Կրթության վարչության պետը հավաքել է դպրոցի տնօրեններին և «ինստրուկտաժ» արել` նախագահական ընտրությունների վերաբերյալ
Այսօր Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀԿ) հրավիրված քննարկմանը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեղադրեց երեք խորհրդարանական ուժերին, որոնք չմասնակցեցին նախագահական ընտրություններին` միևնույն ժամանակ պահելով պատգամավորական մանդատները, սակայն, ըստ Արմեն Մարտիրոսյանի, այդ ուժերի ընտրազանգվածը, միևնույն է, իշխանական չէ, այլ ընդդիմադիր է:
«Եթե նայենք խորհրդարանական ընտրությունների համամասնական բաժնին, կտեսնենք, որ այնուամենայնիվ, Հանրապետական կուսակցությունը 50+1 տոկոս ձայն չկարողացավ հավաքել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Այս համատեքստում նա անդրադարձավ իշխանության կողմից վարչական և այլ ռեսուրսների օգտագործմանը և այս առումով իշխանություն- ընդդիմություն հավասարության հարցին` նշելով, որ աշխարհի որևէ երկրում ընդդիմությունը հավասար ռեսուրսներ չունի իշխանության համեմատ, պարզապես խնդիրն այն է, որ զարգացած երկրներում այդ տարբերությունը շատ փոքր է լինում:
«Այն, որ այսօր (Հայաստանում.-Ա.Ս.) ռեսուրսների առումով հավասարություն չկա, դա, կարծում եմ, փաստ է. ես երեկ երեկոյան արդեն տեղեկություն եմ ստացել, որ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետը` Գայանե Սողոմոնյանը, դպրոցներից մեկում, եթե չեմ սխալվում, 27 միջնակարգ դպրոցում հավաքել է դպրոցների տնօրեններին և արդեն սկսել է «ինստրուկտաժը»` նախագահական ընտրությունների հետ կապված: Հավասա՞ր պայմաններ են, իհարկե հավասար պայմաններ չեն»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը: