Բաժիններ՝

Վարչապետը պարզաբանումներ է պահանջել Արմեն Աշոտյանից

 

 
Վարչապետը Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում մինչև օրակարգային հարցերին անցնելը անդրադարձել է երեկ Ազգային ժողովում հնչեցրած մի քանի հարցերի, որոնք առնչվում են նախագահական ընտրություններին, մասնավորապես, դպրոցներում տիրող իրավիճակին և այն մտահոգություններին, թե դպրոցները, ուսուցիչները կարող են ինչ-որ միջամտություն գործել։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Աշոտյան, Ձեզ հստակ հանձնարարվել է, որպեսզի խստագույն վերահսկողություն իրականացվի, և դպրոցները որևիցե առնչություն չունենան նախընտրական գործընթացներին։ Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր։պարզաբանումներ է պահանջել Ազգային ժողովում հնչեցված հարցերի վերաբերյալ։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ։ Հակիրճ թույլ տվեք տեղեկացնել։ Մեր հիմնական երկու նպատակներն են. առաջինը` ապահովել, որպեսզի ուսումնական հաստատություններում որևէ քաղաքական գործունեություն չիրականացվի, և երկրորդը, ուսումնական հաստատություններում անխափան կազմակերպվի ուսումնական գործընթացը։ Երկու հիմնական օրենսդրական պահանջներն են այս ընթացքում։ Հիմնական խնդիրները հարթվել էին մինչև ընտրարշավ. բոլոր համապատասխան մարզպետներին և Երևանի քաղաքապետին գրություններ էին ուղարկվել, որպեսզի այս երկու խնդիրները մենք միասին լուծենք։ Փաստագրված երկու ահազանգ է եղել, պարոն վարչապետ, «Ազատություն» ռադիոկայանի կողմից վավերացված տեսանյութով. մեկը վերաբերել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի դպրոցին, մյուսը` Արարատի մարզի Մասիսի մի շարք ուսումնական հաստատություններին։ Արդեն խիստ նկատողություն է ստացել Ագարակի դպրոցի տնօրենը, երեկ նկատողություն եմ հայտարարել Մասիսի գյուղատնտեսական քոլեջի տնօրենին, և համապատասխան գրությամբ Արարատի մարզպետին առաջարկվել է խիստ նկատողություններ հայտարարել իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատությունների տնօրեններին։
Ցանկանում եմ նաև Ձեր թույլտվությամբ հավելել, որ Ընտրական օրենսգրքով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում զետեղված են այն դահլիճների ցանկերը, որտեղ բոլոր թեկնածուները կարող են անվճար կազմակերպել իրենց հանդիպումներն ընտրողների հետ։ Այդ ցանկերում, ի թիվս այլ օբյեկտների, կան նաև դպրոցներ, և այդտեղ քաղաքական հանդիպումները փաստորեն թույլատրված են Ընտրական օրենսգրքով, և պետությունն է ստեղծել այդ հնարավորությունը, որպեսզի բոլոր թեկնածուները կարողանան ընտրարշավի ընթացքում օգտվել հարմարավետ դահլիճներից։ Ես կխնդրեմ լրատվամիջոցներին, հարկ եղած դեպքում մեզ տրամադրել այս կամ այն խախտումն արձանագրող փաստագրված նյութեր և մյուս կողմից նաև ուսումնասիրել ԿԸՀ ցանկում դպրոցների համապատասխան ներառման հարցը, որպեսզի այս հարցում թյուրիմացություն չառաջանա։ Այսինքն` կան դպրոցներ, որտեղ թույլատրված են հանդիպումներ բոլոր թեկնածուների համար։ Ինչ վերաբերում է ոչ դասերի ժամին մասնակցությանն այս կամ այն թեկնածուի քարոզարշավին, ապա դա որևէ օրենքով արգելված չէ։ Համացանցում կան բազմաթիվ նյութեր, որոնք վկայում են, որ երեխաներ, ուսանողներ մասնակցում են ոչ միայն գործող նախագահի ընտրարշավին, այլև բոլոր թեկնածուների քարոզարշավին ոչ դասերի հաշվին` դասերից դուրս, ինչն արդեն օրենքով կարգավորման ենթակա չէ և դուրս է կառավարության լիազորություններից, երեխաների, նրանց ծնողների քաղաքական, քաղաքացիական իրավունքների արտահայտման ձև է։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ։ Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ կրթական համակարգի պաշտոնատար անձինք խստագույնս պատժվելու են, եթե խախտեն այն բոլոր սկզբունքները, որոնք ամրագրված են օրենքներում և առնչվում են նախընտրական քարոզարշավի կանոնակարգմանը։ Այն օրինակները, որ պարոն Աշոտյանը հնչեցրեց, վկայում են այդ մասին, որ մենք աչալուրջ ենք լինելու և օրենքի տառից որևիցե շեղում թույլ չենք տալու։ Այդ մարդիկ պետք է իմանան, որ միջամտելով նրանք արջի ծառայություն են մատուցում մեզ, որի կարիքը մենք բացարձակապես չունենք։ Պարոն Աշոտյան, պետք է աչալուրջ լինեք և բոլոր դպրոցների տնօրենները պետք է իմանան, որ այս գործընթացը նախարարության կողմից խստագույնս վերահսկվում է։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Պարոն Աշոտյան, 2013 թվականի ընդունելության քննությունների հետ կապված. 2012-ի ընդունելության քննությունները լավագույնն էին, եթե հաշվի առնենք մեր քաղաքացիների վերաբերմունքը և ընթացքին, և արդյունքներին։ 2013-ի ընդունելության քննություններն իրենց որակով չպետք է զիջեն 2012-ի ընդունելության քննություններին։ Այսօր կան մտահոգություններ թեստերի վերաբերյալ, քանի որ շտեմարանները թարմացվում են և, մասնավորապես, Հայոց լեզվի թեստերի վերաբերյալ, որ կարող են այդ թեստերը լինել շատ ավելի բարդ, քան նախորդ տարվա քննության թեստերն էին, որ թեստերում կարող են լինել այնպիսի հարցեր, որ մեր երիտասարդները պատշաճ ձևով չկարողանան պատրաստվել քննություններին։ Ինչ պետք է ձեռնարկենք, որպեսզի այդ մտահոգությունները փարատենք։

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյան – Շնորհակալություն պարոն վարչապետ։ Իրականում 2012 թվականի ընդունելության քննությունների վերաբերյալ դրական գնահատականը տրված է նաև կառավարության մեկ տարվա գործունեությանը վերաբերող սոցիոլոգիական հարցման մեջ, բնակիչները հատուկ նշել են և որպես դրական միտում են արձանագրել։ Մենք չենք ունեցել որևէ լուրջ լրատվական ահազանգ այդ տարիների ընթացքում և այս փորձը կառավարության քաղաքականության շրջանակներում բնականաբար պետք է դառնա հետևողական իրականացման առարկա։ Պարոն վարչապետ, Ձեր համապատասխան հանձնարարականների դեպքում կամրապնդենք այն խոստումը, որ տրվել է նախարարության կողմից, որ որևէ ծրագրից դուրս որևէ թեստ չի լինելու քննական առաջադրանքների մեջ, արհեստականորեն բարդացված թեստեր չեն լինելու քննական առաջադրանքների մեջ։ Հավելյալ աժիոտաժ պարունակող երկիմաստ առաջադրանքներ նույնպես չեն ներառվելու։ Պարոն վարչապետ, խնդրում եմ Ձեր գրավոր հանձնարարականը մեր նախարարությանը և Գնահատման թեստավորման կենտրոնին՝ համատեղ աշխատելու, որպեսզի քննական թերթիկների բովանդակությունը լինի ամբողջությամբ կրթական ծրագրի շրջանակներում և կառավարության՝ բուհերին վերաբերող քաղաքականությունը՝ հեշտ ընդունվել և դժվար ավարտել բանաձևը, մենք կարողանանք այս փուլում առավել ամրապնդել։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան – Շատ լավ, ֆիքսենք այդ հանձնարարականը և հանրությանն էլ տեղյակ պահենք դրա մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս