Վերջին մեկ ամսում Ստամբուլում հարձակման է ենթարկվել 4 տարեց հայուհի
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ 2012 թվականի վերջին – 2013 թվականի սկզբին Ստամբուլի Սամաթյա թաղամասում, ուր առկա է հայկական հոծ բնակչություն, տարեց հայ կանանց նկատմամբ իրականացվել է 4 հարձակում: Այդ ամենի հետևանքով մահացել է 84-ամյա Մարիցա Քյուչուքը, տուժա]ներից մեկը ծեծի է ենթարկվել և կարող է զրկվել տեսողությունից, ևս մեկ հայուհու էլ հաջողվել է հրաշքով փրկվել առևանգումից:
Վերջին միջադեպն էլ գրանցվեց օրեր առաջ, երբ 80-ամյա հայուհու վրա հարձակվել էր դիմակավոր մի երիտասարդ և դաժան ծեծի ենթարկել նրան: Կնոջը փրկել էին հարևանները, իսկ հանցագործին հաջողվել էր դիմել փախուստի: Այս միջադեպերի հետ կապված՝ Թուրքիայի Մարդու իրավունքների գրասենյակը (IHD) դիմել է ոստիկանություն և իր մտահոգությունն է հայտնել նրան, որ այս բոլոր հարձակումների հետևում կարող է կանգնած լինել կազմակերպված հանցավոր խումբը:
IHD-ի ստամբուլյան գրասենյակի ղեկավար Ումիթ Էֆեն չի բացառել, որ այդ բոլոր հարձակումներն իրականացվել են ռասիստական հողի վրա. «Ցուցիչները նույնն են, որպես թիրախ են ընտրում տարեց, անպաշտպան հայ կանանց: Մարիցա Քյուչուքի սպանությունը և 3 կնոջ վրա հարձակում գործելը մեծացնում են մեր անհանգստությունը:
Ոստիկանությունը մեզ հայտնել է, որ օր ու գիշեր աշխատում է այդ հանցագործությունների բացահայտման և դրանց կանխման ուղղությամբ: Մենք հետևելու ենք այդ միջադեպերի հետաքննման գործընթացին: Մենք նաև պատրաստում ենք հատուկ զեկույց, որն ուղարկելու ենք իրավապահ մարմիններին»: