ՀՀԿ-ն կոլխոզի ու կարտելի արանքում
Կամ Սուրեն Խաչատրյանի ու Էդուարդ Շարմազանովի տարբերությունը
«ՀՀԿ-ում երբեք պաշտոնների, շտաբների պետերի կռիվ չի կարող լինել, Հանրապետականը ՍՊԸ չէ, այլ քաղաքական ուժ, որը համախմբված է իր առաջնորդի և իր գաղափարախոսության շուրջ»,- ՀՀԿ գործադիր մարմնի վերջին նիստից հետո հայտարարել է այդ կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Պարզ է` նա այդպիսով ցանկացել է ասել, որ ՀՀԿ-ում պատեհապաշտներ, կարիերիստներ, հանուն պաշտոնի ու փողի հավաքված մարդիկ չկան, որ այդ կուսակցությունը բաղկացած է բացառապես ցեղակրոնության ու տարոնականության անշեջ գաղափարներով տոգորված մարդկանցից:
Բայց հենց այդ մղումով, ՀՀԿ-ն որպես «գաղափարական մարտիկների համախմբում» ներկայացնելու իր ցանկությամբ՝ Էդուարդ Շարմազանովը հերթական անգամ բացահայտել է, որ Հանրապետականն իրականում հենց այդպիսիների հավաքածու է: Ով՝ ով, բայց Շարմազանովն ի պաշտոնե շատ լավ գիտի, թե ինչ է մտածում հասարակությունն իր կուսակցության մասին, ու գիտի նաև, որ մտածում է հենց այն, ինչն ինքը փորձում է հերքել իր նժդեհական պաթոսով:
Այլապես, ի պատասխան հարցի, թե ովքե՞ր են զբաղեցնելու Սերժ Սարգսյանի շտաբի պետի տեղակալների, մարզային շտաբների համակարգողների պաշտոնները, Շարմազանովն ընդամենը կասեր, ենթադրենք, որ դեռևս լիազորությունների վերջնական բաշխում չի կատարվել, դա ընթացքի մեջ է, և, երբ այդ գործընթացն ավարտվի, հայտնի կդառնա, թե ովքեր որ պաշտոնները կզբաղեցնեն:
Բայց Շարմազանովը լավ գիտի նաև, որ իշխանության թեկնածուի շտաբում մարդիկ մանկուց երազում են պաշտոններ զբաղեցնել ոչ թե այդ թեկնածուին անձնվիրաբար ծառայելու անհագ մղումով, այլ՝ որովհետև, ովքեր այդ շտաբում ավելի լավ են համակարգում ընտրակեղծարարության գործընթացը, այնքան ավելի բարձր պաշտոնների են արժանանում ընտրություններից հետո: Ու որպեսզի մարդիկ նման «չարամիտ մտքեր» չունենան, Շարմազանովը նախահարձակ է լինում ու հայտարարում` «Հանրապետականը ՍՊԸ չէ»:
Ճիշտ է ասում պարոն Շարմազանովը` Հանրապետականը ոչ թե ՍՊԸ է, այլ ՊՉԸ` պատասխանատվություն չունեցող ընկերություն: Որովհետև ՀՀԿ-ն չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք օրենքով ներկայացվում են
ՍՊԸ-ներին: Օրինակ՝ «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «Ընկերությունն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով»:
ՀՀԿ-ն Հայաստանի իշխող կուսակցությունն է, նախագահը ՀՀԿ ղեկավարն է, խորհրդարանում ունի մեծամասնություն, կառավարությունում` վարչապետ ու էլի մեծամասնություն: Այդ մեծամասնություններից բացի, Հանրապետականը ևս մեկ մեծամասնություն ունի. Հայաստանի մեծահարուստների մածամասնությունը ՀՀԿ անդամներ են: ՀՀԿ-ն` որպես իշխող կուսակցություն, մեղմ ասած, չի կատարում իր պարտավորությունները, ինչի հետևանքն է Հայաստանի այսօրվա խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթը:
Արդյո՞ք ՀՀԿ-ն կամ ՀՀԿ-ականները դրա համար պատասխանատվություն են կրում իրենց պատկանող գույքով: Իհարկե՝ ոչ: Այդ իրավիճակի ողջ բեռն ընկնում է ՀՀ քաղաքացիների ուսերին, քանի որ ՀՀԿ ապաշնորհության արդյունքում տնտեսությունը կոլապսի չի հասնում միայն հարյուրավոր միլիոն դոլարների հասնող արտաքին վարկերի շնորհիվ, որի մայր գումարն ու տոկոսները վճարելու են ոչ թե ՀՀԿ-ականները, այլ պետական բյուջեն:
Այն, որ Հանրապետականը ՍՊԸ չէ, կարելի է ապացուցել օրենքից մի շարք այլ մեջբերումներ անելով: Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում:
Ավելի հետաքրքիր է, թե ինչո՞ւ է Էդուարդ Շարմազանովն իր փոխաբերական համեմատությունն անելիս՝ որպես օրինակ ներկայացրել առևտրային ընկերությունների կազմակերպաիրավական տեսակներից մեկը` ՍՊԸ-ն: Կարող էր, չէ՞, Շարմազանովն ասել, որ Հանրապետականն, ասենք, նկարիչների միություն չէ, որտեղ բոլորը անպատասխանատու կերպով զբաղված են արվեստով և ձգտում են փառասիրության, կամ ֆուտբոլային ակումբ չէ, որի խաղացողները ցանկանում են մեծ տրանսֆերտային գներով վաճառվել այլ ակումբների:
Իրականում ՀՀԿ խոսնակը ՍՊԸ-ի օրինակը բերել է ենթագիտակցորեն: Շարմազանովը, կրկին ի պաշտոնե, շատ լավ գիտի, որ ՀՀԿ-ականների մեծամասնությունը խոշոր բիզնեսմեններ են, Հանրապետականը գործարարների, օլիգարխների կուսակցություն է, դրա համար էլ իր հայտարարության մեջ, կրկնում ենք, ենթագիտակցորեն, ներկայացրել է ՍՊԸ-ի օրինակը: Այդ երևույթի մասին իր բազմաթիվ աշխատություններում գրել է Զիգմունդ Ֆրեյդը, որի հիմնական գիտական ձեռբերումները, սակայն, այնքան էլ հարիր չեն հանրապետականների հոգեկերտվածքին:
Քանի որ բիզնեսը հանրապետականների համար ամենահոգեհարազատ զբաղմունքն է, քաղաքականությունն էլ` ընդամենը բիզնեսի համար ավելի արտոնյալ պայմաններ ապահովելու միջոց, Էդուարդ Շարմազանովին խորհուրդ ենք տալիս ապագայում` «Հանրապետականը ՍՊԸ չէ» հայտարարությունն անելիս, կոնկրետացնել` իսկ ի՞նչ է Հանրապետականը: Նրա գործը հեշտացնելու համար խորհուրդ ենք տալիս միանգամից հայտարարել, որ Հանրապետականը կոլխոզ է:
Կոլխոզը, հիշեցնենք, Խորհրդային Միությունում տարածված տնտեսավարման այնպիսի ձև էր, որի դեպքում արտադրության միջոցները (հողը, անասնագլխաքանակը, սարքավորումները և այլն) միավորվում էին համատեղ սեփականության ներքո և նրա մասնակիցների միացյալ ղեկավարման արդյունքում աշխատանքի արդյունքը համամասնորեն բաշխվում էր մասնակիցների միջև: ՀՀԿ-ն էլ գրեթե այդպիսի միավորում է. նրա մասնակիցների, իմա` անդամների, ունեցվածքը միայն պայմանականորեն կարելի է համարել նրանց սեփականությունը, քանի որ անհրաժեշտության դեպքում դա կարող է օգտագործվել կոլխոզի, ներեցեք, կուսակցության շահերից ելնելով:
Ինչ վերաբերում է «համատեղ աշխատանքի» արդյունքներին, ապա այն իսկապես բաշխվում է կուսակցության անդամների միջև: Գրեթե այնքան արդարաբար, որքան Խորհրդային Միության կոլխոզներում:
Իսկ եթե Էդուարդ Շարմազանովին` որպես երիտասարդ հանրապետականի, կոլխոզն այնքան էլ հոգեհարազատ չէ, նա կարող է հիշատակել կարտելի օրինակը: Կարտելն էլ, որպես իրավակազմակերպական տեսակ, համանման ձեռնարկությունների միություն է, որոնք միավորվում են իրար միջև փոխադարձ մրցակցությունը վերացնելու, շուկային մոնոպոլ կերպով տիրելու նպատակով: Գրեթե այնպես, ինչպես խոշոր գործարարներն են անդամագրվում ՀՀԿ-ին` մենաշնորհ ունենալու և ոչ թե իրար միջև, այլ շուկայի մնացած մասնակիցների մրցակցությունը վերացնելու նպատակով:
Հ.Գ. ՀՀԿ մեկ այլ անդամ՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը` թերևս, որպես ավելի ուղղամիտ մարդ, շատ ավելի ազնիվ ու անկեղծ է սեփական կուսակցության մասին գնահատականներում: Մասնավորապես 168.am-ին տված հարցազրույցում՝ ի պատասխան հարցին` արդյո՞ք ինքը տեսնում է տգետներ ՀՀԿ-ի շարքերում, Սուրեն Խաչատրյանն ասել էր. «Տգետներ կլինեն, ո՞նց կարող է չլինեն… երբ որ ինքը ՀՀԿ անդամ է, կուսակցության տոմսը ջեբը, բայց ինքը հավատարիմ չէ այդ կուսակցությանը, դա, ինքնըստինքյան, տգիտություն է: Երբ որ Հանրապետական կուսակցության տոմս է վերցրել, դիմում է գրել ընդունվել, և այդ մարդը նպատակային է վերցրել այդ տոմսը, և խնդիր է ունեցել Հանրապետական դառնա, որպեսզի ինչ-որ բանի հասնի, և երբ որ չի հասնում, նա արդեն դավաճանում է: Նա դառնում է դավաճան, չէ՞: Սերժ Սարգսյանի խոսքը հիմնականում նաև դրանց էր վերաբերում»: