Թուրքիայի իշխանությունները բանակցում են Աբդուլլահ Օջալանի հետ
Euronews-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխանությունները բանակցություններ են վարում 1999 թվականից Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, ով Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) հիմնադիրն է:
Անկարան հուսով է օգտագործել Օջալանի (թարգմանաբար՝ վրիժառու – 168.am) ազդեցությունը, որպեսզի այդ կերպ քուրդ մարտիկներին ստիպի զինաթափվել: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի խորհրդականներից մեկը խոստովանել է, որ իշխանություններին չի հաջողվի «Քրդական հարցը» լուծել միայն ռազմական ճանապարհով:
Էրդողանի խորհրդականներն Աբդուլլահ Օջալանին անվանում են թուրք-քրդական հակամարտության «գլխավոր գործող անձ»: Դրա հետ մեկտեղ նրանք թերահավատորեն են մոտենում նրան, որ Օջալանն ունակ է ամբողջովին վերահսկել քուրդ մարտիկներին, որոնք շարունակ Հյուսիսային Իրաքից ներթափանցում են Թուրքիայի տարածք և հարձակումներ իրականացնում:
Հիշեցնենք, որ թեև PKK-ն հիմնադրվել է 1978 թվականին, Թուրքիայում նրա ակտիվ զինված պայքարը սկսվել է 1984 թվականին: Քուրդ քաղաքական գործիչ և գրող Իբրահիմ Գյուչլուի կարծիքով` Թուրքիայում PKK-ի ակտիվ զինված պայքար սկսելու միակ պատճառը 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում իրականացված ամենաարյունալի զինվորական հեղաշրջումն է, ինչից հետո հազարավոր քրդեր հայտնվեցին բանտերում և ենթարկվեցին գազանաբարո կտտանքների: Այդ կտտանքներից հետո բրիտանական The Times թերթը Դիարբեքիրի բանտը ներառել էր աշխարհի ամենավատ վարկանիշն ունեցող 10 բանտերի թվում: