Բաժիններ՝

PKK-ն կատարում է զինաթափման առաջին քայլը

Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունների և Իմրալը կղզու բանտում պահվող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ բանակցություններում գրանցվել է որոշակի առաջընթաց, որի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկա օրերին:

Այդ բանակցությունները կոորդինացնում է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT), դրանք առնչվում են Օջալանի հիմնադրած «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինաթափմանը: Օջալանի «պաշտոնական» կոչով մոտ 100 PKK-ական վայր է դնելու զենքը և թուրքական անվտանգության ուժերի վերահսկողության ներքո լքելու է Թուրքիայի տարածքը:

Օջալանի այդ կոչն արվելու է փետրվարին, սակայն PKK-ականները Թուրքիան լքելու են գարնանը, քանի որ ձմեռային պայմաններում դա նպատակահարմար չի համարվում: Մի շարք հասարակական կազմակերպություններ էլ «դիտորդի» դերում են հանդես գալու տվյալ գործընթացում: Բացի այդ, առաջիկա օրերին MIT-ի բարձրաստիճան պատվիրակությունը մեկնելու է Հյուսիսային Իրաք, ուր գտնվում են PKK-ի ճամբարները:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Թուրքիայում գտնվող PKK-ականները վայր դնեն իրենց զենքը, ապա իրենք թույլ կտան, որ նրանք անարգել լքեն երկրի տարածքը: Ի դեպ, 2009 թվականի հոկտեմբերին Էրդողանն առաջ էր քաշել «Քրդական նախաձեռնությունները», որոնցով նախատեսվում էին մի շարք իրավունքներ շնորհել քրդերին:

Դրա շրջանակներում Օջալանը համաձայնվել էր Թուրքիա վերադառնալու կոչով դիմել PKK-ին` որպես PKK-ի կողմից զինյալ պայքարին վերջ դնելու պատրաստակամության ժեստ: 2009 թվականի հոկտեմբերի երկրորդ կեսին Օջալանի կոչով PKK 34 անդամներից բաղկացած «խաղաղության խումբը» վերադարձավ Թուրքիա:

Նրանք ձերբակալվեցին, սակայն որոշ ժամանակ անց դատարանը համաներմամբ («զղջման օրենք»-ի հիմքով) ազատեց նրանց: Դատարանը դա հիմնավորեց նրանով, որ «PKK-ում գտնված ժամանակ նրանք ոչ մի հանցագործություն չէին կատարել»: Խաբուր գետի մոտ քրդերը մեծ շուքով դիմավորեցին PKK-ականներին, ինչը «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին որակեց որպես «Խաբուրի խայտառակություն»:

Իսկ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) տվյալ ժամանակվա փոխնախագահ Օնուր Օյմենը, դիմելով Էրդողանին, հայտարարել էր. «Զենքը ձեռքն առածին ու լեռները բարձրացածին բաց եք թողնում, իսկ ձեռքը գրիչ վերցնողին բանտ նետելը նորմա՞լ եք համարում: Սա՞ է ժողովրդավարացման ձեր հասկացողությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս