Արաբական աշխարհը ցնցած 10 ակնթարթները (լուսանկարներ)
BBC-ն կազմել է վերջին 2 տարվա ընթացքում Արաբական աշխարհը ցնցած 10 ակնթարթների ցանկը:
17.12.2010, Թունիս – Առևտրականի ինքնասպանությունը
Մուհամմեդ Բուազիզին Թունիսում իր ինքնահրկիզմամբ խթան հանդիսացավ այնպիսի զարգացումների, որոնք ընդմիշտ փոխեցին արաբական աշխարհը: Ստացված այրվածքներից մահացած Բուազիզին հանդիսանում էր արաբական երիտասարդ սերնդի տիպիկ ներկայացուցիչ: Մինչև 30 տարեկան արաբական երիտասարդության մոտ 60 տոկոսը չունի աշխատանք և դա ստանալու որևէ հեռանկար:
Հենց այդ երիտասարդությունը դարձավ Բուազիզիի մահվանը հաջորդած բողոքների շարժիչ ուժը: Անգամ պետական տեսուչ Ֆեյդա Համդին, որի գործողությունները հանգեցրին Բուազիզիի ինքնասպանությանը (նա հերքում է դա) ասաց, որ Բուազիզին դարձավ համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը:
14.01.2011, Թունիս – Բեն Ալիի փախուստը
Մուհամմեդ Բուազիզի մահվանը շաբաթներով հաջորդեցին զանգվածային բողոքներ` կապված կաշառակերության, գնաճի, գործազրկության և ազատության բացակայության հետ: Նախագահ Զին էլ-Աբիդին Բեն Ալին փորձեց ցուցարարներին հանգստացնել բարեփոխումներ անցկացնելու խոստումներով, սակայն ստիպված եղավ իշխանության ղեկին 23 տարի մնալուց հետո Թունիսից փախչել Սաուդյան Արաբիա:
Արդյունքում, նրան և նրա կնոջը՝ Լեյլային, հեռակա կարգով դատապարտեցին 35 տարվա ազատազրկման` պետական միջոցների յուրացման և չարաշահումներ թույլ տալու համար: Նրանից հետո ընկան արաբ այլ առաջնորդներ, սակայն Բեն Ալիի հեռանալն ի ցույց դրեց, որ ժողովրդական զանգվածները կարող են տապալել արաբական վարչակարգը:
28.01.2011, Եգիպտոս – Ցուցարարները շրջափակել են «Թահրիր» հրապարակը
2011 թվականի հունվարի 28-ին ցույցերը տեղափոխվեցին Եգիպտոս, ուր (Կահիրեում) ցուցարարները ոստիկանության հետ մեկօրյա կատաղի բախումներից հետո կարողացան վերահսկողության տակ վերցնել «Թահրիր» կենտրոնական հրապարակը:
Իրադարձությունների այդօրինակ շրջադարձը լուրջ փորձություն հանդիսացավ նախագահ Հոսնի Մուբարաքի վարչակարգի համար: Մուբարաքը սկզբնական շրջանում հրաժարվեց լքել զբաղեցրած պաշտոնը, սակայն այն բանից հետո, երբ ցուցարարները շարժվեցին դեպի նախագահական նստավայր, նա փետրվարի 12-ին համաձայնվեց հեռանալ:
Եգիպտոսն արաբական ամենամեծ երկիրն է, և նրա վարչակարգը շատերին թվում էր անխորտակելի: Եգիպտական հեղափոխությունը ոգեշնչեց Եմենի, Բահրեյնի, Լիբիայի և մեկ ամիս հետո` նաև Սիրիայի ապստամբությունները:
14.03.2011 – Զորքերը մտնում են Բահրեյն
2011 թվականի մարտի 14-ին Սաուդյան Արաբիան զորք մտցրեց Բահրեյն՝ աջակցելով Բահրեյնի կառավարությանն ապստամբների դեմ նրա պայքարում, որում գերակշռում էին երկրում մեծամասնություն կազմող շիա մուսուլմանները: Սաուդյան Արաբիայի համար այդ քայլը հանդիսացավ Իրանի հետ դիմակայության մի մասը, որին Էր-Ռիյադը մեղադրում էր շիական համայնքին բողոքի դուրս գալու դրդման մեջ:
2011 թվականի մարտից սունիների և շիաների միջև միջդավանական թշնամանքը սրվեց ողջ տարածաշրջանով մեկ: Ինչպես պնդում է բրիտանական Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտը (Chatham House), Բահրեյնում առկա լարվածությունը փոխանցվում էր նաև Պարսից ծոցում նրա հարևաններին:
17.03.2011, Լիբիա – Տրիպոլին ռումբերի տակ
2011 թվականի մարտի 17-ին Նյու Յորքում ՄԱԿ ԱԽ-ն ընդունեց թիվ 1973 բանաձևը` իր անդամ երկրներին լիազորելով «ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ գործողություններ»` Լիբիայում խաղաղ բնակչության պաշտպանության համար: ՆԱՏՕ-ի անդամները, մասնավորապես ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ձեռնարկեցին ակտիվ գործողություններ:
Բանաձևի ընդունումից հաշվված օրեր անց Բենղազիի մոտ ավիահարված հասցվեց գնդապետ Մուամմար Քադաֆիի զորքերին: Ռմբակոծվեց նաև Տրիպոլին: Գնդապետ Քադաֆին խոստացավ յուրաքանչյուր տանը, այգում, ծառուղում բռնել «առնետ-ապստամբներին», սակայն ՄԱԿ ԱԽ-ի բանաձևը մահվան դատավճիռ հանդիսացավ հենց Քադաֆիի վարչակարգի համար:
30.03.2011, Սիրիա – Ասադի ելույթը
2011 թվականիի մարտի 30-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հանդես եկավ սիրիական խորհրդարանին ուղղված երկար սպասված ուղերձով, ինչը տեղի ունեցավ իր վարչակարգի դեմ առաջին ցույցերից հետո: Նա, փոխանակ բացատրեր, թե ինչու են բարեփոխումները 10 տարի շարունակ մնացել միայն որպես խոստումներ, հայտարարեց, թե առաջին ցույցերը, որոնք, ինչպես հայտնի է, մեծամասամբ խաղաղ են եղել, հանդիսացել են օտար դավադրության մասնիկ:
Թեև բնակչության մի մասը երբեք չի էլ վստահել նախագահ Ասադին, բայց նա լեգիտիմ առաջնորդ էր: Եթե նա այդ ժամանակ ընդուներ, որ ցուցարարներն ունեն դժգոհելու իրական հիմքեր և փորձեր պատասխանել դրանց, ապա նա կկարողանար Սիրիային առաջարկել այլ`ավելի խաղաղ ապագա:
20.10.2011, Լիբիա – Սպանվեց Քադաֆին
2011 թվականի հոկտեմբերի 20-ին` մի քանի ամսվա փախուստից հետո, Մուամմար Քադաֆին ապստամբների կողմից հայտնաբերվեց իր հարազատ Սիրտ քաղաքում` ջրահեռացման խողովակի մեջ, և սպանվեց: Դա բռնակալի դաժան ու անփառունակ ավարտն էր:
Եթե նրան ձերբակալեին ու հանձնեին դատարանին, ապա Քադաֆֆիի ազդեցությունն ու ներկայությունը երկրում զգացնել կտար նաև հետագայում: Շատ լիբիացներ ողջունեցին նրա արագ մահը` հավատալով, որ նրա մահվամբ նոր էջ բացվեց երկրի պատմության մեջ:
Լիբիայում արաբական հեղափոխությունը ամենաբարդն էր: Քադաֆիի վարչակարգը կառուցվել էր հենց բռնակալի և նրա հարազատների շուրջ: Նրանց հեռանալուց հետո վարչակարգից ոչինչ չմնաց:
22.01.2012, Եմեն – Սալեհի հեռանալը
2012 թվականի հունվարի 22-ին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը 33-ամյա կառավարումից հետո լքեց Եմենը՝ հեռուստաուղերձով ներողություն խնդրելով իր կառավարման ժամանակ գործած «յուրաքանչյուր սխալի» համար:
Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի աջակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նա մեկնելու է ԱՄՆ, ուր նրան կերաշխավորվի դատական հետապնդումներից անձեռնմխելիություն:
Սակայն Սալեհն իրենից հետո թողեց բազմաթիվ խնդիրներ: Ներկայումս Եմենում չի բավականացնում սննդամթերքը, սպառվել են ջրի աղբյուրները և լրջորեն արտահանվող միակ արտադրանքի`նավթի պաշարները: Երկրում չեն դադարում կլանային պատերազմները, ակտիվ են ապստամբական շարժումներն ու «Ալ-Քաիդայի» ջիհադականները:
24.06.2012, Եգիպտոս – Մուրսիի հաղթանակը
2012 թվականի հունիսի 24-ին Եգիպտոսի առաջին դեմոկրատական նախագահական ընտրություններում հաղթանակ տարավ «Մուսուլման եղբայրներ» շարժումը ներկայացնող Մոհամմեդ Մուրսին:
Սակայն նոր առաջնորդը ժառանգել էր քաղաքական և տնտեսական մի շարք խնդիրներ: Ամենամեծ խնդիրն այն էր, թե ինչպես ապացուցել իրեն ընտրած մարդկանց, որ «Մուսուլման եղբայրները» կարող են լուծել նրանց խնդիրները:
Արաբական աշխարհում գրանցված բողոքներից դեռ շահեկան վիճակում հայտնվեցին իսլամիստական կուսակցությունները: Սակայն Եգիպտոսի նախագահական ընտրություններից մեկ ամիս անց լիբիացի ընտրողները ցույց տվեցին, որ կրոնական պատկանելությունը դեռ իսլամիստներին քվեներ չի երաշխավորում ընտրություններում:
14.11.2012 – Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունը
2012 թվականի նոյեմբերի 14-ին Իսրայելը գնդակոծությունների հերթական շարքը սկսեց Գազայի հատվածում: Արաբական երկրներում գրանցված զանգվածային բողոքներից հետո դա առաջին բաց հակամարտությունն էր Իսրայելի և պաղեստինցիների միջև: Այն ցույց տվեց, թե ինչպես է փոխվել ուժերի դասավորվածությունը տարածաշրջանում:
ՀԱՄԱՍ-ը տոնում էր, որ իրեն բաց կերպ աջակցում են Թուրքիան, Եգիպտոսը և արաբական այլ երկրներ: Իսրայելը, որը կրկին ցուցադրեց իր ռազմական հզորությունը և ստացավ Արևմուտքի աջակցությունը, նույնպես հասկացավ, որ Մերձավոր Արևելքի քաղաքական նոր իրողություններում նա այլևս չունի գործողությունների լիակատար ազատություն: