Չա-չա-չա. Վլադիմիր Գասպարյանը՝ լրագրողներին

«Ոստիկանությունը վերցրել է և գնում է այն ճանապարհով, որպեսզի տարիներ հետո, երբ մենք մեր համազգեստը հանենք, քաղաքացին տեսնի, որ այդ համազգեստի մեջ մարդ է եղել, այլ ոչ դատարկություն: Մենք մեր սկզբունքների մեջ չենք դավաճանում, գոնե ամեն ինչ անելու ենք՝ դա չանելու համար: Էլի սայթաքումներով ենք անելու, էլի մեր շարքերում լինելու են և՛ կաշառակերներ, և՛ բանսարկուներ, և՛ անարդար մադիկ, բայց դա պետք է շտկել,այլ ոչ չարախնդալ»,-այսօր Ծաղկաձորում տեղի ունեցած լրագրողների համաժողովին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։

Ոստիկանապետը խոստովանեց, որ ճանապարհին գալով մտածել է՝ ոստիկաններն ու լրագրողները շատ նման են միմյանց՝ մասնագիտական խորամանկություններով ու հմտություններով. «Մենք ունենք ոգևորվող ոստիկաններ: Մեկ-երկու ինֆորմացիա են ստանում, իրենց երևակայության մեջ արդեն միտումնավոր բացահայտում են, և իրենք արդեն չեմպիոն են»: Ոստիկանապետի ասելով՝ լրագրողը պետք է պայքարի ոչ թե ինչ-որ բանի դեմ, այլ աշխատի դա վերացնելու համար:  «Մեր հասարակության մեջ այս քսան տարիներին այնքան ենք պայքարել, որ տպավորություն է, որ մենք պայքարում ենք ամեն ինչում՝ պայքարում ենք շնչելուց, պայքարում ենք արտաշնչելուց, պայքարում ենք բարևելուց, պայքարում ենք լավն ասելուց, պայքարում ենք վատն ասելուց: Իսկ պայքարն, ինձ թվում է՝ իմիտացիա է, ձև է: Աշխատել է պետք»,- ասաց Վլ. Գասպարյանը՝ մանրամասնելով, որ, օրինակ, պայքարում են, որովհետև ոստիկանի հայացքը դուր չեկավ, աչքերի գույնը դուր չեկավ, կամ ծնվել է չորեքշաբթի օրը: Վ. Գասպարյանն այնուհետև շնորհավորելով լրագրողներին՝ ասաց, թե համոզված է, որ  ճնշող մեծամասնությունը ցանկանում է, որ մեր հասարակությունը լավ ապրի: «Դրա համար ես խնդրում եմ ձեր օգնությունը: Ինչ-որ մի սահման կա, և ինչքան էլ ցանկությունդ մեծ լինի, և ընտրած ճանապարհը ճիշտ լինի՝ ինչ-որ մի տեղ կա, որ գալիս-կանգնում ես: Դրա համար էլ նոր սնունդ, նոր ուժ է պետք, նոր իմպուլս է պետք, որպեսզի նորը անել: Ես խնդրում եմ ձեզ, որ խթան հանդիսանաք՝ նորը տաք մեզ»,- նկատեց ոստիկանապետը՝ ընդգծելով.  «Երևելի և աներևելի անարդարության մեջ՝ փորձել լինել արդար, մեղավորների մեջ փորձել լինել անմեղ: Եվ կարծում եմ՝ այդ պարագաներում Տիրոջ օրհնությունը կստանաք և խաղաղ կապրեք: Իսկ ամենամեծ ձեռքբերումը մարդու համար իր  հոգու խաղաղությունն է»: Իր մաղթանքներն ասելուց հետո՝ ոստիկանապետն ավելացրեց՝ «Աստված բոլորիդ հետ… չա-չա-չա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս