Պ. Մակեյանը՝ Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի մասին. «Դասախոսություն կարդաց, դե մենք էլ լսեցինք»
«Այդ հարցը Տեր-Պետրոսյանին է հասցեագրված, բայց կարելի է ենթադրել. ենթադրություններս էլ չեմ ուզում հրապարակել»,- aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով շաբաթ օրը ՀՀՇ համագումարում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի՝ արևմտամետների և ռուսամետների քարոզչության դասակարգումներին, ասել է ՀԱԿ անդամ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:
Հարցին՝ արդյոք այդ առիթով ասվածը վերաբերվո՞ւմ էր ՀԱԿ-ից հեռացած այն մարդկանց, ովքեր վերջին շրջանում քննադատում են առաջին նախագահին, մասնավորաբար՝ Դավիթ Շահնազարյանին, Արամ Սարգսյանին, ովքեր մշտապես խոսել են «Հայաստանի պորտալարը Ռուսաստանից կտրելու» համատեքստում, Պետրոս Մակեյանը պատասխանել է.
«Չի բացառվում: Ասացի, ինքս ենթադրում եւ տրամաբանում եմ, թե ում է հասցեագրված, բայց հիմնականում ենթադրության շրջանակում է և չեմ ցանկանում հրապարակել»:
Պետրոս Մակեյանի խոսքով՝ ինքը Տեր-Պետրոսյանի ելույթից այսպիսի տպավորություն է ստացել. «Ինքը լավ բնութագրեց. ասաց՝ դասախոսություն կարդացի, դե մենք էլ լսեցինք»:
Այն, որ ՀՀՇ համագումարին չէին մասնակցում ՀԱԿ-ի առանցքային դեմքերը, ինչպիսիք Նիկոլ Փաշինյանն է, Տեր-Պետրոսյանի մտերիմ շրջապատից Սասուն Միքայելյանը, արդյո՞ք վկայությունն է նրա, որ ՀԱԿ-ը վերջնական տրոհման փուլում է՝ հարցին Մակեյանը պատասխանել է.
«Գնահատականը շատ խիստ է, բայց մասնակցել-չմասնակցելով չի կարելի նման որակումներ տալ: Ես իրենց մեկնաբանությունները չեմ լսել, բայց դրանից ենթադրել, որ ՀԱԿ-ը տրոհվում է՝ ճիշտ չէ: Իսկ որ ՀԱԿ-ում խնդիրներ կան, ես բազմաթիվ անգամներ եմ ասել»:
Ստեղծված իրավիճակում ի՞նչ կտա առաջին նախագահի առաջադրումը, հնարավո՞ր է այժմ իշխանափոխության հասնել: Մակեյանը լավատես է. «Եթե առաջադրվում է, լուրջ հայտ է ներկայացվում, հանրությանը մեսիջներ են տրվում, այդ դեպքում, ես կարծում եմ հնարավոր է հաղթանակով հարցը լուծել: Այն, ինչը որ չկատարվեց 2008-ին, հնարավոր է հիմա անել»:
Այսօր կայացած համագումարում «Ազատություն» կուսակցությունը պաշտոնապես առաջադրեց կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունն ՝ առաջիկա նախագահական ընտրություններում. որքանո՞վ է հնարավոր լիբերալ գաղափարախոսությամբ ուժերի համախմբումը նրա թեկնածության շուրջ՝ aravot.am-ի հարցին, Մակեյանը պատասխանել է. «Մեր կուսակցությունը վարչախմբի դեմ 15 տարվա պայքարի ճանապարհ և դառը փորձ ունի. մենք ուզում ենք, որ պայքարն ավարտվի իշխանափոխությամբ: Իսկ հենց այնպես մասնակցել նախագահական ընտրություններին, մեր կուսակցությունն այդ տարբերակին համամիտ չէ»: