Որտե՞ղ է Օսկանյանի անձեռնմխելիությունը
Երբ այս տարվա հոկտեմբերին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանին էր ներկայացնում ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, ՀՀԿ-ականները դա որակում էին՝ որպես արդարադատության հաստատմանն ուղղված աննախադեպ քայլ, արդարությունն օր առաջ վերականգնելու ազնիվ մղում:
Բոլոր գնահատականները, որ Օսկանյանի անձեռնմխելիությունն իշխանությանն անհրաժեշտ էր ոչ թե իրավական, այլ քաղաքական պատճառներով, արժանանում էին երիտ ու ոչ այնքան երիտհանրապետականների հուժկու հակահարվածներին:
Իշխանությունն Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշումը, ըստ էության, հիմնավորում էր նրանով, որ ելնելով գործի կարևորությունից և հրատապությունից, անհրաժեշտ է, որպեսզի իրավապահ մարմիններն ավելի անկաշկանդ գործեն նախկին արտգործնախարարի հետ կատարվող քննչական գործողություններում: Այսինքն` եթե մի կողմ թողնենք իրավական ձևակերպումները, իշխանությունների փաստարկը հետևյալն էր. Օսկանյանը կասկածվում է լրջագույն հանցագործության մեջ, և պետք է օր առաջ բացահայտել այդ հանցագործությունը:
Վարդան Օսկանյանին ԱԺ-ն անձեռնմխելիությունից զրկեց հոկտեմբերի սկզբին: Դրանից անցել է շուրջ երեք ամիս: Բացի Օսկանյանին ու «Սիվիլիթասի» մի քանի աշխատակիցներին հարցաքննության հրավիրելը, որևէ գործնական քայլ չի կատարվել «փողերի լվացման» գործի բացահայտման ուղղությամբ: Դատելով ներկայիս քաղաքական զարգացումներից` ամենայն հավանականությամբ, դա էլի չի կատարվի, և կախված ընտրությունների ընթացքից ու հետընտրական գործընթացներից` Օսկանյանի նկատմամբ հարուցված գործը, թերևս, կկարճվի: Ինչ հիմնավորմամբ՝ կարևոր չէ:
Կարևորն այն է, որ Օսկանյանի գործը հերթական անգամ ու կատարելապես ապացուցեց, որ Հայաստանում արդարադատություն` որպես այդպիսին, գոյություն չունի, այն «իրականացվում» է՝ ըստ կոնյունկտուրային նպատակների և ըստ քաղաքական անհրաժեշտության: Արդարադատությունը ևս հաստատվում է կամ ոչ` ըստ քաղաքական նպատակահարմարության:
Բայց ամենավատն այն է, որ ընտրովի արդարադատությունը նորմալ է համարվում ոչմիայն իշխանության, այլ նաև ընդդիմության համար: Անգամ Վարդան Օսկանյանի ու նրա թիմակիցների: Օրինակ` Օսկանյանի կուսակցական ղեկավարը` Գագիկ Ծառուկյանը, այն ժամանակ, երբ դեռ գտնվում էր ակտիվ քաղաքականության մեջ, այս գործի առնչությամբ հայտարարել էր.
«Իմ հանձնարարությամբ գործն ուսումնասիրվել է լավագույն իրավաբանների կողմից, ովքեր հաստատել են Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը»: Այդ հայտարարությունը Ծառուկյանն արել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ հանդիպման ժամանակ ու ավելացրել, որ հետևողական է լինելու, որպեսզի գործն անաչառ քննություն ունենա, և կայացվի օբյեկտիվ որոշում:
Ու չնայած «լավագույն իրավաբանները» հաստատել էին «Վարդան Օսկանյանի դեմ ներկայացված բոլոր մեղադրանքների անհիմն լինելը», Գագիկ Ծառուկյանն այլևս հարկ չհամարեց անդրադառնալ իր կուսակցի նկատմամբ իրականացվող հետապնդմանը: Թերևս այն պատճառով, որ ով ով` բայց ինքը շատ լավ գիտեր, թե ինչ նպատակով են Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցել, և, որ դեպքում այն շարունակություն չի ստանա:
Ծառուկյանը չէր կարող չիմանալ, որ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկեցին, որպեսզի նա չառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Գագիկ Ծառուկյանն ապահովեց ոչ միայն Օսկանյանի, այլ նաև անձամբ իր չառաջադրումը ու երևի դրանով իր կուսակցի նկատմամբ պարտքը համարեց կատարված:
Դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն ընտրություններից հետո: Առնվազն չպետք է բացառել ԲՀԿ-ի` իշխանության հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը: Ու չպետք է բացառել նաև այն, որ հանուն այդ հնարավորության՝ թե՛ ԲՀԿ-ն, թե՛ Վարդան Օսկանյանը կարող են մոռանալ «փողերի լվացման» գործն ու բավարարվել արդեն իշխանական որևէ սեղանի շուրջ հնչեցվելիք՝ «Անցած լինի» կենացով: Իսկ պատգամավորական անձեռնմխելիության վերադարձն արդեն տեխնիկայի հարց է: