Արդյո՞ք կարելի է խուսափել գիրանալուց
Հարցի պատասխանը գտնելու համար նախ պետք է իմանանք, թե որոնք են գիրացման չափորոշիչները և դրանց թույլատրելի արժեքները։ Նման չափորոշիչները երկուսն են` Կետլեի ինդեքսը և իրանի ու նստատեղի շառավիղների չափերը և հարաբերությունը։
Կետլեի ինդեքսը (ԿԻ) հաշվարկելու համար անհրաժեշտ է չափել մարդու քաշը (P) և բոյը (d)
Տեղադրեք ձեր տվյալներն այս բանաձևի մեջ և համեմատեք աղյուսակում բերված ԿԻ ախտանիշային տվյալների հետ, որոնք հաշվարկված են 25 տարեկանից մեծ անձանց համար։
Եթե ԿԻ-ն մոտենում է 28-ի, ապա լրջորեն պետք է մտածել սննդակարգը ճշտելու մասին։ Կարևոր է իմանալ, որ գիրությունը և հատկապես ճարպակալումը հաճախ առաջանում է օրգանիզմի էներգետիկ բալանսի խախտման հետևանքով. սննդից ստացվող էներգիան (կիլոկալորիաները) ավելի է, քան ծախսվողը։
Ըստ վիճակագրական տվյալների` ֆիզիկական աշխատանքով զբաղվող մարդկանց շրջանում
ԿԻ-ն հազվադեպ է գերազանցում 28 թիվը։ Կարևոր է նաև իմանալ, թե ճարպն ինչ հարաբերությամբ է բաշխվում օրգանիզմում։
Եթե տղամարդու իրանի շառավիղը մոտ է 94 սմ-ին, իսկ կնոջ մոտ` 80 սմ-ի, ապա դա ազդակ է, որ օրգանիզմում խախտվել է նյութափոխանակությունը (մետաբոլիկ սինդրոմ), եթե այդ թվերը, համապատասխանաբար, հավասար են 102 սմ և 88 սմ, դա նշանակում է, որ կա ճարպակալման վտանգ։ Նման ցուցանիշների դեպքում կա օստեոխոնդրոզի, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային համակարգի, լեղաքարային և այլ հիվանդությունների զարգացման լուրջ վտանգ։
Պետք է ուշադիր լինել նաև իրանի և նստատեղի շառավիղների հարաբերության փոփոխման հանդեպ, եթե այդ չափորոշիչը տղամարդկանց մոտ մեծ է 1-ից, իսկ կանանց մոտ` 0,85-ից, դա նշանակում է, որ զարգանում է մետաբոլիկ սինդրոմը, որի հետևանքով կարող են առաջանալ լուրջ առողջական խնդիրներ։
Ռուս ֆիզիոլոգ, հանճարեղ գիտնական Պավլովը գրել է. «Որքան պարզ և հասարակ բաղադրություն ունի սնունդը, այնքան հեշտ է յուրացվում աղեստամոքսային համակարգում, չի ծանրաբեռնում և սնում է օրգանիզմն անհրաժեշտ էներգիայով»։
1928թ. գիտությունների դոկտոր Հերբերտ Շելտոնը առաջ քաշեց հետևյալ թեզը. «տարբեր բնույթի սննդամթերքների ճիշտ համատեղման դեպքում հնարավոր է կանխարգելել և նույնիսկ բուժել հիվանդությունները»։
Ճիշտ սնվելու տեսությունը հիմնված է այն իրողության վրա, որ սպիտակուցը, ճարպերը, ածխաջրերը, թթվաշ միրգ-բանջարեղենը, քաղցրավենիքը մարսվում են աղեստամոքսային համակարգի տարբեր հատվածներում և որոշակի ֆերմենտների ազդեցության շնորհիվ։
Ինչպե՞ս բալանսավորել սնունդը
Սպիտակուց-ճարպ-ածխաջրեր փոխհարաբերակցությունը սննդի մեջ պետք է համապատասխանի մարդու ֆիզիկական ծանրաբեռնվածությանը. բարձր` 1։1։5, միջին` 1։1։4, ցածր` 1։0,9։3,2:
Սպիտակուցներից յուրացվում է օրգանիզմին անհրաժեշտ էներգիայի մոտ 15 տոկոսը, ճարպերից` 30 տոկոսը, ածխաջրերից` 55 տոկոսը։
Սպիտակուցների ընդհանուր քանակի 50-60 տոկոսը պետք է ստացվի կենդանական սննդից։
Բուսական յուղերը պետք է կազմեն ճարպերի ընդհանուր քանակի 20-25 տոկոսը։
Մեր մեկ օրվա կերած սննդում պարունակվող ածխաջրերի 20 տոկոսը հեշտ յուրացվողներն են, 75 տոկոսը օսլա է և 5 տոկոսը` բջջանյութ և պեկտին։
Կարևոր է նաև իմանալ, որ հանքային նյութերը լավ են յուրացվում, եթե դրանց քանակությունը գտնվում է որոշակի բարենպաստ փոխհարաբերակցության մեջ, օրինակ. կալցիում։ֆոսֆոր` 1։1,5-1։2,0, կալցիում։մագնիում` 1։0,6, կալցիում։կալիում` 1։2։ Նշված չափորոշիչների արժեքներն առավել բարենպաստ են տնական կաթնաշոռի և պնդուկի, սոխի, գազարի և կաղամբի, ձվի, ընկույզի, սիսեռի, լոբու, մարոլի մեջ (ըստ նվազման)։
Գիրանալու պատճառը թույլ կամքի ուժն է։
Բարձր քաշ ունեցողներին կարելի է բաժանել երկու խմբերի.
- նրանք, ովքեր ապրում են ուտելու համար,
2. նրանք, ովքեր հասկանում են, որ «մենք այն ենք, ինչ ուտում ենք»։
Առաջին խմբում ընդգրկված մարդիկ ունեն լուրջ հոգեբանական օգնության կարիք, ինչպես, օրինակ թմրամոլները, հարբեցողները, մոլի ծխողները։ Նրանց հաճախ հաջողվում է բուժել հիպնոսի օգնությամբ։ Խորհրդային ժամանակներում նման թերապիան կիրառվում էր Ա.Ռ. Դովժենկոյի ղեկավարած կենտրոնում։ Նրա գործը շարունակում են աշակերտները, որոնցից մեկն է Դնեպրոպետրովսկի Հիպնոսաթերապիայի կենտրոնի բարձրակարգ բժիշկ, մի շարք գրքերի հեղինակ Վ.Գ. Եվտուշենկոն։ Գիտնականը գրում է. «Ըստ վիճակագրության` շատերը ձգտում են նվազեցնել քաշը, որպեսզի առավել գեղեցիկ տեսք և նրբագեղ կառուցվածք ունենան, այնինչ նույն վիճակագրությունը վկայում է այն մասին, որ ավելորդ քաշը 10-15 տարով նվազեցնում է կյանքի տևողությունը»։ Կենտրոնում շատերն են բուժվել։
Վերոգրյալից հետևում է, որ գիրությունը թուլակամության հետևանք է։
Նիհարելու գործընթացին նպաստող խորհուրդներ
Ունեցեք օրագիր, որում պետք է նշել. կերված ուտելիքի քանակը, ժամերը, վայրը, ում հետ եք ճաշել, ինչպիսին է եղել ձեր հոգեվիճակը, արդյո՞ք ճաշել եք իրոք սոված լինելու պատճառով, որքա՞ն ժամանակից է ստացվել կերակուրից հագենալու ազդակը։
Եթե նյարդայնացած եք` աշխատեք չուտել։
Սառը կերակուրը և ըմպելիքները խախտում են մարսողությանը նպաստող ֆերմենտների գոյացման գործընթացը։
Մրգեղենը պետք է ուտել ճաշից առաջ, չի կարելի խառնել քաղցր և թթվահամ մրգերը։
Ձմերուկը, սեխը, կաթն օգտագործեք` որպես առանձին սնունդ։
Օրը 1-2 անգամ կերեք թարմ բանջարեղենից պատրաստված աղցաններ. ցերեկը` ածխաջրեր պարունակող, իսկ երեկոյան` սպիտակուց պարունակող սննդամթերքի հետ։
Խմեք միայն մաքուր ջուր, չափաբաժինը կախված է քաշից. 40 կգ-ի դեպքում` 1,2 լ, 60 կգ-ի` 1,8 լ, 80 կգ-ի դեպքում` 2,4 լ, և այլն։ Ջրի տեսակների և մաքրման եղանակների մասին հանգամանորեն խոսել ենք մեր թերթի մի քանի հրապարակումներում։
Ջուրը խմեք ուտելուց 15 րոպե առաջ, ածխաջրեր պարունակող մթերք ուտելուց` մեկ ժամ, իսկ սպիտակուց` 2-3 ժամ հետո։ Խմեք փոքր կումերով։
Կարևոր է իմանալ, որ հեղուկը մոտ 15 րոպե մնում է ստամոքսում, որից հետո անցնում է աղիների մեջ` իր հետ տանելով ստամոքսահյութի մի մասը. արդյունքում խախտվում է նյութափոխանակության գործընթացը։
Սննդից հագեցման վերաբերյալ ազդակը ստացվում է ուտելուց մոտ 30 րոպե հետո. պետք է ուտել դանդաղ և բազմաթիվ անգամ ծամել կերակուրը։
Հապճեպ, ոտքի վրա կերված ուտելիքը չի մարսվի, և ժամանակի ընթացքում կառաջանան նյութեր, որոնք կթունավորեն օրգանիզմի բջիջները, ի դեպ` նույնը կկատարվի, եթե ուտեք նյարդայնացած վիճակում։
Եթե ստամոքս հասած սննդամթերքի չափերը մեծ են` 0,1 սմ, ապա ֆերմենտները չեն կարող թափանցել սննդի մեջ և տրոհել այն։
Ռաֆինացված շաքարը, «փայլեցված» սպիտակ բրինձը, ցորենի մանր աղացած սպիտակ ալյուրը զուրկ են օգտակար նյութերից. փոխարինեք շաքարը մեղրով և չրեղենով, օգտագործեք անմշակ կարմիր բրինձ, ցորենի թեփ և ածիկ։
Կարևոր է նաև հաշվի առնել, որ օրգանիզմը լիցքավորվում է կերակրից ստացված էներգիայով ուտելուց մոտ 10 ժամ հետո. առավոտյան ակտիվ է ստամոքսը, գիշերը 23-4-ը` լյարդը։ Լյարդում արտադրված լեղին տրոհում է ճարպերը, լյարդը նաև նպաստում է թույների արտաբերմանը։
Կան բժիշկներ, որոնք խորհուրդ են տալիս սնվել այն ժամանակ, երբ կա «առողջ» սովի զգացում, սակայն չափավոր։ Նրանք հիմնավորում են նման կարծիքը դրանով, որ, օրինակ Հին Հռոմում միայն ընթրել են, Միջնադարյան Եվրոպայում ընդհանրապես չեն նախաճաշել։ Ստույգ է, որ ընթրիքի համար առավել հարմար ժամերն են` 18-19։
Ծիծաղը և ժպիտն առողջացնում են
Կալիֆոռնիայի բժիշկները կարծում են, որ կարելի է հավասարության նշան դնել վազքի, ֆիտնեսի և ծիծաղի միջև։
Փորձարկմանը մասնակցելու համաձայնություն տված կանանց և տղամարդկանց բաժանել են երկու խմբերի։ Առաջին խմբի մասնակիցները մոտ մեկ ամիս ամեն օր դիտել են 20 րոպե տևողությամբ կատակերգություններ, իսկ երկրորդ խմբում ընդգրկվածները դրամատիկ սյուժեով ֆիլմեր։
Նման «փորձությունից» հետո կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ «ուրախների» շրջանում անհամեմատ ցածր է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը` 40 տոկոսով։
Մասնագետները կարծում են, որ ծիծաղը նվազեցնում է սթրեսի հորմոնի պարունակությունը արյան մեջ և կարգավորում է ճնշումը։ Նույնը տեղի է ունենում այն անձանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով զբաղվում են վազքով կամ ֆիտնեսով։
Հետևություն. ծիծաղը նիհարեցնում է և առավել օգտակար է այն մարդկանց, ովքեր ստիպված են երկար ժամանակ նստել կամ կանգնել։
Գիրության գենը և երջանկության զգացումը
Կանադայի Մաքմաստերի համալսարանի մասնագետներն ապացուցել են, որ «գիրության գենը»` FTO, միաժամանակ հանդես է գալիս` որպես «երջանկության գեն»։
Ըստ հեղինակավոր Daily Mail պարբերականի` FTO գենը, որը կանխորոշում է գիրության զարգացումը, իջեցնում է դեպրեսիայի զարգացման հավանականությունը 8 տոկոսով։
Հետազոտվել է 21 երկրներ ներկայացնող 172000 կամավորների ներկայացրած ԴՆԹ-ն։
Գիտնականները նախապես կարծում էին, որ գիրության գենը դեպրեսիայի զարգացման պատճառ է հանդիսանում, սակայն FTO գեն ունեցող գեր մարդկանց մոտ դեպրեսիայի հատկանիշներն ավելի քիչ են եղել։ Արդյունքները վերահաստատվել են նաև 2 լրացուցիչ հետազոտությունների արդյունքում։
Ըստ Սանկտ Պետերբուրգի «Սննդակարգերի և նրբագեղ կառուցվածքի շտկման» բժշկական կենտրոնի բժիշկ Ս.Ս. Սերգեևի` ճարպակալումը և գիրությունն իրական վտանգ են ներկայացնում ժամանակակից մարդկության համար։
Մենք ամբողջությամբ կներկայացնենք նրա հարցազրույցը «Բուժիչ նամակների» հաջորդ համարում։
Գլիցերին
Պատմությունից հայտնի է, որ պինդ ագրեգատային վիճակում գտնվող նիտրոգլիցերինը հզոր պայթուցիկ նյութ է և կիրառվել է հանքարդյունաբերության մեջ։ Տարիներ անց հայտնաբերվել են նիտրոգլիցերինի արյունատար երակները լայնացնող բուժիչ հատկությունները։ Լեզվի տակ դրած նիտրոգլիցերինի` փոքրիկ դեղահաբը բազմաթիվ կյանքեր է փրկել։ Հեղուկ գլիցերինն օգտագործվում է կենցաղում և արտադրության մեջ։
Մենք կներկայացնենք բժշկական գլիցերինի բուժիչ հատկությունները և կիրառումը։ Գլիցերինն ունի հականեխիչ, հակաբորբոքային, փափկեցնող և պարուրող հատկություն։
Կիրառվում է վերին շնչուղիների հիվանդությունների բուժման համար, լայն կիրառում ունի գեղարարության մեջ։ Օգտագործվում է էկզեմայի և գլխամաշկի թեփոտման դեպքում, և այլն։
Տրախեիտ. Խառնեք 1-ական թ/գ կակաոյի փոշի, մեղր, բժշկական գլիցերին, 1 ճ/գ կարագ։ Խառնուրդը հարեք 1 ձվի դեղնուցի հետ։ Ընթացքում ավելացրեք 200 մլ գոլ կաթ։ Խմեք ընթրիքից 2 ժամ հետո։
Նույն չափաբաժնով խմեք առավոտյան, նախաճաշեք 2 ժամ անց։
Բրոնխիտ. 1 միջին կիտրոնի վրա ավելացրեք 200 մլ եռջուր, 10-15 րոպե եփեք։ Մզեք կիտրոնի հյութը, խառնեք 2 ճ/գ մեղրի և 1 ճ/գ բժշկական գլիցերինի հետ։ Խմեք 1-ական թ/գ, օրը 4 անգամ` ուտելուց առաջ։
Զգուշացում։ Գլիցերինի ներքին օգտագործումը հակացուցված է շաքարային դիաբետի, սրտի և երիկամների անբավարարության, լուծի, ուղիղ աղիի բորբոքման և ուռուցքի, թութքի դեպքում։
Չափաբաժինը խախտելու դեպքում գլիցերինը կարող է առաջացնել թունավորում, լորձաթաղանթների այրվածք, սրտխառնոց, փսխում, լուծ, գլխացավ, գլխապտույտ, գիտակցության կորուստ, առիթմիա, երիկամների անբավարարություն, օրգանիզմի ջրազրկում։
Բժշկական գլիցերինով երկարատև ինքնաբուժման դեպքում` այն կարող է կուտակվել օրգանիզմում։
Գլիցերինի արտաքին կիրառումը ալերգիկ և ոչ ալերգիկ մաշկային հիվանդությունների դեպքում։
Գորտնուկ. Փոշիացրեք կապույտ տերեփուկի ծաղկաթերթերը, խառնեք գլիցերինի հետ (1։3), տեղադրեք գորտնուկի վրա։ Վիրակապը փոխեք 2 օրից։
Գլիցերինը լայն կիրառում ունի գեղարարության մեջ։ Օգտագործվում է նաև օճառի արտադրությունում։
Հայտնի է, որ փափկեցնում է ձեռքերի մաշկը, հեռացնում թեփը, կարմրությունը, ճաքերը, այտուցվածությունը։