզարշավի համար իսկապես մեծ ներուժ և հնարավորություններ ունի։ Խնդիրը նրանում է, որ թեկնածուները և նրանց թիմակիցները համացանցը գերադասում են օգտագործել հին ձևերով։ Նույնն է թե՝ սմարթֆոնով զանգես միայն անծանոթներին, և այն էլ՝ «գժվացնելու» նպատակով…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս