
Դեղատներում դեղերի դատարկ տուփեր են վաճառվում

Այն, որ հայաստանյան դեղերոյքային շուկայի վերահսկողությունը, մեղմ ասած՝ պատշաճ չի իրականացվում, թերևս մեզ՝ սպառողներիս համար, նորություն չէ: Սակայն զարմանալին այն է, որ Հայաստանի դեղատներում արդեն բացահայտ խաբեության միջոցով թալանում են շարքային քաղաքացիներին՝ դեղի դատարկ տուփեր վաճառելով:
Օրեր առաջ մենք Շենգավիթ վարչական շրջանի դեղատներից մեկից գնեցինք 1 ամբողջական տուփ «Նիմոսուլ» դեղորայքը, սակայն տանելով տուն՝ պարզվեց, որ տուփը բառի բուն իմաստով դատարկ է, այսինքն՝ առանց դեղահաբերի:
Հնդկական արտադրության ցավազրկող այս դեղի տուփի վրա առհասարակ բացակայում է հայերեն մակնշումը. միայն նշված է արտադրության և պիտանելության ժամկետը: Տուփի միջի փայլաթիթեղում նախատեսված 10 դեղահաբերից որևէ մեկը գոյություն չունի, այսինքն՝ դեղատունը վաճառում է դեղորայքի փաթեթավորված դատարկ տուփեր: Որևէ մեկը չի կարող պնդել, որ այս դատարկ տուփը միակն է եղել:
Ի դեպ, ցավազրկող այս դեղամիջոցը մեկ ամիս առաջ 300 դրամ էր, իսկ հիմա այն վաճառվում է 350 դրամով: Նշենք նաև, որ գրեթե բոլոր դեղատներում սպառողներին տեղեկացնում են, որ հունվարի 1-ից դեղորայքը զգալի թանկացել է, սակայն ոչ ոք դրա պատճառը չգիտի: