Բաժիններ՝

Նո՞ր, թե հի՞ն, սակայն քրեական հեղինակության ընդդիմացողը պետությունն է

«Գողական», «օրենքով գող» և սրանց համարժեք հասկացությունները կարծես թե աստիճանաբար հեռանում են ակտիվ շրջանառությունից: Անօրինական գործող բոլոր ոլորտները թիրախավորված համառությամբ ուղիներ են փնտրում լեգալացնելու իրենց ունեցվածքը և փողը: Ոմանց դա հաջողվում է, ոմանք էլ հայտնվում են անելանելի կացության առջև և փրկություն  գտնում  այնպիսի երկրներում, որոնք «հավատում» են նրանց մեծամեծ հարստության  օրինական ծագման մասին  «փաստարկներին»  ու «անկեղծ» հավաստիացումներին:

Հետխորհրդային տարածքում «գողականը» կամ «օրենքով գողը» ընկալվել է որոշակի չափանիշների սահմաններում: Այդ չափանիշներից թերևս որոշիչն  այն է, որ այդպիսի տիտղոսակրի նկատմամբ  միշտ եղել է  կույր սարսափ  և աստվածացման հասնող ստրկական  պատկառանք:

Խորհրդային տարիներին շատ սովորական բան էր  գողականի մեջ տեսնել  մարդկայինի ու բարու մարմնավորմանը, նրան  խեղճ մարդկանց բարեկամի  ռոբինհուդյան կերպարով օժտելը, արդարության իրական պաշտպանի լուսապսակով զարդարելը, որպես «ճշտի» հավատավոր հետևորդի անվերապահորեն ընդունելը:

Սոցիալական միջավայրում օրենքին զուգահեռ  արդարության պաշտպանի այդ  «անթագակիր ասպետների» համակարգի ստեղծումն  ու դրա գաղափարախոսության ձևավորումը ստալինյան ժամանակներից արմատակալեց հետխորհրդային ողջ տարածքում: Այն գոյության իրավունք ստացավ պետության մեջ, սակայն լիարժեք գործելու թույլտվություն ստացավ միայն զուգահեռ  չափման տիրույթում:

Կարդացեք նաև

Խոհրդային կայսրության փլուզումը  բազմաթիվ այլ բացասական ու աղետաբեր երևույթների հետ կարծես  միևնույն գծի հանդիպակած մասերում կանգնեցրեց նաև օրինական և ոչ օրինական հատվածների  համակարգերը: Տեղի ունեցավ դրանց հանդիպումը, որի արդյունքում  առաջացավ տնտեսական և սոցիալական նոր որակական  դրսևորումների մեծ բազմազանություն: Թեև այդ բազմազանությունն, իրոք անվերահսկելիության չափ խայտաբղետ էր, սակայն  ուներ մեկ հստակ առանձնացվող օրինաչափություն: Այն  աչքի էր ընկնում նոր ազատական տնտեսական համակարգում իր տեղը գտնելու բոլոր մեծ ու փոքր բաղադրիչների  նպատակադրման ընդհանրությամբ:

Այդ ընդհանրության մեջ իր կարողություններին  ու հեղինակությանը համարժեք արևի տակ տեղ փնտրողներից մեկն էլ  գողական աշխարհն է:

«Այսօր քրեական աշխարհում չկան հեղինակություններ նախկին հասկացությամբ: …Այսօր պարահանդեսը ղեկավարում են միայն փողերը. Հանցագործները  բիզնեսմենի գունավորում են ստացել» , –  ասում է Ռուսաստանի անվտանգության ծառայության աշխատակից Ալեքսեյ Բրովինը:

Իսկ ահա Ռուսաստանի ՆԳ  նախարարության քրեական հետախուզության ղեկավար Իգոր Սոբոլը, ով  ղեկավարել է օրենքով գող Յապոնչիկի սպանության գործի քննությունը, նշում է, որ  հետխորհրդային տարածքի հայտնի գողական  մեկ այլ հեղինակության՝  Դեդ Հասանի սպանությամբ «օրենքով գող» հասկացությունը  կմահանա: « Նրանք հակադրվում էին այն ամենին, ինչը կապ ունի պետության և հասարակական արժեքների հետ: Հիմա  նրանց բոլոր այդ դրույթները արժեզրկվել են» ,- նշում է Ի. Սոբոլը:

Հետխորհրդային ժամանակների «հաջողության ջենտլմենները», որոնք հիմանականում  կենտրոնացած են Ռուսաստանում և հատկապես նրա տնտեսական խոշոր կենտրոններում  (Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ  և այլն), որպես օրինաչափություն ունեն  լեգալ բիզնեսներ:  Իրենց գործնական հնարավորությունները նրանք այսօր առավել շատ ներդնում են շահավետ կապեր և օգտակար մարդկանց հետ հաղորդակցման հնարավորություններ ձևավորելու, ինչու չէ քաղաքական կարերիա անելու կամ օրենսդիր մարմնի պատգամավոր ընտրվելու մեջ:

Սակայն հասարակության սոցիալական շերտավորման այն ալիքը, որը սկսվեց 1991թ. Բելովեժյան հանգստավայրում  ստորագրված,  Խորհրդային կայսրության գոյության վերջը հավաստող փաստաթղթով, իր հետ բերեց նաև նոր տիպի հանցաշխարհի ձևավորման  նախադրյալներ: Այդ նախադրյալներն այսօր արդեն ունեն հստակ ուրվագծվող կերպարներ և ինչպես նշում է  արդեն թոշակառու, միլիցիայի գեներալ-լեյտենանտ  Ալեքսանդր Գուրովը. « Դրանք առաջին հերթին կովկասյան խմբավորումներ են»: Այդ խմբավորումները ըստ նրա կազմված են արդեն բավականին ուժ հավաքած երիտասարդ «կտրիճներից», ովքեր «…հաշվի չեն նստում ոչ մեկի և ոչնչի հետ»:  Ըստ գեներալի նրանք չեն ճանաչում նաև հեղինակություններին, իսկ շատերն էլ, պարզապես ցուցադրում են անկանխատեսելի վարքագիծ:
Գողականության կամ անօրինականության այս նոր ալիքում հատկապես առավել ակտիվ են վրացական խմբավորումները, որոնք անզուսպ մղումով  ձգտում են փողի և իշխանության:

Ճիշտ է սա ստալինյան կամ խորհրդային տարածքում իր «օրինաչափությունները» պահող ու պահպանող գողական կամ քրեական աշխարհից սերված երևույթ է, սակայն ունի նաև մի տարբերակիչ առանձնահատկություն: Այս նորն  արևի տակ տեղ է փնտրում  այնտեղ, որտեղ քրեական աշխարհը լեգալացնում է իր ունեցվածքը: Իսկ դա արդեն միայն օրենքին պարզ հակադրվելու դրսևորում չէ: Դա նաև հակառակ է շուկայի տրամաբանությանը: Իսկ այդ տրամաբանությունը,  եթե այսօր  քրեական աշխարհը փորձում է որդեգրել, ապա  հետխորհրդային տարածքում առաջացած պետությունների համար այն օրինական որդեգրի կարգավիճակ ունի, արդեն,  ավելի քան 20 տարի:

Իսկ սա նշանակում է, որ եկող նորերը, չի բացառվում, որ, ի վերջո հանդիպեն  այնպիսի ուժերի դիմադրության, որոնք պարզապես լեգալ բիզնեսի և լեգալ փողերի կողմնակիցներ են: Իսկ այդ դեպքում չի բացառվում, որ լեգալ գործարարի համբավ վայելող նախկին «հեղինակություններին»  պաշտպան կանգնի նաև պետությունը:

«Փաստինֆո»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս