Բաժիններ՝

Վարորդը մեքենան վարելու ժամանակ հանկարծամահ է եղել

Այսօր՝ հունվարի 2-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան քաղաքի Սարիթաղի 12 փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերի Մելքոնյանը, վարելով «Ռենո» մակնիշի Լ2135 համարանիշի ավտոմեքենան, Հարավարևմտյան թաղամասի Բաբաջանյան փողոցում (Բլեյանի դպրոցի մոտ), դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց փողոց և բախվել Երևան քաղաքի բնակիչ Մանվել Գաբրիելյանի վարած «Ռենո» մակնիշի Տ6047 համարանիշի ավտոմեքենային, իսկ այնուհետև բախվել ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Մելքոնյանը տեղափոխվել է Մալաթիայի բժշկական կենտրոն, որտեղ մահացել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ Վ. Մելքոնյանը մեքենան վարելու ժամանակ հանկարծամահ է եղել և այդ վիճակում մեքենան բախվել է մեկ այլ ավտոմեքենային, իսկ հետո՝ ծառին: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Քննիչի հանձնարարականով նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Վ. Մելքոնյանը աշխատում էր «Արմա» տաքսի ծառայությունում, իսկ Մ. Գաբրիելյանը՝ «Նոյ» տաքսի ծառայությունում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս