Եկել է ռեստարտի ժամանակը. մամուլ
«Տխուր, միապաղաղ ընտրություններ են. երբևէ նման ձանձրալի ընտրարշավ չեմ հիշում՝ բողոքում եմ ընկերներիցս մեկին, ով քաղաքագիտական վերլուծությունների մեծ մասնագետ է։ «Ոչինչ,– մխիթարում է նա ինձ,– փոխարենը հետընտրական շրջանն է հետաքրքիր լինելու»։
Ըստ նրա տեսության, փետրվարի 18-ից հետո մեզ բուռն զարգացումներ են սպասվում՝ արդեն իսկ դրա ծիլերը նկատելի են։ «Չի կարող երկիրն այս վիճակում մնալ, չի կարող հասարակությունն իր միջից նոր ուժեր չծնել, նոր պրոցեսներ չձևավորել»,– բացատրում է նա։
Մի կողմից նոր ընդդիմություն պետք է ձևավորվի երկրում, և դրա համար այսօրվա ընդդիմության բեկորները կմիավորվեն-կտարանջատվեն-կբյուրեղանան, նոր ընդդիմադիրներ ասպարեզ կգան։ Մյուս կողմից, իշխանության մեջ գտնվող ուժերը պետք է վերակազմավորվեն՝ «ռեստարտ» լինեն, որ հաջորդ ընտրություններում կարողանան մրցունակ լինել և ջրի երեսին մնալ։ Պարզից էլ պարզ է, որ, ասենք, «Օրինաց երկիր» կուսակցությունը 2017-18-ին չի կարող գործոն լինել։ Ինչպես այս տեսքով չի կարող լինել նաև Հանրապետականը։
Այսօր արդեն նկատելի են այն երեք թևերը, որոնք կարող են ձևավորվել այսօրվա ՀՀԿ–ից՝ տիգրանսարգսյանական, հովիկաբրահամյանական և կարենկարապետյանական։ Թե դրանցից որն ավելի կենսունակ կլինի և կկարողանա նոր ժամանակների ոգով վերակառուցվել, ցույց կտա ժամանակը։ Նախկին տեսքով չի կարոդ գոյատևել նաև Դաշնակցությունը՝ եթե այսպես շարունակվի, ՀՅԴ-ն 2017-ին ավելի խեղճ ու անօգնական կլինի։ Էլ չենք խոսում ՀՀ նախագահի 2013-ի ընտրություններին չմասնակցող ԲՀԿ-ի, «Ազատ դեմոկրատների», «Հանրապետության», ՀՀՇ-ի և մյուսների մասին, որոնք, անկախ տարբերություններից, մազից կախված վիճակում են, և հայտնի չէ, թե 2 տարի անց նրանցից ինչ կմնա ասպարեզում»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը։