«Մի բան է, որ օրենքում գրված է՝ կոռուպցիոները դատապարտվում է, բայց մի բան է, որ հանրապետությանդ նախագահը դառնում է միլիարդատեր»
Երեկ Կենտրոնական բանկի նախկին նախագահ, ՀԱԿ անդամ Բագրատ Ասատրյանը հայտարարել էր, թե Եվրոպական միությո՞ւն, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքից Հայաստանը պետք է ընտրի Եվրոպական միությանը:
168.am-ի հետ զրուցում Բագրատ Ասատրյանն ասաց, թե իր կարծիքով՝ միակ ճանապարհը Եվրամիությանն անդամակցելն է. «Ես այլ կերպ չեմ տեսնում: Ռումինիան, օրինակ, դարձավ միության անդամ: Մենք այն ժամանակ ավելին էինք, քան Ռումինիան, բայց այսօր մենք նահանջում ենք, որովհետև չունենք այդ ուղղվածությունը»:
Եվրոպական միության անդամ դառնալու համար կան որոշակի պահանջներ, ուստի Բագրատ Ասատրյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանն այսօր բավարարո՞ւմ է այդ պահանջներին:
«Գիտե՞ք, ֆորմալ առումով շատ բան արվել է, բայց իրականում մենք շատ-շատ հեռու ենք: Դա նախևառաջ՝ մտածելակերպ է:
Մի բան է, որ օրենքում գրված է՝ կոռուպցիոները դատապարտվում է, բայց մի բան է, որ հանրապետությանդ նախագահը դառնում է միլիարդատեր: Ինչպե՞ս կարող նման բան լինել: Եթե ֆորմալ մոտենաս, ոչ մի դատարան, ոչ մի իրավապահ մարմին չի արձանագրել, որ ինչ-որ բան այն չէ: Բայց իրողությունը հո գիտե՞նք: Քաղաքական կոռուպցիան ամենախայտառակ, ամենավտանգավոր բանն է: Իշխող ուժն ուղղակի ոչնչացնում է: Խուժանն է որոշում, խուժանն իշխող դիրք ունի»,- ասաց Բագրատ Ասատրյանը՝ հավելելով, թե այս վիճակով Հայաստանը Եվրոպական միության անդամ չի կարող դառնալ, ուստի անհրաժեշտ է իրականացնել մի շարք փոփոխություններ: