Բաժիններ՝

Առաջնայինը մարդկայինն է. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Քաղաքական գործիչներից մեկը «Աոավոտին» տված հարցազրույցում խիստ բացասաբար էր արտահայտվել Պարույր Հայրիկյանի մասին։ Զարմանալի զուգադիպությամբ՝ վատ կապի կամ տեխնիկական այլ պատճառով այդ նյութը տեղ հասավ ուշացումով և հունվարի 31-ի երեկոյան չհայտնվեց մեր կայքում։ «Աստծո աջն է»,– նման դեպքերում ասում է ԱԻՄ նախագահը։ Եթե այդ նյութը հրատարակվեր մահափորձի գիշերը, Հայրիկյանը չէր նեղանա՝ նա այս 18 տարում երբեբ չի նեղացել իր մասին «Աոավոտում» բազմաթիվ բացասական հրապարակումներից և հակառակը՝ մշտապես իր գոհունակությունն էր հայտնում այն դեպքերում, երբ որևէ հոդվածի հետ համաձայն էր։ Պարզապես, եթե նյութը տեղադրվեր մեր կայքում, ես ինձ վատ կզգայի։

Անկախ բոլոր տեսակի քաղաքական նախասիրություններից և գաղափարական տարբերություններից՝ ես կողմնակից եմ մարդկային մոտեցումների։ Ես լավ չեմ հասկանում, օրինակ, թե ինչու է հացադուլ անում Անդրիաս Ղուկասյանը, բայց մեծ տհաճություն եմ զգում, երբ նրա հացադուլը սկսում են ծաղրել և դրա վերաբերյալ ցինիկ կատակներ են անում։

Մարդը կամավոր զրկանքներ է կրում՝ հանուն ինչ-ինչ նպատակների՝ դա տետք է հարգել։ Հայրիկյանի դեպքում համաձայն չեմ այն պնդումների հետ, թե այդ ամենը շոու է, ամեն ինչ սարքած է, պարզապես նախագահի թեկնածուն իր PR-ն է անում, վարկանիշ է բարձրացնում և այլն։ Իհարկե, մարդիկ հակված են ոչ մի բանի չհավատալու ու ամեն տեղ ինչ-որ խաբեություն են տեսնում։ Բայց տվյալ դեպքում կարելի է մաղթել՝ թող Հայրիկյանի չուզողները երբեք այդպիսի PR-ի հնարավորություն չունենան։

Չեմ կարող ընդունել այն հեռու գնացող «քաղաքագիտական» վարկածները, որոնք ծնվում են այդ ահաբեկչության ազդեցության տակ։ Դրանց հեղինակներին իբր հայտնի են արդեն այն երկրները և դրանց հատուկ ծառայությունները, որոնք պատվիրել են հանցագործությունը։ Դա ինձ հիշեցրեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր «Հոկտեմբերի 27-ից» հետո, երբ ռուսներն այդ ոճրագործությունը ուզում էին գցել Արևմուտքի, իսկ Արևմուտքը՝ ռուսների վրա։ Այդպիսի պատասխանատու հայտարարությունների համար պետք են ինչ-որ հիմքեր, որոնք Հայրիկյանի մահափորձի դեպքում առայժմ չեն նշվում։

Վերջապես՝ ինձ դուր չի գալիս «արմատական ընդդիմադիր» այն մոտեցումը, որը կարելի է ձևակերպել այսպես. «Կեցցե՛ն ահաբեկիչները՝ նրանք խափանեցին հանգիստ ընտրություններ անցկացնելու իշխանությունների դավադիր ծրագրերը»: Չեմ կարծում, որ մարդու կյանքի դեմ ոտնձգությունը պետք է նման հրճվանքի առիթ դաոնա` անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքական հետևանքների այն կբերի։

Պարույր Հայրիկյանը իմ թեկնածուն չէ, և ես չեմ պատրաստվում նրան ձայն տալ։ Բայց այդ մարդու տոկունությունը՝ իր ողջ կյանքի ընթացքում, մեծ հարգանքի է արժանի։

Պինդ կացեք, պարոն Հայրիկյան»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս