Բաժիններ՝

Չփորձեք մեզ լռեցնելու միջոցով պարտակել աղքատությունն ու ձեր անգործությունը

Վերջին շրջանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև հասարակական կազմակերպությունները, սկսել են ԶԼՄ-ներին «դասեր տալ» այն մասին, թե ինչպես պետք է լուսաբանել երեխաների թեմային առնչվող խնդիրները:

Այդ «նկատողությունից» զերծ չի մնացել նաև մեր թերթը, որը, թերևս, ամենաշատն է անդրադառնում երեխաների սոցիալական, առողջապահական, կրթական խնդիրներին: Սակայն ամենաուշագրավն այն է, որ լրատվամիջոցներին ուղղված՝ էթիկայի կանոնները պահպանելու կոչերով հանդես եկող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյաները դեռ չեն կողմնորոշվել, թե որն է էթիկայի կանոնը:

Օրինակ՝ նրանք էթիկայի կանոնների խախտում են համարում այն դեպքերը, երբ ԶԼՄ-ներում տպագրվում են երեխաների լուսանկարներ և կոնկրետ տվյալներ նրանց ընտանեկան կարգավիճակի, բնակության վայրի և այլնի մասին: Այսինքն՝ Սոցապ նախարարությունում կարծում են, որ երեխայի նկատմամբ իրենց իրավունքներն ավելի մեծ են, քան այդ երեխայի ծնողների իրավունքներն են, հետևաբար՝ նախարարությունում որոշել են երեխային լուսանկարելու թույլտվությունն իրենց վերապահել: Մոտ ինը տարի շարունակ «168 Ժամի» խմբագրություն են դիմել հազարավոր «անճար» մարդիկ, ովքեր թակելով պետական հաստատությունների դռները, իրենց խնդրի լուծումը չեն ստացել և լրատվամիջոցներից են ակնկալել հարցի լուծում: Հազարավոր ընտանիքներ մեզ խնդրել են այցելել իրենց տուն, ծանոթանալ իրենց խնդրին և աջակցել ինչ-որ հարցում: Խնդրել են իրենց հիվանդ երեխային օգնել: Խնդրել են իրենց քաղցած երեխային օգնել: Խնդրել են պետական նպաստից օգտվելու իրենց խախտված իրավունքը վերականգնելու հարցում օգնել:

erexaner (2) erexaner (1)Խնդրել են պետական նպաստն անօրինական ճանապարհով գրպանող տեսուչներին ու գրասենյակի պետերին սանձել: Ընդ որում, չեն դիմել Սոցապ նախարարություն, այլ՝ դիմել են «168 Ժամի» խմբագրություն, որովհետև տարիներ շարունակ դիմել են Սոցապ նախարարություն, բայց արձագանք չեն ստացել, և ստիպված դիմել են մեր խմբագրություն: Հետևաբար՝ զարմանալի չէ, որ Սոցապ նախարարությունը երեխայի ծնողների իրավունքները ստորադասելով՝ փորձում է էթիկայի ինչ-որ հեղհեղուկ կանոններ փաթաթել մեր «վզին» և լռեցնել:

Կարդացեք նաև

Բնականաբար, մենք շարունակելու ենք գրել այդ հազարավոր կարիքավոր երեխաների մասին, ավելին՝ տպագրելու ենք երեխաների լուսանկարները՝ անձամբ նրանց և իրենց ծնողների թույլտվությունը ստանալու դեպքում: Եվ թող նախարարությունը փորձի մեզ ինչ-որ բան սովորեցնելգ Ավելի լավ կլինի՝ նրանք խոստովանեն, որ, եթե այս ինը տարիների ընթացքում մեր կողմից այդ ծայրահեղ վիճակներում գտնվող ընտանիքների հարցերը չբարձրացվեին, իրենք «ստիպված» չէին լինի անդրադառնալ դրանց, քանի որ մեր այդ հրապարակումները վկայում են այդ գերատեսչությունների, մասնավորապես՝ Սոցապ նախարարության անգործության մասին:

Ի դեպ, երբ Սոցապ նախարարության, ինչպես նաև Մամուլի ակումբի ներկայացուցիչները լրատվամիջոցներին մեղադրում են այս կամ այն միջազգային կազմակերպությունների կողմից ընդունած` երեխաների թեմայով լուսաբանման էթիկայի կանոնները խախտելու մեջ, ապա ցանկալի կլիներ, եթե նրանք այդ փաստաթղթի կիրառման շուրջ նախ քննարկումներ կազմակերպեին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Օրերս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանին խնդրեցինք ներկայացնել երեխաների թեմայով լուսաբանման էթիկայի կանոնների կոնկրետ պահանջները:

– Ասում եք՝ գոյություն ունեն երեխաների թեմայով լուսաբանման էթիկայի կանոններ. ներկայացրեք դրանք, խնդրում եմ: Ո՞ր փաստաթղթով եք առաջնորդվում:

– Փաստաթուղթ չկա:

– Իսկ ո՞վ է որոշում, թե որ դեպքն է ճիշտ, որը՝ սխալ:

– Կոնկրետ այս պահին իմ ասածը փաստաթղթով հիմնավորել հնարավոր չէ, սակայն երեխայի իրավունքների պաշտպանությունը, երեխայի շահը պահանջում է, որ նրա կամ ընդհանրապես անձի մասին հաղորդել տեղեկատվություն նրա կամքին հակառակ` չի թույլատրվում: Դա Սահմանադրությունն է ասում: Եվ Քրեական օրենսգրքով, և «Երեխաների իրավունքների մասին» օրենքով, և կոնվենցիայով՝ երեխայի մասին տեղեկատվություն հրապարակել նրա կամքին հակառակ կամ նրա շահը պաշտպանող ներկայացուցչի կամքին հակառակ՝ չի կարելի: Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն՝ առանց անձի համաձայնության նրա անձի վերաբերյալ հավաքել, պահպանել կամ օգտագործել տեղեկատվություն, քան նախատեսված է օրենքով՝ չի թույլատրվում: Քրեական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածում ընդհանրապես որդեգրման մասին երեխայի շահը ի նկատի ունենալ` տեղեկատվություն տարածել չի կարելի:

– Տիկին Հայրապետյան, մենք շատ տարբեր բաների մասին ենք խոսում: Կրկնում եմ՝ հարյուրավոր ընտանիքներ ահազանգում են խմբագրություն, խնդրում են այցելել և թերթով բարձրաձայնել իրենց, այդ թվում՝ երեխաների խնդիրները, որոնք մեր գերատեսչությունների կողմից լուծում չեն ստանում: Ասում եմ՝ իրենք են խնդրում, որ ռեպորտաժ պատրաստենք, այս դեպքում ո՞րն է խնդիրը:

– Չկա օրենք, որը կարող է հատուկ արգելել ծնողին, որպեսզի նա իր երեխայի մասին տեղեկություն տրամադրի: Անընդհատ հեռուստատեսությամբ ցույց են տալիս, որ հիվանդ աղջիկ կա, որին նկարում, առողջության մասին հարցեր են ուղղում, դեղ չունի, ապրելու միջոց չունի, և այլն: Եթե ծնողը թույլատրում է նկարել, ապա ոչ մեկս իրավունք չունենք միջամտել, օրենքը չի արգելում:

– «168 Ժամն» իր սոցիալական շարքով ներկայացնում է այն ընտանիքների պատմությունները, որոնք իրենք են դիմում և խնդրում հրապարակում պատրաստել: Այսինքն՝ հասկանալի է, որ լուսանկարները ծնողների և երեխաների համաձայնությամբ են տպագրվում: Խնդրում եմ, մատնանշեք այն իրավական փաստաթուղթը, համաձայն որի՝ մենք ոտնահարում ենք երեխայի իրավունքը: Չէ՞ որ հեռուստաեթերից նման արտահայտություններ են թույլ տալիս նախարարության աշխատակիցները:

– Չկա այն փաստաթուղթը, որը երեխայի նկատմամբ լրատվական դաշտում հստակություն կմտցնի: Պարզապես ոչ մի մանկատան շրջանավարտ մանկատանն ապրելու տարիներից գոհ չի լինում:

– Մանկատունն ի՞նչ կապ ունի: Խոսքն անապահով ընտանիքների, երեխաների մասին է, որոնց ծնողները չեն դադարում ահազանգել խմբագրություն, ասում են՝ ելք չունենք, մեր խնդիրը բարձրաձայնեք: Սակայն դուք փորձում եք երեխայի ծնողների փոխարեն որոշումներ կայացնել կամ գնահատականներ հնչեցնել լրատվամիջոցների գործունեության մասին:

– Երեխան խոսելու, բարձրաձայնելու իրավունք ունի, բայց երեխային դարձնել թեմա, շահարկել չի կարելի: Կարող է` ծնողը նույնպես մեղավոր է, որ Ձեզ թույլատրում է նկարել:

– Ցույց կտա՞ք որևէ օրենք կամ փաստաթուղթ, որով նույնիսկ ծնողին է արգելվում դա:

– Փաստացի չկա այդ օրենքը, բայց երեխայի արժանապատվությունը վիրավորող տեղեկատվություն տարածել չի կարելի:

– Երեխայի արժանապատվությունը ՀՀ իշխանությո՞ւնն է վիրավորում, թե՞ թերթը՝ լուսաբանելով նրանց խնդիրները: Երբ երեխան տառապում է տարբեր հիվանդություններով, և ծնողը՝ թակելով պետական գերատեսչության դռները, լուծում չի գտնում, դիմում է խմբագրությանը:

– Դա պետք է անպայման բարձրաձայնվի ու տարածվի՞:

– Այո, որովհետև այդ հիվանդ երեխայի տեղը որևէ մեկը չգիտի, և հրապարակումից հետո ձեռնամուխ են լինում նրա խնդրի լուծմանը: Երեխաների հիմնահարցերի բաժնի պետն եք, իսկ ինչո՞ւ Դուք չեք գտնում նման ծայրահեղ վիճակում գտնվող երեխաներին, որպեսզի մենք ստիպված չլինենք ամբողջ օրը մայրաքաղաքի ծայրամասերում «թափառել»: Ձեր գերատեսչությունը նրանց տեղն անգամ չգիտի:

– Դա ուրիշ խնդիր է: Մեր բաժինը քաղաքականություն է մշակում, բայց մենք մարզերում ունենք մարզային բաժիններ, մի շարք կառույցներ կան՝ Խնամակալության և հոգաբարձության մարմինները, Ոստիկանությունը և բարեգործական, հասարակական կազմակերպություններ:

– Տիկին Հայրապետյան, երբ հայտարարում եք, թե լրատվամիջոցը խախտում է երեխայի իրավունքը, ինչո՞ւ չեք հանդիպում երեխայի ծնողների հետ և փորձում պարզել, թե ո՞վ է խախտում իրենց երեխայի իրավունքները:

– Ես չեմ ասում` «168 Ժամը» խախտում է երեխայի իրավունքները, բայց պարտադի՞ր է երեխայի լուսանկարը տպագրել: Թող ծնողը խոսի, իսկ երեխայի լուսանկարը պետք չէ տպագրել:

– Այսինքն՝ Դո՞ւք եք որոշում այդ ծնողի իրավունքների շրջանակը:

– Շատ ծնողներ իրենց երեխաներին մարմնավաճառության են դրդում, մենք ասենք՝ համաձա՞յն ենք, նա պետք է գնա՞: Ոչ մի արժանապատվություն ունեցող ծնող չի թույլատրի` իր տասը տարեկան երեխան կանգնի միկրոֆոնի մոտ և ասի՝ ես հեռուստացույց կամ բլինչիկ եմ ուզում:

– Դուք ի՞նչ է՝ չե՞ք կարդում մեր թերթում տպագրված հրապարակումները երեխաների մասին, որոնք վիրահատության կարիք ունեն, որոնք հացի խնդիր ունեն կամ գիրք չունեն, որ դպրոց հաճախեն, և այլն: Ի՞նչ հեռուստացույցի մասին եք խոսում, երբ երեխաներ են սովամահ լինում:

– Թող մայրն ասի՝ իմ երեխան օգնության կարիք ունի, բայց երբ երեխան վիզը ծուռ ասում է, որ օգնության կարիք ունի՝ մեղք է (տիկին Հայրապետյանը մշտապես մատնանշում է հեռուստահաղորդումներից մեկը, որի հետ մենք կապ չունենք և բազմիցս շեշտեցինք, որ մեր հարցադրումները վերաբերում են մեր թերթում տեղ գտած հրապարակումներին.- Լ.Ս.):

– Տիկին Հայրապետյան, հայտարարել եք, թե գոյություն ունի էթիկայի կանոն: Տվեք ինձ այդ փաստաթուղթը, որպեսզի հետագայում առաջնորդվեմ դրանով:

– Եկեք մենք հարգենք երեխայի արժանապատվությունը: Երեխայի շահը պաշտպանեք ծնողի միջոցով:

Հ.Գ. Մենք հարգել և շարունակելու ենք հարգել ՀՀ բոլոր քաղաքացիների, այդ թվում` նաև երեխաների արժանապատվությունը: Միայն թե նշենք, որ համաձայն վիճակագրական տվյալների՝ Հայաստանում ամենաաղքատն ու ծայրահեղ աղքատը երեխաներն են, հետևաբար՝ աղքատ երեխաների արժանապատվության վերաբերյալ կոչով դիմում ենք ՀՀ իշխանություններին՝ հարգեք Հայաստանում ապրող երեխաների արժանապատվությունը, որ նրանց ծնողները ստիպված չլինեն զանգահարել խմբագրություն, ու իշխանություններին, այդ թվում` նաև նախարարություններին հայհոյել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս