«Vertu ատրճանակից» մինչև «Դավայ, դավայ, յալլա». 2012-ի քաղաքական «բոցերը» (լուսանկարներ և տեսանյութեր)
Մեր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները տարվա ընթացքում բազմաթիվ ելույթներ են ունենում՝ տեղին և անտեղի, լուրջ և անլուրջ, տխուր և ծիծաղելի։ 168.am-ը փորձել է «ծաղկաքաղ» անել նրանց այն արտահայտություններից, որոնք տպավորվել են և դարձել բուռն քննարկման առարկա։
Իհարկե, բոլոր արտահայտությունները չենք հիշատակել, սակայն կարծում ենք այսքանն էլ բավական է՝ տարին ամփոփելու և ընթերցողի տրամադրությունը փոքր-ինչ բարձրացնելու համար (թեպետ, ինչ խոսք, որոշ արտահայտություններ միայն կարող են մտահոգել երկրի մասին մտածող քաղաքացիներին)։ Ինչևէ, փորձաք ժպտալ և այս ամենը թողնել 2012 անցնող թվականում։
Ավելացնենք, որ հերթականությունն ամենևին կապ չունի դրանց «պոպուլյարության» հետ։
Տարոն ջան, գեղեցիկ չէ – «Տարո՛ն ջան, ինքդ էլ ես տեսնում, որ սա այդքան էլ գեղեցիկ չէ»,- մայիսի 1-ին ասաց նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որից հետո պուրակի «բուծիկներն» ապամոնտաժվեցին։
Դերո, Տիգրան, ատկատներ… – Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերյան հայտնի խորհրդակցության ժամանակ խոսում էր «ատկատների» մասին և այնքան զայրացած էր, որ վարչապետին ու նախարարներին դիմում էր անուններով և դու-ով։
Լրիվ դու ոնց որ խառնում ես սաղ – Հենց այսպիսի արտահայտություն էին արել Ճանապարհային ոստիկանության երկու աշխատակիցներ վարորդի հասցեին , և այդ ամենի տեսագրությունը հայտնվել էր YouTube-ում։ Նրանք այժմ ազատված են աշխատանքից։
Աստված բոլորիդ հետ, չա չա չա – Այս արտահայտությամբ էր ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ավարտել լրագրողների հետ իր հանդիպումը այս տարվա հոկտեմբերին։
Բարև ձեզ, միլիցա-պեպելինիցաներ – Ըստ որոշ ԶԼՄ-ների, ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ոստիկանական ստորաբաժանումների ղեկավար ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման մեկնարկին Վլադիմիր Գասպարյանը հենց այսպես է դիմել ոստիկանններին։
Ջհանգիրյանը գծի մեջ ա… – Դեկտեմբերի 15-ին youtube-ում հայտնվեց մի ձայնագրություն, որում ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը ԲՀԿ անդամ Վարդան Օսկանյանի հետ զրույցում բացահայտում էր ՀԱԿ-ի ներքին խոհանոցը։ Կարճ ժամանակ անց տեսանյութը անհետացավ ցանցից։
Այդ մասին՝ հաջորդ դասին – Մինչև նախագահական ընտրություններում իր դիրքորոշման մասին պաշտոնական հայտարարություն անելը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բավականին հաճախ խուսափում էր այդ հարցից նշված արտահայտությամբ։
Ատրճանակ չէ, Vertu հեռախոս է… – Ապրիլի 13-ին YouTube-ում հայտնվեց մի հոլովակ՝ ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի՝ ընտրողների հետ հանդիպման մասին։ Դրանում երևում էր, որ Ծառուկյանը մեջքի ետևում ոսկեգույն ատրճանակ է պահում։ ԲՀԿ անդամները սկզբում պնդում էին, որ դա Vertu հեռախոս է, սակայն հետո, այնուամենայնիվ, խոստովանեցին, որ ատրճանակ է։
Ի դեմս Արթուր Բաղդասյանի՝ ՕԵԿ-ում կանայք շատ են – Այս տարվա ապրիլի սկզբին ՕԵԿ-ի կանանց միության 7-րդ համագումարում նման արտահայտություն էր արել Հեղինե Բիշարյանը։ Ճիշտ է՝ նա հետո նշեց, որ իր խոսքերն աղավաղել են, սակայն տեսանյութը դիտելով՝ կարող եք ինքներդ համոզվել դրանում։
Դավայ, դավայ, յալլա – Ամենաթարմ արտահայտություններից է։ Դեկտեմբերի 19-ին ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը սպառնացել էր իրենից հարցազրույց վերցնել ցանկացող «Ա1+» կայքի լրագրող Մհեր Արշակյանին՝ ասելով «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ»։
Ռոբերտ Քոչարյանի Սիմբան – «Ռոբերտ Քոչարյանն ունի ընդամենը մեկ շուն` «գոլդեն ռետրիվեր» ցեղատեսակի, Սիմբա անունով: Այդ շան բնավորության գլխավոր առանձնահատկությունն էլ այն է, որ երբեք դատարկ տեղը չի հաչում». 3 ամիս առաջ նման արտահայտություն էր արել նախկին նախագահ Ռ. Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Պաթոլոգիական ապուշներ – ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ ԿԲ որոշ պաշտոնյաների մասին, ովքեր հայտարարել էին, որ 2010 թվականի համաշխարհային իրադարձություններ դրական են ազդել Հայաստանի վրա։
Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից – «Հիվանդ տղա եմ, ի՞նչ եք ուզում ինձանից, թողեք հանգիստ ապրեմ… հա, հիվանդ եմ, չես հավատո՞ւմ, ներվերս են հիվանդ»,-ասել էր ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը լրագրողին։
Ընդմիշտ աներձագ – ԱԺ նորընտիր պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ԶԼՄ-ներից մեկի հետ հարցազրույցում անդրադառնալով, որ կուլիսներում իրեն անվանում են «պարոն աներձագ» (Ռ. Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է), ասել էր. «Աներձագը խնամիական կապ է: Ես միշտ լինելու եմ աներձագ, քանի որ կամ»։
Սա Հայաստանն է և վերջ – Այս խոսքերով ավարտեց նախագահ Սերժ Սարգյանն իր ելույթը ՀՀԿ 14-րդ համագումարում։ Արտահայտությունը (հատկապես դրա վերջին մասը) դարձավ սոցիալական ցանցերի հիթը։
Որպես բոնուս՝ նախորդ տարվանից
Բոլոր ոլորորորտներում… նախորդ տարվա սեպտեմբերին վարչապետ Տիգրան Սարգսյանը Թաթայի համերգի ժամանակ ելույթ ունեցավ, որը դիտելով՝ շատերը մտածեցին, թե նա ալկոհոլի ազդեցության տակ էր։Վարչապետը հետո պարզաբանեց, որ դա տեխնիկական խոտան էր։