Կանայք դժվար կբաժանվեն Ծառուկյանից. Ա. Ադիբեկյան
Ըստ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի որոշումը՝ փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում չառաջադրվել ու չսատարել որևէ թեկնածուին, բացասական է գնահատվել կամ սխալ քայլ ընկալվել հարցվածների 33.6 տոկոսի կողմից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Գ. Ծառուկյանի որոշումը, համաձայն հարցման, դրական կամ ճիշտ քայլ է գնահատել 25.6 տոկոսը, չեզոք՝ 13 տոկոսը, իսկ որոշումը քաղաքական խաղ է համարել 3.9 տոկոսը:
Ադիբկյանը նշեց, որ Գ. Ծառուկյանի չառաջադրման դեպքում ընտրողների ձայների 3.3 տոկոսը կանցներ Ռոբերտ Քոչարյանին, 3.2 տոկոսը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին, 0.5 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 1 տոկոսը՝ ՀՅԴ-ին: Բայց քանի որ Ռ. Քոչարյանը այդպես էլ չառաջադրվեց, իսկ ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հրաժարվեցին առհասարակ մասնակցել ընտրություններին, Ադիբեկյանը հայտնեց, որ այս դեպքում դեռևս կանխատեսելի չէ, թե ո՞ւմ կգնան այդ 8 տոկոս ձայները:
Ըստ հարցման տվյալների՝ այս պահի դրությամբ ԲՀԿ էլեկտորատի 2.2 տոկոսը չի մասնակցելու նախագահական ընտրություններին, 1.6 տոկոսը ցանկություն ունի իր ձայնը տալ միասնական թեկնածուին, 0.2 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանյանի, Ռոբերտ Քոչարյանին իր ձայնը պատրաստ է տալ 0.2 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանին՝ 0.2 տոկոսը, իսկ դժվարացել են իրենց ձայնն այս պահին հստակեցնել հարցվածների 21.8 տոկոսը:
Ադիբեկյանը նշեց նաև, որ քանի որ ԲՀԿ առաջնորդը կոնկրետ հայտարարությամբ չի ուղորդել իր ընտրողներին, նրա 30 տոկոսանոց ընտրազանգվածի 20 տոկոս իշխանամետ հատվածը որոշ կողմնորոշվածություն ստացել է, իսկ 10 տոկոս ընդդիմադիր հատվածը խուճապի մեջ է:
Բայց այն, որ ընտրողների ակտիվությունը 2013 թվականի նախագահական ընտրություններում միանշանակ կնվազի, և գործող նախագահը հեշտությամբ կվերընտրվի, սոցիոլոգը չի կասկածում: «Ծառուկյանի ընտրողները հիմնականում միջնակարգ կրթության մակարդակ ունեցողներ անձինք են ու կանայք: Իսկ հայ կինը, որը բաժանվում է, երրորդ անգամ չի ամուսնանում: Դրա համար կանայք դժվար կբաժանվեն Ծառուկյանից ու կնախընտեն մնալ տանը»,- եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը:
Նշենք, որ հարցումն անցկացվել է 2012թ. դեկտեմբերին հանրապետության 1400 բնակիչների շրջանում, համաչափ՝ ըստ մարզերի, քաղաքաբնակ-գյուղաբնակ, սեռա-տարիքային և կրթական խմբերի: