Բաժիններ՝

Սպանեք, մորթեք, կերեք…. բայց միայն կինոյում (լուսանկարներ)

Մոլագար մարդասպանների մասին ֆիլմերը նկարահանվել են դեռ վաղուց, նույնիսկ նրանցից մի քանիսը դասականների շարքին են դասվում` Ֆրից Լանգի «Մ»-ն (1931), Հիչկոկի «Կասկածի ստվերը» (1943) և «Պսիխոն» (1960): Սակայն միայն 1970-ականներից սկսած առանձին ժապավեններից ձևավորվեց լիարժեք մի ժանր, որն իր մեծ տեղն ունի մշակութային տարածության մեջ: Պատճառն այն է, որ ժամանակակից մշակույթին բնորոշ է չարի նկատմամբ հետաքրքրության աճի միտում: 50-ականների պարզունակ լավատեսությանը 70-ականներից սկսեց փոխարինել սարսափով ու դաժանությամբ լցված գիտակցությունը, ինչն իշխում է մինչ այսօր: Ոմանք մշակութային նման բեկումը բացատրում են ետպատերազմյան հոգեկան ցնցումներ ապրած սերնդի հերթափոխով: Կինեմատոգրաֆն իր հերթին փորձում էր զբաղվել չարի արմատների և դրանց դեմ պայքարելու ձևերի փնտրտուքով՝ շեշտը դնելով մոլագար մարդասպաններին պատկերելու վրա:

M

Մոլագար մարդասպաններին կարելի է բաժանել երկու մեծ խմբի:

1. «Մսագործներ»: Նրանք սովորաբար ունեցել են վատ մանկություն, տարբեր հոգեկան ցնցումներ են ապրել կամ էլ ֆիզիկական արատներ ունեն: Այս մոլագարների գործողությունները համակարգված չեն. նրանք պարզապես զոհ են փնտրում: Սոված գազանների նման նրանք մարդկային կյանքեր են խլում՝ առանց հաշիվ տալու դրանց արժեքի մասին: Նրանց հիմնական արժեքն իրենց ցանկությունների բավարարվածությունն է: Իսկ այդ ցանկությունները խեղաթյուրված բնույթ են կրում:

Կարդացեք նաև

2. Ինտելեկտուալներ: Նրանց հոգեկան վիճակն ավելի ամուր է և կայուն, իսկ կատարած սպանությունների տրամաբանությունը հաճախ ընկալելի է դառնում: Այս կատեգորիայի մոլագարների ամենավառ օրինակը Հանիբալ Լեկտորն է:

 

Մոլագարի կերպարը կինոյում

Որոշ հոգեբանների կարծիքով, մոլագարն էկրանին տարրական խելագար է, պատահական արատավորության օրինակ, անհաջողակ մուտանտ, որի ֆիզիկական ոչնչացումից հետո կյանքն արագորեն կարգավորվում է, մինչդեռ մարդկային հոգում ապրող չարի իրական արմատները չեն ուսումնասիրվում: Սա շատ դեպքերում ճշմարիտ է: Սակայն ավելի խորաթափանց ռեժիսորները չեն բավարարվում իրենց ֆիլմերի մոլագար հերոսների ոչնչացմամբ՝ օրինապահ քաղաքացիների հավանությանն արժանանալու համար: Ստենլի Կուբրիկի «Փայլատակում» ժապավենում (1980) անսահման չարը ներթափանցում է ընտանիքի բարեգործ հոր հոգու մեջ և «սնում» է նրա փոքր թերությունները: Դևիդ Ֆինչերի «Յոթ» ֆիլմը (1995) ցույց է տալիս, որ հաղթական արդարությունը տեղ չունի, և, որ Կևին Սպեյսիի մոլագար հերոսի ֆիզիկական ոչնչացումը ոչ թե թեթևացնում, այլ, ընդհակառակը, բազմապատկում է ընդհանուր ողբերգությունը:

seven1Shining

Իսկ Կոեն եղբայրները «Ծերունիներն այստեղ տեղ չունեն» ժապավենով իրենց աղմկոտ խոսքը հասցրին ամբողջ աշխարհին: Նրանք լիովին կարող էին իրենց ֆիլմն անվանել «Մոլագարներն այստեղ տեղ ունեն», այսօրվա դաժան աշխարհում նրանք են իրական տիրակալները:

no-country-for-old-men-bfi-00n-w57

 

«Լավագույն» մոլագարները

Կինոհերոս դարձած մոլագարների ցուցակը երկար է ու խայտաբղետ: Երևի սկսենք բոլոր ժամանակների ամենաաղմկոտ մարդասպանից` Ջեկ Մորթազերծողից: Նրա մասին բազմաթիվ ֆիլմեր են նկարահանվել` և՛ թրիլլերներ, և՛ վավերագրական ժապավեններ, և նույնիսկ կատակերգություններ: Ջեկի մասին ամենավաղ շրջանի ֆիլմերից են «Մոմե կերպարների աշխատասենյակը» (1924), «Պանդորայի արկղը» (1929), իսկ ամենաթարմերն են «Դժոխքից» ժապավենը (2001) և «Վատ կարման» (2002), որտեղ Ջեկ Մորթազերծողի հոգին հայտնվում է կանացի մարմնում:

From Hell

Ռիչարդ Լյոբը և Նատան Լեոպոլդը հարուստ դեռահասներ են եղել, որոնք իրենց գիտակցությունը մնացյալ աշխարհից վեր են դասել: Նրանք սպանել են 14-ամյա մի տղայի` միայն նրա համար, որ ցույց տան, որ իրենք իրենց շրջապատողներից խելացի են, որ իրենք կարող են «չբացահայտվող սպանություն» կատարել: Այս գործի հիման վրա նկարահանված առաջին ֆիլմը Հիչկոկի «Պարանն» է (1948): Ավելի ուշ նկարահանվել են Թոմ Կելինի «Ուշագնացությունը» (1992) և Բարբետ Շրյոդերի «Սպանությունների հաշվարկը» (2002)` Սանդրա Բալոկի մասնակցությամբ:

Murder by Numbers

Էյլին Ուորնեսն աղմուկ հանած կին մոլագար մարդասպաններից է: Հենց նրա պատմությունն է ընկած 2003թ. Պատի Ջենկինսի կողմից նկարահանված «Հրեշը» ֆիլմի հիմքում: Ընդ որում, Էյլինին նմանվելու համար Օսկարի արժանացած գեղեցկուհի Շարլիզ Թերոնը ստիպված է եղել 14 կգ-ով գիրանալ:

Monster

Կինոգործիչների կողմից «ամենասիրված» մոլագարներից է լեգենդար Էդ Գեյնը: Նա մահացածների մարմնի մասերից ստեղծել է իր սեփական աշխարհը. գանգերից կահույք է սարքել, մարդկային կաշվից շոր է կարել և այլն: Հետաքրքիրն այն է, որ Գեյնը, թեև դաժանաբար, բայց սպանել է ընդամենը երկու կնոջ: Մնացած «նյութը» նա հայթայթել է գերեզմանները պեղելով:

1960թ. Ալֆրեդ Հիչկոկի կողմից նկարահանված «Պսիխոյի» հերոսը` Նորման Բեյտսը, ընդհանրություններ ունի Էդ Գեյնի հետ: Հիչկոկի մահվանից հետո Բեյտսի մասին ևս մի քանի ֆիլմ է նկարահանվել: Ընդ որում, «Պսիխոյի» 3-րդ մասի ռեժիսորն Էդվարդ Պերկինսն է եղել, ով ժամանակին մարմնավորել է հենց Բեյտսին:

psycho

 

Կինոլեգենդ մոլագարների մասին

1991թ. էկրան բարձրացավ համաշխարհային կինոյի գլուխգործոցներից մեկը` Ջոնաթան Դեմեի «Գառնուկների լռությունը»: Ֆիլմն արժանացավ 5 Օսկարի` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն դերասանուհի» (Ջոդի Ֆոսթեր), «Լավագույն դերասան» (Էնթընի Հոպկինս), «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն հարմարեցված սցենար» անվանակարգերում: Ֆիլմի հերոսի` մոլագար Բաֆալո Բիլի կերպարը ստեղծվել է երեք իրական մոլագար մարդասպանների կերպարներից: Էդ Գեյնը, որի մասին արդեն խոսվել է, սիրել է իր զոհի կաշվից հագուստ կարել, գեղեցկատես Տեդ Բանդին կեղծ գիպսե վիրակապ է օգտագործել` միամիտ կանանց խաբելու համար, իսկ Գարի Հեյդնիկն իր զոհերին խորը փոսում է պահել, որտեղ նրանք, որպես կանոն, մահացել են սովից:

silence_of_the_lambs_1

«Գառնուկների լռությունը» սկիզբ դրեց նաև Հանիբալ Լեկտորի կյանքի մասին պատմող ֆիլմերի ստեղծմանը. արդեն 21-րդ դարում էկրան բարձրացան «Հանիբալ», «Կարմիր վիշապ» և «Հանիբալ. Ծնունդ» ժապավենները: Լեկտորի կերպարի հիմքում ընկած է մոլագար մարդասպան Ալբերտ Ֆիշի կերպարը: Վերջինս սիրել է հետապնդել փոքր աղջիկներին, սպանելուց առաջ երկար տանջել նրանց, իսկ հետո ուտել զոհերի այլանդակված մարմինները:

Իր դերին նախապատրաստվելու ընթացքում Է. Հոպկինսը մանրամասնորեն ուսումնասիրել է ժամանակակից հայտնի մոլագար մարդասպանների դոսյեները: Նա այցելել է նաև բանտեր և մասնակցել է մի քանի դատական գործընթացների: Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրության ընթացքում Հոպկինսը նկատել է, որ մոլագար Չարլզ Մենսոնը խոսելու ժամանակ աչքերը երբեք չի թարթել, և այդ նրբությունը դերասանը փոխանցել է Լեկտորի կերպարին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս