Իլհամին բան չասեք

Վերջին տարիներին հայերը սկսել են հետաքրքրվել Ադրբեջանով։ Եթե հիշում եք, դեռևս մոտ հինգ տարի առաջ հայաստանյան մամուլը գրեթե ուշադրություն չէր դարձնում հարևան հանրապետությանը։ Ամենաշատը, որ կարդում էինք՝ անդեմ համանախագահների այցերի մասին չոր հաղորդագրություններն էին։ Դրան գումարած՝ ժամանակ առ ժամանակ շփման գծին հայտնվում էր Անջեյ Կասպրչիկը, ով դիտարկումներ էր կատարում։ Կասպրչիկի հետ կապված երկու տարօրինակություն կար։ Առաջինը՝ բոլորը նրա ազգանունը տարբեր կերպ էին գրում. մեկ՝ Կասպրչիկ, մեկ՝ Կասպչիկ, մեկ էլ թեթևսոլիկ՝ Կասպերչիկ։ Եվ երկրորդ տարօրինակությունը՝ ոչ ոք չէր հասկանում, թե ի՞նչ էր այդքան դիտարկում այս հարգարժան և բազմազգանուն անձնավորությունը։

Երբ Կասպրչիկն ու համանախագահները լյարդները թթի օղուց հանգստացնելու համար հեռանում էին, մամուլը, կարծես մոռանում էր ղարաբաղյան հակամարտության մասին (բացառությամբ մի քանի լրագրողների և հրապարակախոսների, ովքեր մշտապես անդրադառնում էին թեմային)։ Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ներքին կյանքին՝ նման հետաքրքրությունը մեզանում գրեթե բացակայում էր։

Այդ իսկ պատճարով, երբ 2003-2005 թվականներին սկսեց զարգանալ ցանցային մամուլը, այն հայերը, որոնց այս թեմաները հետաքրքրում էին, սկսեցին կարդալ ադրբեջանական մամուլը, որոնցում հակամարտության լուսաբանումն այնքան հարուստ էր նյութերով, որ շատ հաճախ նույնիսկ Հայաստանի մասին նորություններն էին ավելի լավ ներկայացված լինում նրանց կայքէջերում։

Սակայն ժամանակները փոխվեցին, համացանցը դարձավ իսկապես համահայկական, և այսօր գրեթե բոլորը քիչ թե շատ օգտվում են ինտերնետից։  Մյուս կողմից, հայկական մամուլը գնալով ավելի շատ է գրում Ադրբեջանի մասին՝ արդեն նաև խորանալով նրանց ներքաղաքական կամ տնտեսական հարցերի մեջ։ Որոշ ժամանակ անց հայկական մամուլը սկսեց նաև արտատպել ադրբեջանական մամուլի քարոզչական նյութերը։ Հետո եկավ ժամանակ, երբ Իլհամ Հեյդար-օղլի Ալիևը հասկացավ, որ հայերը մտել են Ֆեյսբուք ու Օդնոկլասսնիկի, և, հայերին վախեցնելու համար, սկսեց շաբաթը մեկ ռազմատենչ հայտարարություններով ելույթներ ունենալ։

Եվ հիմա այդպես էլ ապրում ենք․ ամեն չորեքշաբթի Հեյդարի որդին մի շաբլոն հայտարարություն է անում այն մասին, որ ինքը մոտակա օրերս կազատագրի իր երազած Ղարաբաղը հայ օկուպանտներից։ Եթե Իլհամն այդ օրը շատ զբաղված է լինում, իր փոխարեն նմանօրինակ հայտարարություն կարդում է իր նազիր-վեզիրներից որևէ մեկը, ով շատ ծանրաբեռնված չի այդ պահին։

Մենք էլ՝ հայերս, բնականաբար, լսելով Իլհամի ձայնը՝ սկսում ենք նյարդայնանալ։ Ո՞նց չկատաղես, իսկապես։ Եվ, բնականաբար, շատերս, հենց բարկանում ենք՝ սկսում ենք վատ-վատ բաներ ասել Իլհամին։ Նույնիսկ, պատահում է, որ ձեռքի հետ Իլհամի կնոջն են վատ բաներ ասում։ Բա կնոջը տենց բառեր կասե՞ն։ Բայց, վերադառնանք մեր Իլհամին£

 

Ազնվորեն ասեմ, ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր Իլհամին անիծելիս՝ նրան մաղթում են շուտափույթ հրաժեշտ տալ երկրային կյանքին և միանալ ստորգետնյա տարածքներում հոր ուրվականին։ Իրականում մենք պետք է բոլոր կկուներին համոզենք, որ Իլհամին երկար կյանք գուշակեն։ Որովհետև, քանի Իլհամը ողջ-առողջ է՝ մենք կարող ենք քիչ թե շատ հանգիստ լինել, որ պատերազմ չի սկսվի, արցախյան հարցն էլ կմնա սառեցված։ Իհարկե, ավելի լավ կլիներ, որ հարցը հոգուտ մեզ լուծվեր, բայց դե, քանի դեռ պատմական իրավիճակը, արտաքին դավադրությունները և մեր արտաքին քաղաքականությունն ավելին մեզ չեն առաջարկում, թող գոնե Իլհամը մեզ օգնի ստաբիլ պահելու վիճակը։

Ինքներդ դատեք։ Պատկերացրեք, եթե Իլհամը չլիներ, այլ մի խելացի և անկաշառ, կամ էլ տգետ, բայց ֆանատիկ նախագահ լիներ։ Ադրբեջանական բյուջեով, թուրքական օժանդակությամբ մեզ արդեն շուտվանից կուլ էին տվել, ոսկորները թքել մի կողմ։ Իսկ Իլհամը, կարծես, մեզ համար նստած լինի գահին։ Ամեն ինչ անում է, որ բանակային գումարները փոշիանան (իհարկե, լավ չի աշխատում, էլի ինչ-որ զենք-զինամթերք գնում են, բայց դե, եղածը հնարավորից մի քանի անգամներով տարբերվում է), երկիրը վերածում է էմիրությունների՝ իր բոլոր հետևանքներով։ Իլհամի միակ ցանկությունն այս կյանքում՝ հանգիստ կառավարել մինչև խոր ծերություն և գահը փոխանցել իր զավակներից մեկին։ Այդ մարդը ուրիշ բան չի ուզում։  Ասես Հայաստանի գործակալը լինի։ Մարդ նույնիսկ վախենում է պատկերացնել, թե ի՞նչ կլիներ, եթե հիմա նրա հայրը գահին լիներ՝ Ադրբեջանի այսօրվա ռեսուրսներով։

Եթե հանկարծ Իլհամին  մի բան եղավ՝ նրա տեղն, ամենայն հավանականությամբ, կգրավի ազգայնամոլ ծայրահեղական, ավելի երկար բեղերով և հեռահար ցանկություններով մեկը։ Այնպես որ, Իլհամը դեռ թող մնա։ Մենք էլ, Իլհամին լսելիս, միշտ կհիշենք դասականին. «Աղա ջան, չլինի՞, թե բարկանում ես»։

Տեսանյութեր

Լրահոս