Բաժիններ՝

Ստամբուլյան համերգից հետո երգիչ Անդրեն այցելել է Արևմտյան Հայաստան

Երգիչ Անդրեի և թուրքաբնակ երգչուհի Սիբիլի Ստամբուլյան համերգը բուռն արձագանք է ունեցել: Կայացած համերգի և Ստամբուլից ստացած իր տպավորությունների մասին Անդրեն կիսվել է armstar.am-ի հետ: «Շատ հուզված էինք: Բավականին լրջորեն էինք պատրաստվել համերգին, հարցազրույցներ էինք տալիս տարբեր լրատվամիջոցների, թերթերի և ամսագրերի: Փորձերն անցնում էին 30 հոգանոց հսկայական սիմֆոնիկ խմբի հետ, որին միացել էին նաև 4 երաժիշտ, որոնք նվագում էին փոփ գործիքներ: Վարդանանց եկեղեցու հայ համայնքի ղեկավարները ապահովել էին հրաշալի դահլիճ, հրաշալի լուսավորություն և պրոֆեսիոնալ ձայն: Մեր համերգի կազմակերպիչներն, իսկապես, ջանք չէին խնայել: Շատ հուզվեցի նաև համերգի ժամանակ, երբ կատարեցի «Մեր Երգիր», «Հայաստանս», «Կիլիկիա» երգերը: Սիբիլը նաև կատարեց «Տեսնեմ Անին» և «Ադանա» երգերը, միասին երգեցինք «Գետաշեն» երգը: Մի խոսքով, այս երգերն այստեղ անհրաժեշտ ու շատ կարևոր էին ինձ համար: Ես ինձ զգում էի մեր հայ ազգի երազած հայրենիքում, որը, ցավոք սրտի, մեզանից խլել են: Համերգից հետո ես շատ ուրախ էի իմ և Սիբիլի հաղթանակած համերգի համար»,- armstar.am-ին ասել է  Անդրեն: Վերջինս 168.am-ի հետ ունեցած զրույցներից մեկի ընթացքում նշել էր, որ  մեկնում է Ստամբուլ հայերի համար երգելու, և իր խոսքն ուղղված է հայերին: Անդրեին համերգից հետո անակնկալ էր սպասվում, որի համար երգիչն անչափ ուրախ էր: « Համերգից 5 ժամ անց ինձ հրավիրեցին Արևմտյան Հայատան: Այն տեսնելն ինձ համար երազանք էր: Շատ հուզիչ և անբացատրելի պահեր էին: Իմ նախնիները ծնվել և միշտ ապրել են Արցախում, բայց ես շատ-շատ հուզված էի: Կարծես երգիս միջոցով վերապրում եմ այն ամենը, ինչ զգում է այդ հողում ծնված հայը»,-  ասել է երգիչը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս