Չեմ սպառնացել, զայրացել եմ. Մհեր Սեդրակյանը՝ լրագրողի ծնոտը պոկելու մասին (տեսանյութ)

Այսօր ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը սպառնացել է «Ա1+» կայքի լրագրող Մհեր Արշակյանին, ով փորձել է նրանից հարցազրույց վերցնել՝ ասելով. «Դավայ, դավայ, յալլա, կտամ ծնոտդ կպոկեմ»:

168.am-ը Մհեր Սեդրակյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ եք սպառնացել լրագրողին, ինչին ի պատասխան՝ նա ասաց.

«Դա սպառնալիք ո՞նց կարելի է համարել, ես ընդամենը զայրացա, երբ որ ես մարդու հետ կանգնած խոսում եմ, խոռով եկել կանգնել են դեմս, ապարատները պահել են վրես ու նկարում են: Ասում եմ՝ ընկեր ջան, ես մարդու հետ խոսում եմ, էդ ապարատները քաշեք մի կողմ:

Երկու անգամ զգուշացնելուց հետո տեսա, որ նույն դիրքով կանգնած մնացին, ես էլ զայրացա, մի երկու բառ ասեցի: Լրագրողները Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսումը դատապարտում են, մենք էլ էինք գաղտնի բան խոսում, ինչի՞ համար եք ձայնագրում կամ նկարում: Ի՞նչ է՝ ես չպե՞տք է դատապարտեմ ինձ իմ կամքին դեմ նկարելն ու ձայնագրելը: Ի՞նչ տարբերություն թաքուն գաղտնալսում են, թե բացահայտ կանգնած նկարում ու ձայնագրում են մարդկանց զրուցը:Մարդ ենք, կանգնած իրար հետ խոսում ենք, թե՞ իրավունք չունենք»:

Մեր դիտարկմանը՝ բայց դուք կարող էիք առանց վիրավորելու և սպառնալու ասել, որ չեք ուզում որ Ձեզ նկարահանեն կամ ձայնագրեն, Մհեր Սեդրակյանն այսպես արձագանքեց.

«Երկու անգամ հանգիստ զգուշացրեցի, տեսա նույն պոզայով կանգնած են, մի երկու- երեք րոպե խոսում եմ, անընդհատ զգուշացնում եմ, ասում եմ՝ գնացեք, էս մարդու հետ վերջացնեմ, հետո ձեր հետ կխոսեմ: Մի մարդ, ով մարդկային լեզու չի հասկանում, նա մա՞րդ է, նա մարդ կոչվելու իրավունք ունի՞»:

Հարցին, թե՝ խոսակցություններ կան, որ լրագրող Մհեր Արշակյանը կարող է դիմել էթիկայի հանձնաժողովին՝ համարելով որ Ձեր պահվածքում կա էթիկայի խախտումներ, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Եթե ուզում է՝ թող դիմի, քանի որ էթիկայի կանոններն ինքն է խախտել, ոչ թե ես: Էթիկայի կանոնները խախտելով՝ ինքն է ուզում իմ վրա բողոքել, ես էլ կարող եմ բողոքել, բայց ես բողոքող չեմ»:

 

Տեսանյութեր

Լրահոս