«Starbucks»-ի նմանությամբ սուրճ՝ Երևանի մետրոպոլիտենում
Երևանի՝ Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանում տեղադրվել է սուրճի և թեյի վաճառասեղան՝ «Մետրո-սուրճ» (Metro-cafe’) գովազդային վահանակով։ Սուրճը և թեյը վաճառվում են համաշխարհային բրենդ համարվող «Starbucks»-ի փաթեթավորմանը նմանվող թղթյա բաժակներում: Սակայն այստեղ տարբերությունը մեկն է` «Մետրո-սուրճ» փաթեթավորումը պատկանում է «Աֆթաբ» փաթեթավորող ընկերությանը (այդպես էլ մակնշված է բաժակի կափարիչի վրա): Արտադրողները բաժակի վրա զետեղել են նաև էկոլոգիական մի նկատառում ` «Թղթյա բաժակների օգտագործմամբ պահպանում եք բնությունը»:
168.am-ը դեռևս նախորդ շաբաթ գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան` հետաքրքրվելով, թե ո՞ւմ է պատկանում նշյալ վաճառասեղանը, և քաղաքապետարանն ի՞նչ հիմունքներով է թույլատրել տվյալ օբյեկտի գործունեությունը: Սակայն քաղաքապետարանից դեռևս չեն պատասխանել մեր հարցմանը: Վաճառասեղանի մոտ փակցված տնտեսվարող սուբյեկտի գործունեության մասին պարտադիր տեղեկատվության թերթիկի համաձայն՝ տնտեսվարող սուբյեկտը գրանցված է Երևանի Արամ Խաչատրյան փողոցում:
Ի դեպ, նշենք նաև, որ բացի թեյից և սուրճից, վաճառում են նաև փքաբլիթներ և հոթ-դոգ: Վաճառասեղանի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ սկսել են աշխատել տոներից հետո: Ավելացնենք, հետաքրքրության համար ինքներս փորձեցինք «Մետրո-սուրճը», և անկեղծորեն պիտի խոստովանենք, որ այն շատ համեղ էր: