«Հույս ունեմ` Նոր տարուց հետո Աստված ավելի բարեհաճ կլինի մեր երկրի նկատմամբ»
«Համբերություն մեր ժողովրդին, քիչ հուսախաբություններ ապրեն այսուհետև, ավելի ճիշտ կլինի ասել ` թող հույսը երբեք նրանց չլքի և շարունակեն ապրել Հայաստանում, պայքարել: Միգուցե գա այն օրը, որ մենք, իրոք, կկարողանանք հաղթահարել այս բարդությունները, բայց միասին և ոչ թե առանց ժողովուրդ: Թող մարդիկ հաղթահարեն իրենց սոցիալական խնդիրները, եթե ոչ իշխանությունների օգնությամբ, ապա սեփական նախաձեռնությամբ: Մեր ժողովրդին առողջություն, հույս, հավատ և սեր»,- այսպիսի բարեմաղթանքներ հղեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդիմիլա Սարգսյանը:
168.am-ի այն հարցին, թե վերջին լարված օրերից հետո կարողանալո՞ւ եք լիարժեք վայելել տոնը, Կոնգրեսի ներկայացուցիչը պատասխանեց, որ յուրաքանչյուրը փորձելու է դա անել, բայց «ներքուստ հաղթահարելը մի փոքր դժվար կլինի»:
«Իսկ խռովքը գալիս է այսօրվա անելանելի վիճակից: Վաղը միգուցե մենք ելքը գտնենք: Այսօր երկիրն անելանելի վիճակում է, ժողովուրդն էլ՝ դեպրեսիա մեջ: Հետևաբար մեզանից ոչ մեկն առանձին չի կարողանում ուրախանալ: Այդ իրավիճակն ազդել է բոլորիս վրա: Հույս ունեմ` Նոր տարուց հետո Աստված ավելի բարեհաճ կլինի մեր երկրի նկատմամբ, իսկ մեր ժողովուրդն էլ ավելի վճռական և գիտակից կլինի»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Լյուդմիլա Սարգսյանն Ամանորը դիմավորել է տանը` ընտանիքի հետ: «Դա արդեն տրադիցիա է, որը մենք երբեք չենք խախտում»,- ասաց նա: