Վարդաշեն 68Ա «զնդանի» բնակիչները բողոքի ցույց են կազմակերպելու
Արդեն քանի օր է՝ «168 Ժամ» թերթն ահազանգ է ստանում Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոցի 68 ա շենքի բնակիչներից, ովքեր մեզ խնդրում են այցելել այդ տարածք և տեղում ծանոթանալ իրավիճակին:
Բանն այն է, որ 1965թ. կառուցված այդ հանրակացարանային շենքը կորցրել է ամրությունն, ու բնակիչներն ապրում են վտանգավոր պայմաններում: Շենքի բոլոր հարկերի պատշգամբների քարերն ու ծեփերը թափվում են մարդկանց գլխին: Օրեր առաջ շենքի բնակչուհի տիկին Ալվարդի գլխին քար է ընկել, բարեբախտաբար, հարվածից նա լուրջ վնասվածքներ չի ստացել, բայց բնակիչները կանխատեսում են, որ առաջիկայում այս տարածքում արտակարգ դեպք է գրանցվելու:
«Հիշո՞ւմ եք, մի քանի տարի առաջ Աերացիայում նման մի դեպք եղավ, երբ մի կին ընկել էր ցած պատշգամբի փլվածքի պատճառով: Մի օր էլ մեզ հետ է նույն բանը պատահելու: Մինչև մեկը չի մահանում կամ հիվանդանոց չի տեղափոխվում՝ ուշադրություն դարձնող չկա: Այսինքն, եթե կարող են կանխել, որ ՀՀ քաղաքացուն բան չպատահի՝ գլխառադ են անում էնքան, մինչև որ պատահի»,- ասում են Վարդաշենի հանրակացարանային շենքի վրդովված բնակիչները, ովքեր, արդեն քանի օր է՝ նաև դիմում են հեռուստաընկերությունների «Թեժ գծերին»։ Դիմում են, սակայն անօգուտ, որևէ արձագանք չկա:
Նշենք, որ այդ շենքում բնակվում է շուրջ 62 ընտանիք, որոնցում մանկահասակ երեխաներ, տարեցներ և հաշմանդամներ կան: Բնակիչներն ասում են, որ 1988 թ.-ից այդ շենքում բնակեցրել են փախստականների, աղետի գոտուց տուժածների և անօթևան ընտանիքների: Վարդաշեն 68 ա շենքը նախկինում եղել է թիվ 24 Արհեստագործական ուսումնարանին կից հանրակացարան, այնուհետև հանձնվել է «Զիկատար» ընկերությանը, որից հետո՝ թիվ 1 կրթահամալիրին: Ներկայումս, Կառավարության որոշմամբ, յուրաքանչյուր ընտանիք իր զբաղեցրած տարածքը սեփականաշնորհելու իրավունք ունի:
«Նախագահի թեկնածուները շրջում են Հայաստանի տարածքով մեկ ու էնքան սուտ խոստումներ են տալիս, որ ուզում ես բերման ենթարկես ու ասես՝ նախորդ ընտրությունների ժամանակ եկել եք էս տարածք ու նույն սուտ խոստումները տվել եք, դուք ի՞նչ է` մեզ հիմարի տե՞ղ եք դնում: Գալիս, տեսնում են, թե ինչ վտանգավոր պայմաններում ենք գոյատևում, իբր զարմանում են, իբր զայրանում են, իբր խոստանում են հարցը լուծել, բայց մեկ էլ տեսնում ես` մի 5 տարի հետո նորից են գալիս ու էլի իբր զարմանում են, իբր զայրանում են… Էդքան որ շահարկում են ապահով Հայաստան բառը, ի՞նչ ապահովության մասին է խոսքը, եթե երկրիդ քաղաքացին վախով է տեղաշարժվում, շենքի քարերը թափվում են մարդկանց գլխին: Հեռուստացույցը միացնում ես՝ ուզում ես փայտն առնես` ընկնես սրանց հետևից»,- դժգոհում էին Վարդաշեն 68ա շենքի բնակիչներն, ովքեր այնքան վիրավորված ու զայրացած են, որ մեկը մյուսին խոսելու հերթ չի տալիս:
Բնակիչներից Ռիմա Թալանչյանը վստահեցնում է, որ իրենց դիմումներին ի պատասխան` մոտ 8 տարի առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ ծառայությունից մասնագետ է եկել, ով շենքի վթարայնության մասին որևէ բան չի ասել, այլ՝ հորդորել է շենքի հիմնապատի վերանորոգման համար դիմել Էրեբունու թաղապետարան:
Բնականաբար, ութ տարի անց շենքն ամրությունն ավելի է կորցրել, ընդ որում՝ մենք ականատես եղանք փլվածքներով պատշգամբի տեսարանին, որը, կարծում ենք, իսկապես բնակիչների կյանքին վտանգ սպառնացող կարգավիճակում է. «Միայն վաճառելու տարածք լինի` վաճառեն: Հանրակացարանի ընդհանուր միջանցքներում զուգարաններ կային, որոնք նախատեսված էին բոլորի համար, քանի որ սենյակները փոքր են, ու հնարավորություն չկա ամեն սենյակում զուգարան կառուցելու: Դրանք էլ են վաճառել՝ սենյակ սարքել:
Նույնիսկ զրկված ենք բնական կարիքները հոգալու հնարավորությունից: Եվ սա ապահով Հայաստա՞նն է, որտեղ ամեն ինչ վաճառվում է, ու մնում է մի օր էլ սեփական քաղաքացիներին վաճառեն-պրծնեն»։
Ի դեպ, արդեն քանի ամիս է, ինչ շենքի բնակիչները հրաժարվում են վարձավճարներ մուծել՝ պահանջելով անհապաղ վերանորոգել շենքի հիմնապատը, տանիքն ու պատշգամբները:
Նրանք առաջիկայում պատրաստվում են նախագահական նստավայրի մոտ բողոքի ցույց կազմակերպել և այս նախընտրական շրջանում գործող նախագահին հիշեցնել պաշտոնավարման տարիներին հնչեցրած խոստումները չկատարելու մասին: «Եթե հանրակացարան ա՝ պիտի անտերությա՞ն մատնեն: Ես ուզում եմ նախագահին հարց տալ, ասել, որ եթե Ձեր կինը երեխաների հետ նման պայմաններում ապրեր` կդիմանա՞ր: Կարո՞ղ էր Ձեր ընտանիքը երկու օր նման պայմաններում ապրել: Հանրակացարանում շատ լավ, կրթված մարդիկ կան, ու չարժե նման անտարբերություն ցուցաբերել նրա համար, որ կոչվում է հանրակացարան: Մի մոռացեք, որ մենք հանրակացարանում չենք ծնվել, այլ էստեղ բնակություն ենք հաստատել` կարիքից դրդվա»,- ասում էր նույն շենքի բնակչուհի տիկին Ալինան:
Նա ասում է, որ օրեցօր զարգացող Երևանի այդ հատվածի բնակիչներն այսօր զնդանում են ապրում: 2011թ. ընթացքում Վարդաշեն 68ա շենքի բնակիչները շենքի հիմնապատերն ու պատշգամբները վերանորոգելու խնդրանքով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Երևանի նախկին քաղաքապետին և Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին: Մեր ձեռքի տակ գտնվող փաստաթղթերից մեջբերելով` նշենք, որ Քաղաքապետարանի աշխատակազմի Շինարարության և բարեկարգման վարչության պետ Ս. Մհերյանի ստորագրությամբ պատասխան նամակում ասվում է՝ «Երևանի քաղաքապետին ուղղված Ձեր 05.12.20011թ. դիմումի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի 2011թ. և 2012թ. բյուջեով շենքերի վերականգնման-ամրացման աշխատանքների համար հատկացումներ չեն նախատեսվել:
Դիմումով բարձրացված հարցին հնարավոր կլինի անդրադառնալ քաղաքապետարանի ծրագրերում նմանատիպ աշխատանքների առկայության դեպքում»։ Ուշագրավն այն է, սակայն, որ քաղաքապետարանից անգամ ներկայացուցիչ չի այցելել տարածք` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով:
Նույնաբովանդակ պատասխաններ շենքի բնակիչները ստացել են նաև ՀՀ նախագահին, վարչապետին ուղղված դիմումներից հետո, որոնք վերահասցեագրվել են քաղաքապետարան: Էրեբունի վարչական շրջանի ներկայացուցիչներն էլ բնակիչներին հորդորել են գումար հավաքել և Սեյսմիկ ծառայությունից մասնագետ հրավիրել՝ շենքի վթարայնությունը որոշելու համար: «Մեկ էլ քաղաքապետարանից եկել են 2 տարի առաջ, լուսանկարել են, խոստացել են վերանորոգման աշխատանքներ կատարել, բայց այլևս չեն վերադարձել: Ընտրություններին գալիս են, խոստումներ են տալիս ու հեռանում են: Ամոթ է, էլի… ինչքա՞ն կարող ենք վախը սրտներումս ապրել:
Վախենում ենք դուրս գալ պատշգամբ լվացք փռելու: Մի օր մի անկանխատեսելի բան կլինի, ու կսկսեն հարցեր տալ, թե ինչի՞ եղավ: Էդքան հեռուստատեսությամբ ցույց են տալիս դժբախտ պատահարների մասին դեպքերը, բայց, որ կանչում ենք հարցը բարձրաձայնելու, էդ դեպքերը կանխելու, մեկը բանի տեղ չի դնում: Լծվել են ընտրությունների քարոզչությանը, չեն ուզում վատամարդ լինել: Մենք ոնց որ, շրջափակման մեջ լինենք, արհամարհված, բայց չէ՞ որ հանրակացարանում բոմժեր չեն՝ մարդիկ են: Էլ հնարավոր չի էս վախի պայմաններում ապրել: Մեզ հարկավոր չի իրենց 5000 դրամները, մեզ պետք է, որ ապահով զգանք մեր էս զնդանում»,- ասում են 68ա շենքի բնակիչները՝ զգուշացնելով, որ առաջիկայում պատրաստվում են նախագահականի մոտ ցույց կազմակերպել: