Կիլոգրամներ գուցե կորցնենք, բայց շղթաներ՝ ոչ
Լուրը, թե երգիչ Էլթոն Ջոնը և նրա ամուսինը երեխա են ունեցել, խիստ տպավորիչ է: Հատկապես, որ ընդհանուր շատ եզրեր ունի այն իրադարձության հետ, որը տեղի է ունենալու փետրվարի 18-ին, Հայաստանում` նախագահական ընտրություններ: Երկու դեպքում էլ էական են ոչ թե միջոցները, այլ արդյունքը:
Եվ թող բոլորը պնդեն, թե երկու տղամարդու սիրուց երեխա չի ծնվում, կամ առանց ընտրողների քվեի` նախագահ չեն ընտրվում: Մարդիկ հնարամիտ են և գտնում են Բնությանը մոլորեցնելու եղանակներ: Խնդրեմ, համացանցը ողողված է երջանիկ հայրիկների և նրանց սիրո պտուղի լուսանկարներով: Նախագահական ընտրությունների երջանիկ «հայրերի» դեմքը կտեսնենք արդեն փետրվարի 18-ին:
Իսկ մինչ այդ տագնապներ կան ներքաղաքական կյանքում: Այստեղ շարունակում են փնտրել ու գտնել իշխանության սպասարկուներին, նրանց, ովքեր նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունը դնում են բացառապես ժողովրդին մոլորեցնելու նպատակով: Այդ ենթատեքստում չի բացառվում վարկածը, թե այն թեկնածուները, ովքեր չարամտորեն չգտան անհրաժեշտ 8 միլիոն դրամ ընտրագրավը, անուղղակիորեն սատարում են Սերժ Սարգսյանին` հրաժարվելով նրա դեմ պայքարից:
Սակայն առավել կենսունակը մյուս վարկածն է. այն թեկնածուները, ովքեր չեն հրաժարվի պայքարից` Սերժ Սարգսյանին թողնելով ամոթալի, անպատիվ մենության մեջ, դարձյալ անուղղակիորեն կամ ուղղակիորեն աջակցում են նրան: Այս թեզը շրջանառության մեջ դրեց նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը: Նրա ձևակերպումները ագրեսիվ թվացին մյուս թեկնածուներին, և որևէ մեկը չհրաժարվեց իր որոշումից:
Առհասարակ, նախագահական ընտրություններից առաջ քիչ թե շատ առողջ ուժերը փորձում են իրենց կազմից պեղել Բաղրամյան 26-ի դրածոյին:
Երբ հանկարծ նկատում են, որ ընտրություններն արդեն ավարտվել են, իսկ ԿԸՀ-ն արդեն հրապարակել է արդյունքները. նախագահը դարձյալ իշխանության թեկնածուն է: Մինչև հաջորդ նախագահական ընտրություններն ընկած ժամանակահատվածը քաղաքական ուժերը մաշում են նույն կարգի բացահայտումների վրա` ով էր ծախված, և ում պատճառով է, որ Հայաստանում ժամանակը կանգ է առել 1996 թվականի մատույցներում:
Անդրեաս Ղուկասյանն, ի դեպ, բառերը հենց այնպես չի շռայլել:
Նա վստահեցրել է, որ եթե իր կոչը չդիպչի նախագահի թեկնածուների սրտերին, և նրանք դուրս չգան ընտրապայքարից, ապա կդիմի ծայրահեղ (կամ հուսահատ) քայլի` հացադուլի: Բանն այն է, որ հարգարժան Անդրեաս Ղուկասյանի հացադուլը կունենա նույն արդյունքը, ինչ նրա կոչը` նախագահի թեկնածուներին: Այսինքն` արդյունք չի ունենա: Այո՛, նա կկորցնի կիլոգրամներ, ինչպես ժամանակին բոլորիս աչքի առաջ մոմի պես հալվեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նրան կայցելեն համակիրները: Սակայն նախագահական ընտրությունների արդյունքների վրա նրա քայլը դժվար թե ազդի:
Եթե անգամ տեսականորեն նախագահի բոլոր թեկնածուները ցուցադրաբար հանեին իրենց թեկնածությունը, միայնակ մնացած թեկնածուն, կարծում եք, անհարմար վիճակի մե՞ջ կհայտնվեր: Իշխանության մեջ կոփված մարդկանց խումբը և ոչ մի դեպքում խնդիրներ չի ունենում այնպիսի անկշիռ ու աներևութական նյութի հետ, որպիսին է հոգին (կամ խիղճը): Հետևաբար, բոյկոտը, արհամարհանքը, քաղաքացիական անհնազանդությունն այն գործիքները չեն, որոնք կարող են տեղից շարժել երկրի քաղաքական վերնախավի կաղապարված մտածողությունը:
Ի դեպ, նույն այդ վերնախավն ու տարբեր աստիճանի չինովնիկներ արդեն խոսում են բացառիկ մի հնարավորության մասին` իբր այս ընտրություններին, ի վերջո, կունենանք լեգիտիմ նախագահ: Հիմնավորումն այն է, թե թեկնածուներից ոմանք խոցելի գաղափարներ ու մասնագիտություն ունեն, իսկ մյուսները պայքարելու են երկրորդ և հաջորդ տեղերի համար:
Եվ, վերջապես, ամենաանհասկանալին հենց թեկնածուների` միմյանց հանդեպ անվստահություն տարածող ակնարկներն են: Արդար ճանապարհով իշխանության թեկնածուն ընտրվել չի կարող: Եվ դա պիտի որ սթափ գնահատի նաև ՀՀԿ ֆավորիտը: Արտագաղթ, գլոբալ հուսահատություն, սոցիալական ոչ գրագետ քաղաքականություն, անվստահություն իշխանությունների հանդեպ, կոռումպացված համակարգ: Նման արսենալով իշխանությունը չի կարող ընտրվելու հավակնություն ունենալ: Հետևաբար, անգամ նման իրավիճակում, երբ Սերժ Սարգսյանի ընտրվելը տեխնիկապես հնարավոր է, արդար չէ նրան վերագրել լեգիտիմություն:
Բոլորը գիտեն` ում են շնորհակալություն հայտնում նախագահներն ընտրություններին իրենց հաղթանակն ապահովելու համար:
Իշխանափոխություն կարող է անել բացառապես հասարակությունը (կոչենք այն քաղաքացիական): Դա այն հասարակությունն է, ում բարոյականությունը զգալիորեն տարբերվում է գործող իշխանության բարոյականությունից: Նման մարդիկ քիչ չեն, և հենց նրանք էլ 2008-ին դուրս եկան փողոց:
Նրանց նվիրվածությունն ու մինչև վերջ գնալու, անգամ կյանքը վտանգելու պատրաստակամությունը, սակայն, ոչ մեկին պետք չեկավ: Եվ այսօր էլ Սերժ Սարգսյանի «լեգիտիմության» համար բոլոր պայմանները կան, քանի որ չկա այն ուժը, որի հետ միասին մարդիկ պատրաստ կլինեն դուրս գալ փողոց: Բոլորը բոյկոտում են: Իսկ Մարտի 1-ի տասը զոհերի սպանության քննությունն ու իշխանությունների ու ընդդիմության համանման անտարբերությունը շատերին կստիպի մտածել` դո՞ւրս գալ փողոց, թե՞ ոչ: Եվ շատ դեպքերում ընտրությունը կլինի տանը մնալու որոշման օգտին: Հետևաբար, փետրվարի 18-ին էլ կարևորություն է ունենալու այն փաստաթուղթը, որի վրա դրված են լինելու ԿԸՀ անդամների ստորագրություններն, ու որն ազդարարելու է հաղթող թեկնածուին: Նման «լեգիտիմությունը» շատերի ինքնասիրությունը կշոյեր:
Ի վերջո, Էլթոն Ջոնի գրկում էլ տեսնելով նրա փոքրիկին, քչերին է հետաքրքրում` իսկ ո՞վ է երեխայի մայրը: Առավել ևս, որ պատասխանն ավելի է խճճում իրավիճակը. «Երեխայի մայրը… Էլթոն Ջոնի ամուսինն է»: Այլ հարցեր կա՞ն…