Երիտասարդության պալատն անօրեն է քանդվել. Հրաչ Պողոսյան
«Երիտասարդության պալատի քանդելու պրոցեսն անօրեն է սկսվել, անօրեն էլ վերջանում է: Մեր օրենքներով՝ եթե որևէ մարդ, որևէ քաղաքացի ուզում է շենք քանդել և նորը կառուցել, նա պետք է դիմի քաղաքապետարան, թույլտվություն ստանա, բայց թույլտվություն ստանալու համար պետք է ցույց տա՝ ինչ է կառուցելու: Երիտասարդների պալատի դեպքում այդ բոլոր բաները չեն արվել: Առանց նախագծի՝ ուղղակի որոշել են քանդել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ճարտարապետ Հրաչ Պողոսյանը, ով Երիտասարդության պալատի համահեղինակներից է:
Հրաչ Պողոսյանը նշում է, որ Երիտասարդության պալատի ճակատագիրն անհայտ է. 2005-ին քանդվելուց հետո պարզ չէ՝ այնտեղ ինչ է կառուցվելու: Ճարտարապետն ասում է՝ ինքը Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանից տեղեկացել է, որ սեփականատերը ցանկանում է շինարարություն իրականացնել, բայց պահանջում է ևս 20 հարկ կառուցելու հնարավորություն տալ իրեն:
Ըստ Հրաչ Պողոսյանի՝ 2005-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն ու Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը մի փաստաթուղթ ստեղծեցին, որի համաձայն՝ Երիտասարդության պալատն այնպիսի ֆիզիակական վիճակում է, որ անպայման պետք է քանդվի. «Բայց հարց է ծագում: Մոտավորապես նույն վիճակում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի եկեղեցին: Ի՞նչ է՝ պետք է քանդե՞նք: Երիտասարդության պալատն ընդհանրապես վթարային վիճակում չէր»:
«Երիտասարդների պալատի ոչնչացման պատճառը շատ պարզ է: Այն սեփականաշնորհվեղ, գնեց մի մասնավոր անձ, այդ մասնավոր անձը որոշեց, որ դա չի համապատասխանում իր պահանջներին և որոշեց քանդել: Քանդելու հիմնական պատճառն այն է, որ գնորդը՝ Էդուարդ Ավետիսյանը, ասում էր, որ ինքը ցանկանում է շատ բարձրակարգ հյուրանոց կառուցել և սա իրեն ձեռք չի տալիս»,- ասաց Հրաչ Պողոսյանը:
Ճարտարապետը նշում է, որ այժմ շենքի մոտակայքում գտնվող տարածքը, որը ևս սեփականաշնորհվել է, բազալտի շահագործման հանքավայր է դարձել. «Այդ մարդը մեքենա է դրել, բազալտը դարձնում է բազալտի խիճ, վաճառում է, այսինք՝ քաղաքի կենտրոնում ստեղծվել է հանքավայր»: