Ֆրանսուա Օլանդը պլանավորել է ապրիլի 24-ին այցելել Հայաստան. Hürriyet Daily News
Թուրքական Hürriyet Daily News թերթը, վկայակոչելով Ելիսեյան պալատում ունեցած աղբյուրը, հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պլանավորել է ապրիլի 24-ին (Հայոց ցեղասպանության 98-րդ տարելից) այցելել Հայաստան: Օլանդի հայկական այցը տեղի է ունենալու Ֆրանսիայում 2012 թվականի նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հրավերի հիման վրա:
Աղբյուրի պնդմամբ՝ Օլանդը 2014 թվականին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ «ցեղասպանության վերաբերյալ հզոր ուղերձ» է հղելու Ֆրանսիայի հայ համայնքին: Թուրքական թերթը գրում է, որ այնուամենայնիվ Օլանդը Սահմանադրությունում առկա «տեխնիկական բարդությունների» պատճառով Սենատի հաստատմանը չի ներկայացնի Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը: Թերթը հիշեցնում է, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը նախորդ տարի չեղյալ է հայտարարել այդ օրինագիծը:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից ընդունվել է 2011 թվականի դեկտեմբերին, իսկ 2012 թվականի հունվարին այն ընդունվել է խորհրդարանի վերին պալատի կողմից: 2012 թվականի փետրվարին էլ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը չեղյալ հայտարարեց այդ օրինագիծը՝ այն որակելով որպես «հակասահմանադրական»: Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական կամպանիայի ժամանակ խոստացել է օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի հարցը: