Թուրքիան PKK-ի պատճառով հրաժարվում է «վերցրու կամ վճարիր» սկզբունքով Իրանի ու Ադրբեջանի հետ կնքած գազային համաձայնագրերից
Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան մտադիր է մինչև այս տարեվերջ հրաժարվել Ադրբեջանի ու Իրանի հետ «վերցրու կամ վճարիր» սկզբունքով կնքված գազային համաձայնագրերից:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան արդեն հունվարի վերջից դադարեցնելու է «վերցրու կամ վճարի» սկզբունքով Ռուսաստանի հետ համագործակցությունը:
Նշվում է, որ Թուրքիան ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի մշակման առաջին փուլում «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազատարով Ադրբեջանից տարեկան ստանում է 6.6 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ այդ հանքավայրի մշակման երկրորդ փուլում (մեկնարկելու է 2017 թվականին) ստանալու է տարեկան ևս 6 միլիարդ խորանարդ մետր գազ:
Ինչ վերաբերում է Իրանին, ապա 1996 թվականին այդ երկրի հետ 25 տարով կնքված պայմանագրով Թուրքիան պարտավորվել է տարեկան 10 միլիարդ (օրական 30 միլիոն) խորանարդ մետր գազ ներկրել «Թավրիզ-Էրզրում» գազատարով:
Հիշեցնենք, որ «վերցրու կամ վճարիր» սկզբունքով ենթադրվում է, որ գազամատակարարը պարտավոր է ապահովել պայմանագրում նշված գազի մատակարարարման առավելագույն ծավալը, իսկ գնորդը պարտավոր է վճարել այդ մատակարարումների դիմաց՝ անկախ նրանից, թե հաշվետու ժամանակահատվածում իրականում որքան գազ է նա ստացել:
Ադրբեջանի և հատկապես Իրանի հետ «վերցրու կամ վճարիր» սկզբունքով կնքված գազային համաձայնագրերից Թուրքիայի հրաժարվելը պայմանավորված է Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) գործունեությամբ: PKK-ի մարտիկները բազմիցս պայթեցրել են ԲԹԷ-ն և հատկապես «Թավրիզ-Էրզրում» գազատարը, որը վերջին 3 տարիներին պայթեցվել է 7 անգամ, ինչի հետևանքով, ընդհանուր առմամբ, 42 օրով դադարեցվել է իրանական գազի մատակարարումը Թուրքիային:
Այդ պայթյունները հանգեցրել են նրան, որ Իրանի հետ պայմանավորված գազի տարեկան ծավալից 3.2 միլիարդ խորանարդ մետր պակաս գազ գնելու պատճառով Թուրքիան ստիպված է եղել 2009 թվականին Իրանին վճարել 600 միլիոն դոլարի փոխհատուցում: 2011 թվականին Իրանը վերստին 600 միլիոն դոլարի փոխհատուցում էր պահանջում Թուրքիայից, քանի որ վերջինս դարձյալ չէր գնել պայմանավորված չափի գազ: Դրա պատճառը նույն տարում Իրանից Թուրքիա եկող գազատարի 4 պայթեցումներն էին: