Ընտրական հանձնաժողովի տեղերը վաճառքի կհանվեն

168.am-ի տեղեկություններով՝ ՀԱԿ-ում որոշում է կայացվել տեղամասային ընտրական հանձնաժողովներում ունեցած տեղերը չտալ նախագահի որևէ թեկնածուի, անգամ Հրանտ Բագրատյանին: Ըստ այդ որոշման, այդ տեղերում պետք է նշանակվեն ՀԱԿ անդամները և ակտիվիստները: ՀԱԿ-ում կարծում են, որ հանձնաժողովի անդամության համար պետության կողմից նրանց վճարվող 32 հազար դրամը լրացուցիչ եկամուտ կհանդիսանա ՀԱԿ անդամների համար: Քանի որ  ՀԱԿ-ն ընտրություններում սեփական թեկնածու չունի, և ՀԱԿ հանձնաժողովի անդամները ոչ մի շարժառիթ չունեն պայքարելու ընտրակեղծիքների դեմ, նրանք կարող են աչք փակել ընտրակեղծիքների վրա, բնականաբար, լրացուցիչ վարձատրության դիմաց:

Գրեթե նույն վիճակում է նաև ՀՅԴ-ն. այս կուսակցությունում ևս մտածում են, որ տեղամասային ընտրական հանձնաժողովներում տեղերի վաճառքը կարող է տեղական կառույցների և նրանց անդամների համար լրացուցիչ եկամտի աղբյուր դառնալ: Ի դեպ, այդ գործընթացը երկու դեպքում էլ դիտվում է՝ որպես կառույցները ամրացնելու գործիք. եթե կուսակցության անդամները կուսակցության միջոցով գումար աշխատելու հնարավորություն են ստանում, ապա նրանք այդ կուսակցությանն անդամակցությունն օգտակար են համարում:

Փոքր-ինչ այլ իրավիճակ է «Ժառանգություն» կուսակցությունում: Ի տարբերություն ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի, որոնք տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու հնարավորություն ունեն, բայց սեփական թեկնածու չունեն, «Ժառանգության» նախագահն առաջադրվել է նախագահի թեկնածու: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով՝ «Ժառանգությունը» չի կարողանում լրացնել իր տեղերը, քանի որ չունի այդքան թվով կուսակիցներ կամ համախոհներ: «Ժառանգության» անդամները և նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանը դիմում են տարբեր կուսակցությունների` խնդրելով օգնել իրենց:

Նույն վիճակում են նաև նախագահի մյուս թեկնածուները, ովքեր չեն կարողանալու բոլոր ընտրատեղամասերում թեկուզ մեկական վստահված անձ ունենալ:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում բացվել են մոտ 2 հազար ընտրատեղամասեր: «Կուսակցությունների մասին» օրենքով հենց այդքան անդամ պետք է ունենա Հայաստանում գրանցված և գործող յուրաքանչյուր կուսակցություն: Բայց փաստն այն է, որ կուսակցություններից գրեթե ոչ մեկը`բացառությամբ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի, իրականում այդքան անդամ չունի: Ընտրությունները և հատկապես՝ քվեարկության կազմակերպման ընթացքը դրա լավագույն ապացույցն է:

Տեսանյութեր

Լրահոս