Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ անձնական պատասխանատվություն է կրում ամերիկացի դեսպանի սպանության համար

BBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մասնակցել է երեկ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած Բենղազիում ԱՄՆ դեսպանի սպանության գործով կազմակերպված լսումներին՝ պատասխանելով դրա հետ կապված մեղադրանքներին:

Քլինթոնը հերքել է այն մեղադրանքը, որ Պետդեպարտամենտը միտումնավոր հասարակությունից թաքցրել է Բենղազիում ԱՄՆ հյուպատոսության վրա կատարված հարձակման փաստը: Դրա հետ մեկտեղ նա խոստովանել է, որ անձնական պատասխանատվություն է կրում ամերիկացի դեսպանի սպանության համար՝ ընդգծելով, որ այդ հարձակումը չի եղել միակ դեպքը և որպես օրինակ մեջբերել է Մերձավոր Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում ԱՄՆ ներկայացուցիչների դժվարությունները:

Քլինթոնը նաև խոստովանել է իր պատասխանատվությունը Բենղազիում ամերիկյան հյուպատոսության ոչ բավականաչափ հուսալի պահպանման հարցում, ինչի պատճառը եղել է այն, որ նա ժամանակին չի հասցրել ծանոթանալ Լիբիայում գտնվող ամերիկացի դիվանագետների ուղարկած հաղորդագրություններին, որոնցում խնդրում էին ձեռնարկել անվտանգության միջոցներ: Ի պատասխան դրա՝ սենատորներից մեկը հայտարարել է, որ եթե ինքը լիներ ԱՄՆ նախագահ, ապա պետքարտուղարին կհեռացներ զբաղեցրած պաշտոնից:

Հիշեցենք, որ Լիբիայի Բենղազի քաղաքում ԱՄՆ հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել 2012 թվականի սեպտեմբերի 11-ին, ինչի հետևանքով զոհվել է Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիստոֆեր Սթիվենսը և ևս երեք աշխատակից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս