Ձմեռ պապի թանկարժեք նվերը Սերժ Սարգսյանին

Ավարտվեց 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը: ՀՀ նախագահ դառնալ պաշտոնապես ցանկանում էին 15 թեկնածուներ: Սակայն երեկ` Կենտրոնական ընտրական հանձնաժողով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, այդ թվում` գրավի վճարման անդորրագրերը, ներկայացրել են միայն յոթ թեկնածուներ` ՀՀ գործող նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը, Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, ՀՀ  նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը,  «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, «Ռադիո հայ» ՍՊԸ-ի տնօրեն Անդրեաս Ղուկասյանը եւ էպոսագետ, անկուսակցական Վարդան Սեդրակյանը: Ավելի վաղ մնացած փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրած պոտենցիալ ութ թեկնածուները դուրս են մղվել մրցապայքարից` գրավը չվճարելու համար:

Երեկ սկսվել է նշված 7 թեկնածուների գրանցումը, որը կտևի 10 օր, որից հետո էլ կմեկնարկի նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Այս նախագահական ընտրությունների առանձնահատկություններին բազմիցս անդրադարձել ենք և դեռ առիթներ կունենանք անդրադառնալու: Այս պահին, երբ արդեն հայտնի են առաջադրված թեկնածուները, կարելի է արձանագրել միայն, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները, ամեն ինչից բացի, ծայրահեղությունների ընտրություններ են լինելու: Խոսքը թեկնածուների հայտնիության, նրանց առաջադրման ադեկվատության միջև տարբերությունների ծայրահեղության մասին չէ: Խոսքը վերաբերում է ընկալումների ու գնահատականների ծայրահեղությանը, որով իշխանությունն ու ընդդիմությունը գնում են ընտրությունների:

Կարելի է չկասկածել, որ թեկնածուների առատությունն իշխանական տեխնոլոգների հղացած պրիմիտիվ գաղափարի արդյունք է: Դրանով իշխանությունը փորձելու է հակադրվել ընդդիմության կողմից արդեն իսկ հայտարարված ու առաջիկա ամիսներին, գուցե տարիներին հայտարարվելիք՝ ոչ մրցակցային ընտրությունների, դրա արդյունքում ձևավորված ոչ լեգիտիմ իշխանության մասին գնահատականներին:

Թեկնածուների առատությունը, սակայն, մեղմ ասած, թույլ ու անհիմն փաստարկ է, քանի որ նույնիսկ չափազանց դյուրահավատ եվրոպացիների համար հասկանալի է, որ հասարակությանը ոչինչ չասող մոտ մեկ տասնյակ թեկնածուներն «ինքնառաջադրվում են» միայն Հայաստանի նման «աննախադեպ ժողովրդավարություն» ունեցող երկրներում: Եթե անգամ եվրոպացիները միանգամից գլխի չընկնեն, մեր ընդդիմադիրների հիշեցումները բավարար կլինեն դա տեղ հասցնելու համար: Թերևս իշխանության վերնախավում` դա գիտակցելով, վերջին պահին որոշում կայացրեցին թեկնածուների թիվը չհասցնել անհեթեթության ու մի քանիսին չտրամադրեցին ընտրագրավի համար անհրաժեշտ 8 միլիոն դրամը:

Մի խոսքով, հիմնականում նյութական արժեքներով, ու այդ արժեքներից՝ հիմնականում փողով առաջնորդվող իշխանությունը որոշել է քանակով «որակ» ապահովել, ինչը, բնականաբար, ծիծաղելի է և որևէ արդյունքի չի հասցնելու: Ծիծաղելի է գրեթե այնպես, ինչպես ընդդիմադիրների հորինած հակալեգիտիմության գնահատականը`  ընտրությունների ոչ մրցակցային լինելու հիմնավորմամբ: Եթե անգամ հաշվի չառնենք մնացած 5 թեկնածուներին, միայն Հրանտ Բագրատյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի առաջադրումը բավարարար է նույն արևմտյան չափանիշներով ընտրությունները մրցակցային համարելու համար:

Երկու թեկնածուներից մեկը եղել է նախկին վարչապետ, մյուսը` նախկին արտգործնախարար, և ամենակարևորը` երկուսն էլ ներկայացնում են գործող խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները: Ընդ որում, որքան էլ իշխանական քարոզչությունը՝ բացահայտ, ընդդիմադիր քարոզչությունը՝ թաքնված, փորձեն հասարակության մեջ ներարկել այն համոզմունքը, որ Բագրատյանն ու Հովհաննիսյանը մրցունակ չեն Սերժ Սարգսյանի նկատմամբ, դա իրականությանը չի համապատասխանում: Գործող իշխանությունից ու Սերժ Սարգսյանից հասարակության դժգոհությունն այն աստիճան մեծ է, որ նշված թեկնածուները ընտրություններում հաղթելու իրական հնարավորություն ունեն: Եթե ոչ՝ առաջին, ապա՝ երկրորդ փուլում: Բայց դրա համար անհրաժեշտ է մի կարևոր նախապայման, ինչի բացառման համար էլ իշխանական ու «բոյկոտային ընդդիմության» քարոզչությունը տարածում է Սերժ Սարգսյանի` անվիճելի ֆավորիտ լինելու մասին առասպելը:

Այդ նախապայմանն իրապես արդար և թափանցիկ ընտրություններն են, որոնց դեպքում իշխանության վերարտադրության հավանականությունն այնքան է, որքան Բագրատյանի կամ Հովհաննիսյանի ընտրվելու հավանականությունը` կեղծված ընտրությունների դեպքում: Այսինքն` իշխանությունն, այսպես թե այնպես,  կեղծելու է ընտրությունները: Խնդիրը «կեղծման լեգիտիմության» մեջ է, ինչը կատարվում է հանրային գիտակցությունը բթացնելու ճանապարհով: Այսինքն` փորձ է արվում հնարավորինս շատ խոսել այն մասին, որ ընտրությունները մրցակցային չեն լինելու, Սերժ Սարգսյանը որևէ իրական մրցակից չունի և հաղթելու է առանց մեծ դժվարության:

Ու որքան էլ տարօրինակ, թերևս, նույնքան էլ օրինաչափ է, որ այս հարցում, հանրային գիտակցության մեջ Ս. Սարգսյանին նախապես լեգիտիմացնելու հարցում ամենամեծ ծառայությունը մատուցեցին ու շարունակում են մատուցել այն ընդդիմադիր ուժերը, որոնք տարբեր պատճառներով թեկնածուներ չառաջադրեցին ու զերծ մնացին որևէ այլ թեկնածուի սատարելուց: Այդ ուժերի ու նրանց առաջնորդների անունները ևս հայտնի են և «արժանի» են հիշատակման, ինչպես ընտրություններում առաջադրվածների անունները` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, Հայ ազգային կոնգրեսը` Լևոն Տեր-Պետրոսյանի լիդերությամբ, ՀՅԴ-ն` Հրանտ Մարգարյանի, Վահան Հովհաննիսյանի, Արմեն Ռուստամյանի և այլոց գլխավորությամբ: Իրականում նշված ուժերն ու գործիչները Սերժ Սարգսյանին անհամեմատ ավելի մեծ ծառայություն մատուցեցին, քան ընտրություններում առաջադրված 10-12 թեկածուները` միասին վերցրած:

Սա, թերևս, ամենամեծ նվերն էր, որ Հայաստանի քաղաքական դաշտի խաղացողները կարող էին մատուցել Սերժ Սարգսյանին` Ամանորի կապակցությամբ: Իսկ նշված գործիչներից Ձմեռ պապի կերպարանքով Սերժ Սարգսյանի համար ներկայացել է, թերևս, Լևոն Տեր-Պետրոսյանը: Ոչ միայն այն պատճառով, որ ամենամեծն է տարիքով: Ի տարբերություն ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի, ՀԱԿ-ից ընտրություններում թեկնածու է առաջադրվել` Հրանտ Բագրատյանը: ՀԱԿ-ի կողմից նրան իրապես սատարելու դեպքում՝ Ս. Սարգսյանը հայտնվելու էր գրեթե 2008 թվականի վիճակում: Լևոն Տեր-Պետրոսյանը, սակայն, նրան նվիրեց այդ հեռանկարը բացառելու հնարավորությունը: Ավելի թանկարժեք ամանորյա նվեր թերևս չէր կարող պարգևել անգամ իսկական Ձմեռ Պապը` Լապլանդիայից:

Տեսանյութեր

Լրահոս