Ադրբեջանում առաջարկում են ինքնաթիռ ուղարկել Ստեփանակերտի օդանավակայան

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթում հրապարակվել է Բուրհան Ալեկպերզադեի հոդվածը, որում խոսք է գնում Ստեփանակերտի օդանավակայանի բացման խնդրի մասին.«Մենք ողջ լրջությամբ սպառնում ենք կործանել Ստեփանակերտ թռչել պատրաստվող քաղաքացիական ինքնաթիռները: Երկրի կառավարությունն այս տարվա հունվարի 18-ին հաստատեց Ադրբեջանի օդային տիրույթի օգտագործման կանոնները, որով փաստացիորեն ռազմաօդային ուժերին թույլատրեց ոչնչացնել քաղաքացիական ինքնաթիռները:

Բանը հասավ անգամ նրան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Երևանում պատասխանելով լրագրողի կողմից բարձրացված տվյալ խնդրի շուրջ հարցին, հայտարարեց, որ դա կա՛մ մտքի սխալ արտահայտում է, կա՛մ էլ անհաջող կատակ. «Ես Ադրբեջանը դիտարկում եմ որպես քաղաքակիրթ երկիր, որը հավատարիմ է համամարդկային նորմերին:

Եվ ես խստապես կասկածում եմ, որ մեր ժամանակներում յուրաքանչյուր երկրի ղեկավարություն կարող է արձակել քաղաքացիական ինքնաթիռների միտումնավոր ոչնչացման հրաման: Մենք բոլորս քաջ հիշում ենք, թե միջազգային ինչպիսի սուր արձագանք առաջացրեց 1983 թվականին Հեռավոր Արևելքում կորեական ինքնաթիռի ոչնչացումը: Այնպես որ ես լուրջ չեմ վերաբերում այդ տեղեկատվությանը»:

Իսկ ի՞նչ կլինի, եթե մեր ինքնաթիռը մեկնի Ստեփանակերտ, և թող այդ ժամանակ փորձեն կործանել այն: Եթե հայկական կողմը կործանի այն, ապա Հայկական սփյուռքը պետք է լծվի դրա հետևանքների չեզոքացմանը: Իսկ եթե թույլ տան, որ ինքնաթիռը վայրէջք կատարի Ստեփանակերտի օդանավակայանում, ապա որտե՞ղ է երաշխիքը, որ բանակը չի հայտնվի ուռա-հայրենասերների ուժեղ ճնշման տակ և նրանում չեն սկսվի մաքրումներ, ինչպես որ ժամանակին իրականացվել է ստալինյան ու գորբաչովյան ժամանակաշրջաններում»:

Տեսանյութեր

Լրահոս