Ինչո՞ւ է Քոչարյանը հեռացել սաֆարիից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական` 2rd.am կայքէջում հրապարակվել էր մի հոդված, որում ներկայացվել էին նրա նախասիրությունները: «Սկզբում բասկետբոլն էր: Ասում են, որ նա իսկապես լավ էր խաղում: Նրա բնավորությունը քիչ թե շատ իմացողները հասկանում են, որ, անշուշտ, չի սիրում պարտվել: Հետո՝ ձիասպորտ, որսորդություն, դահուկային արագավազք, ջրային սպորտաձևեր:

Կարճ ասած,  իր նախասիրություններով Ռոբերտ Քոչարյանը սպարտացի է` առողջ հոգի առողջ մարմնում: Դնել իր առջև բարդագույն խնդիր ու հաղթահարել: Այսպիսին է նա թե իր մարզական նախասիրությունների հարցում, և թե ղեկավարի տեսակով»,- նշված է հրապարակման մեջ, որից տեղեկանում ենք նաև, որ Ռոբերտ Քոչարյանը սիրում է «բարձրորակ ջազ երաժշտություն լսել»:

Սակայն, ինչպես գրել են հրապարակման հեղինակները, սա Ռոբերտ Քոչարյանի  հոբբիների ամբողջ շրջանակը չէ: «Թե ինչ գրքեր է նա սիրում կարդալ, արվեստի որ բնագավառներն ու ճյուղերն է գերադասում, մեր հանրությանը մինչ օրս  այնքան էլ հասու չի եղել…Եվ այսպես, մեզ հաջողվեց պարզել, թե ի՞նչ գրքեր է նախընտրել ու կարդացել Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիների ընթացքում»,- գրված է 2-rd.am կայքում:

Robert-Kocharyan_hunting_Tanzani2

Ուշագրավ է, որ ակնհայտորեն Ռոբերտ Քոչարյանի դրական իմիջով շահագրգռված այս հրապարակման հեղինակներն այնքան են ջանացել այդ գործում, որ հայտնվել են ծիծաղելի վիճակում: Քոչարյանի` գիրք կարդալու մասին նրանք գրում են այնպիսի ինտրիգային ոճով, կարծես խոսքը ոչ թե ընթերցանության, այլ տիեզերական ինչ-որ զբաղմունքի կամ, ասենք, մենակյացության մասին է:  «… մեզ հաջողվեց պարզել, թե ինչ գրքեր է նախընտրել ու կարդացել Ռոբերտ Քոչարյանը վերջին 2-3 տարիներին» արտահայտությունն այնպես է ներկայացված, որ տպավորություն է ստեղծվում, որ կայքին հաջողվել է պարզել, թե վերջին 2-3 տարիներին որ մոլորակներում է կարողացել լինել Ռոբերտ Քոչարյանը կամ աշխարհի որ քարանձավներում է զբաղվել ճգնավորությամբ:

Ու այդ «դեդեկտիվ» նախաբանից հետո ներկայացվում է գրքերի մի ցանկ, որը սովորական է համարվում  կառավարման կամ քաղաքագիտության ֆակուլտետների` միջին վիճակագրական ուսանողի համար: Բայց սա ամբողջը չէ: «Ձեզ ներկայացվող ցանկի գրքերի անվանումները չթարգմանեցինք պարզապես այն պատճառով, որ նախագահը դրանք կարդացել է հենց այդ լեզուներով»,- սենսացիոն բացահայտում է անում կայքը:

Մինչդեռ այս հարցում ևս որևէ առանձնահատուկ բան դժվար է գտնել: «Կարդացել է հենց այդ լեզուներով» արտահայտությունը ներկայացված է այնպիսի պաթոսով, կարծես Քոչարյանը գրքեր է ընթերցել բանտու լեզվաընտանիքի սուախիլի լեզվով, եբրայերենով կամ գոնե չինարենով: Ներկայացված գրքերի մի մասը ռուսերեն լեզվով է, որը Ռոբերտ Քոչարյանի համար մայրենի լեզվի նշանակություն ունի, մնացած մի քանիսը` անգլերեն լեզվով, որին տիրապետելու համար, ըստ տարբեր աղբյուրների, Քոչարյանը «պարապում էր» նախագահության առաջին տարվանից` 1998 թվականից: Այսինքն` 13 տարվա ընթացքում նա կարողացել է տիրապետել անգլերենին այնքան, որ կարդում է այդ լեզվով: Իսկապես սենսացիա է: Համենայնդեպս, հենց այդ տպավորությունն է թողնում Քոչարյանի ոչ պաշտոնական կայքի հրապարակման ոճը:

Ռոբերտ Քոչարյանի նախասիրությունների ներկայացման ձևն, իհարկե, փոքր-ինչ ծիծաղաշարժ է, սակայն ավելի կարևոր են այն դրդապատճառները, որոնք նրա իմիջով զբաղվողներին ստիպել են դիմել նման քայլի:

Qocharyan-vors2013 թվականի նախագահական ընտրություններում չառաջադրվելուց հետո պարզ դարձավ, որ քաղաքականություն վերադառնալու համար (եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն) Քոչարյանը, լավագույն դեպքում, պետք է սպասի մինչև 2017-2018 թվականները: Դա բավական երկար ժամանակ է, հատկապես, եթե դրան գումարենք նաև անցած հինգ տարիները, որոնց ընթացքում Քոչարյանը գործնականում մատնված է եղել քաղաքական պարապության:

Եվ ահա, նրա իմիջմեյքերները, թերևս, որոշել են օգտագործել այս ժամանակահատվածը Քոչարյանին ավելի շահեկան կերպարով ներկայացնելու, նրա կերպարի հետ նույնացվող նախկին ստերեոտիպերն ու ասոցիացիաները կոտրելու համար: Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխվելուց հետո Ռոբերտ Քոչարյանը հայտնի հարցազրույցում իրեն ներկայացրեց որպես «վոին», որը հետագայում դարձավ նրա կերպարի հիմնական բնութագրիչներից մեկը: Դա զուգորդվեց Քոչարյանի` սպորտային նախասիրությունների, բասկետբոլի և այլ մարզաձևերի հանդեպ ունեցած հակումների լայնամասշտաբ քարոզչությամբ:

Միաժամանակ, որքան էլ դրական լինեին այս կերպարային բնութագրիչները (Քոչարյանի և նրա իմիջմեյքերների տեսանկյունից), միևնույն է` դրանք ոչ միայն բավական չէին երկրի ղեկավարի ու առաջնորդի ժամանակակից կերպարի համար, այլ նրան շատ հաճախ դնում էին ծիծաղելի վիճակի մեջ: Այն առումով, որ տարբեր առիթներով Քոչարյանը չէր կարողանում թաքցնել գրքի նկատմամբ իր` մեղմ ասած, ոչ այնքան բարեհաճ վերաբերմունքը: Իսկ եթե նա անգամ որևէ վերաբերմունք ուներ գրականության նկատմամբ, ապա դա սահմանափակվում էր Ժյուլ Վեռնի մակարդակով (իր նախագահության տարիներին տված հարցազրույցներից մեկում` «ի՞նչ հեղինակ եք կարդում հիմա» հարցին Քոչարյանն ինքն էր պատասխանել` Ժյուլ Վեռն):

Ըստ ամենայնի, վերը նշված հանգամանքներն են Քոչարյանին կամ նրա տեխնոլոգներին ստիպել զբաղվել նոր` «կարդացող կերպարի» ձևավորմամբ: Ու թերևս «ռեբրենդինգի» խնդիրն այնքան կտրուկ է դրվել, որ հանձնարարվել է մոռանալ Քոչարյանի ամենասիրելի նախասիրության` որսի մասին:

Այն դեպքում, երբ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն տեղական ու տարածաշրջանային, այլ համաշխարհային մասշտաբի որսորդ է: 2008 թ. նախագահի պաշտոնից հետո աֆրիկյան սաֆարիներում նրա` տասնյակ-հազարավոր դոլարներ արժեցող որսորդության տեսարանները «զարդարում են»  էլիտար որսի համաշխարհային պատմությունը:

Տեսանյութեր

Լրահոս