Բաժիններ՝

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, կա 5 զոհ և մեկ վիրավոր

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Խաչատրյանի վարած BMW մակնիշի 26 ՕՍ 783 համարանիշի եւ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի բնակիչ, 29-ամյա Ավետիք Փանոսյանի վարած ԳԱԶ-2410 մակնիշի 06 ԼՏ 536 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզի փրկարար վարչության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները եւ ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը:

Քաղաքացիներն ու փրկարարները ոստիկանների հետ ավտոմեքենաներից դուրս են բերել 6 հոգու, որից 4-ը՝ մահացած վիճակում, իսկ 2-ը տեղափոխվեցին Հրազդանի հիվանդանոց:

Այս պահին դեպքի վայր են ժամանել նաեւ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի պետ Վալենտին Պապյանը, Հրազդանի ոստիկանության պետ Արմեն Իսրայելյանը եւ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Նիկողայոս Եղիազարյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը քիչ առաջ մահացել է:

Ոստիկանությունը պարզել է մահացած անձանց ինքնությունը: Նրանք են՝ ԳԱԶ-2410-ի ուղեւորներ, Դդմաշեն գյուղի բնակիչներ, 55-ամյա Հրաչիկ Փանոսյանը եւ 55-ամյա Գեղանուշ Առաքելյանը, իսկ ԳԱԶ-2410-ի վարորդ Ա. Փանոսյանը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Մահացել են նաեւ Մեղրաձոր գյուղի բնակիչներ, BMW-ի վարորդ, 50-ամյա Հ. Խաչատրյանը, 27-ամյա Հայկ Խաչատրյանը, 48-ամյա Անահիտ Բրսոյանը:

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ երկու ավտոմեքենաներում էլ եղել են ընտանիքներ:

Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որը առաջացրել է 2 եւ ավելի մարդու մահ) հատկանիշներով:

jj2 jj3 jj4

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս